
Լուսանցագրություն. հայրենասիրության մասին
Հայրենասիրության մասին
Ձիապանը լավ Հայոց պատմություն գիտեր եւ սարերի միակ մարդն էր, որ զգում էր իր հայությունը: Մյուսները գիտեին, որ իրենք գառնարած, հորթարած են, հնձվոր, կթվոր, խուզվոր են, որ ցրտերի հետ իջնում են ձորը՝ Ծմակուտ, շոգի առջեւից զովի հետ դուրս են գալու սարերը: Հրանտ Մաթեւոսյան, «Մեսրոպ»
«Հետքի» համար նորից պարբերաբար գրելու առաջարկն ընդունելուց հետո բավական ժամանակ չէի կարողանում սկսել, եւ ահա առիթ դարձավ «Ուտոպիանա» կազմակերպության «Հայաստանյան հասարակության արդի գործընթացների մեկնաբանություն» նախագծի շրջանակում ինձ հետ հարցազրույցի համար պարզաբանումներ անելու ցանկությունս: Ուստի, իմ առաջին գրությունները (լուսանցագրերը) այս կամ այն չափով կվերաբերեն հարցազրույցի թեմային՝ «ազգայնականություն, իշխանություն եւ մեդիա»:
Համաձայն եմ, որ խոսքի համատեքստից հանված արտահայտությունը՝ «գյուղացի մարդը հայրենասեր չի», կարող է թվալ անհասկանալի կամ նույնիսկ վիրավորական (ահա այս կապակցությամբ դիտողներից մեկի արած մեկնաբանությունը. «տո այ Հրաչ Բայադյան, դու ո՞վ դառար, որ գյուղացիների մասին այդպես խոսես» - MrGkHarutyunyan): Ու թեեւ կարծում եմ, որ այդ պնդումին հաջորդող իմ բացատրությունը բավարար էր ասածս հասկանալի դարձնելու համար, հիմա կփորձեմ ավելի լավ պարզաբանել:
Ի՞նչ հիմքեր ունեմ այդպես խոսելու համար, եթե փորձեմ հարցն ավելի մեղմ ձեւակերպել: Ես ծնվել եւ մեծացել եմ գյուղում, ծնողներս հիմա էլ ապրում են գյուղում: Մինչեւ վերջերս երկար տարիներ մասնակցել եմ գյուղի ամառային աշխատանքներին, հնձել եմ (հրավիրում եմ հարգելի Հարությունյանին եկող տարի միասին հունձ անելու, եթե երբեւէ ձեռքը գերանդի վերցրած կա, իհարկե): Այսինքն՝ գյուղի եւ գյուղացու մասին իմ գիտելիքները հիմնված են ոչ պաշտոնական տեղեկատվության, ոչ էլ հեռուստատեսային ռեպորտաժների, այլ անձնական փորձառության վրա: Բացի դրանից՝ ծանոթ եմ հայ գրականությանը, որը հասկանալի պատճառներով հիմնականում գյուղի, գյուղացիության մասին է: Սա ինձ թույլ է տալիս խոսել գյուղացու մասին:
Երկրորդ՝ այդ միտքը վերաբերում է ընդհանրապես գյուղացուն, եւ այդ իմաստով հայ գյուղացին բացառություն չէ: Ազգի եւ ազգայնականության ուսումնասիրություններում «գյուղացու ազգայնացումը»՝ որպես հասարակության ազգայնացման ընթացքի մի մաս, լավ ծանոթ հարց է: Էտյեն Բալիբարը, օրինակ, նկատում է, որ ֆրանսիացի գյուղացին վերջնականապես «ազգայնացվեց» միայն այն ժամանակ, երբ որպես բնակչության մեծ մասը կազմող դասակարգ՝ արդեն անհետացման եզրին էր: Ուրիշները կպնդեն, որ նույնիսկ խորհրդային ժողովուրդների ռուսականացման լայնածավալ ջանքերի տարիներին ռուս գյուղացին՝ մուժիկը, այդպես էլ մնաց եւ այսօր էլ մնում է չազգայնացված:
Բնակչության ազգայնացումը կատարվում է, ի թիվս այլ բաների, համընդհանուր դպրոցական կրթության, պարտադիր զինվորական ծառայության, աշխատուժի ազատ տեղաշարժի, միասնական ավանդույթների, տոների ու ծեսերի արմատացման եւ, իհարկե, հայրենասիրական գաղափարաբանության մշակման ու տարածման միջոցով: Ուրեմն, խոսքը հայրենասիրության՝ որպես գաղափարաբանության մասին է: Այսօր տարբեր առիթներով հնչող պնդումը, թե դպրոցը պետք է պատրաստի «հայրենասեր քաղաքացիներ», հենց այդ է ասում: Ե՞րբ է գյուղացին դառնում «հայրենասեր քաղաքացի». երբ դառնում է որոշակի գաղափարաբանության, որոշակի գիտակցության կրողը: Իսկ երբ դառնում է, շարունակո՞ւմ է մնալ գյուղացի:
Պատմությանը հայտնի են ժողովրդից կարճ ժամանակում հայրենասերների բանակ կռելու փորձեր: Փայլուն օրինակ է ֆաշիստական Գերմանիան, որտեղ մեծ արագությամբ ազգայնացվեցին ոչ միայն գյուղացիները, այլեւ կանայք: Նոր թյուրիմացությունից խուսափելու համար պարզաբանեմ. հայրենասիրական գաղափարաբանությունը՝ որպես ազգայնականության արտահայտություն, որպես կանոն, կառուցվում է հայրիշխանության (պատրիարխալության) սկզբունքի վրա, որը կնոջ համար նախատեսում է ուրիշ, պակաս պաթետիկ դեր, թերեւս ուրիշ տեսակի հայրենասիրություն: (Փակագծերում նկատենք, որ երկու հասկացությունն էլ՝ «հայրենասիրություն» եւ «հայրիշխանություն», կազմված է «հայր» բառից:) Այս բանն արվել է քարոզչության վիթխարի մեքենայի օգնությամբ, որն էլ ավելի ազդեցիկ է դառնում, երբ ուղեկցվում է բռնությամբ՝ իրական կամ հնարավոր:
Ուրեմն, հայրենասիրությունը բնավ էլ «բնական» եւ անմեղ բան չէ, եթե նույնիսկ այդպես ներկայացվում եւ ընկալվում է: Այն գաղափարաբանություն է՝ թերեւս անհրաժեշտ ցանկացած ժողովրդի, յուրաքանչյուր ազգ-պետության համար: Այն կարող է մարդու մեջ սերմանել պատկանելության եւ պատասխանատվության կարեւոր զգացումները, օգնել հանրությանը հասնելու այդքան բաղձալի միասնականության ու համերաշխության: Բայց մյուս կողմից՝ այն անխուսափելիորեն կառուցվում է ներքին տարբերակման եւ խտրականության զանազան ձեւերի, հասարակության հիերարխիական կառուցվածքի եւ հաճախ այլատյացության վրա եւ ամենագռեհիկ ձեւերով ծառայեցվում օրվա իշխանության շահերին:
Ասվածը թույլ է տալիս պնդել (հիշենք նաեւ, թե ինչ է գրել Հ. Թումանյանը իր ժամանակի հայ գյուղացու մասին), որ հայ գյուղացու ազգայնացման մասին կարելի է խոսել միայն խորհրդային շրջանից սկսած՝ դրանից բխող բոլոր երկիմաստություններով հանդերձ: Երբ «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարի գյուղացի հերոսն արտաբերում է շատերի կողմից սիրված արտահայտությունը՝ «կարեւորը մենք ենք ու Ամերիկան», ինչպես հասկանում եք, «մենք»-ը բնավ էլ հայ ժողովրդին չի վերաբերում: Իսկ այսօր, սոցիալական ծայրահեղ անհավասարության, աղաղակող անարդարության, զանգվածային արտագնա աշխատանքի եւ արտագաղթի, ինչպես նաեւ վաղուց իր դարն ապրած պաշտոնական ազգայնական պոպուլիզմի պայմաններում, ի՞նչ կարելի է ասել գյուղացու եւ առհասարակ հայաստանցու հայրենասիրության մասին:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել