
2024-ին ինքնասպանությունները նվազել են, փորձերը՝ շատացել
2024 թվականին Հայաստանում ինքնասպանությունները և ինքնասպանության փորձերը միասին նախորդ տարվա նկատմամբ աճել են 31%-ով՝ դառնալով 853, որոնց մեծ մասը՝ 674-ը, եղել է փորձ։
Չնայած ընդհանուր թվի աճին, նախորդ տարի 2023-ի նկատմամբ ինքնասպանությունները նվազել են 19 դեպքով՝ 198-ից դառնալով 179, ընդ որում՝ նվազման տենդենց գրանցվել է և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ։
Կանանց ինքնասպանությունները նվազել են 3-ով՝ կազմելով 44 դեպք, տղամարդկանց դեպքում նվազել են 16-ով՝ կազմելով 135 դեպք։
Ինքնասպանության հետևանքով ամենաշատը մահացել են 30-65 տարեկան մարդիկ՝ 117 մարդ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է մեկով։ Երկրորդ ցուցանիշով 65+ տարիքի անձինք են՝ 38 դեպք, ինչը 10-ով պակաս է 2023-ի ցուցանիշից։
Ինքնասպանության թվի նվազմանը զուգահեռ մոտ 50%-ով ավելացել են ինքնասպանության փորձերը՝ 451-ից դառնալով 674։ Կանանց դեպքում 2024-ին փորձերն աճել են 11,5%-ով, մինչդեռ տղամարդկանց պարագայում՝ 60%-ով։ Ըստ վիճակագրական տվյալների՝ նախորդ տարի տղամարդիկ 2,4 անգամ ավելի շատ փորձ են կատարել, քան կանայք։
Ինքնասպանությունները կամ ինքնասպանության փորձերը թեև կարող են ունենալ բազմաթիվ պատճառներ, սակայն որևէ մեկը չի կարող ճշգրիտ ասել, թե որն է եղել ինքնասպանության պատճառը, քանի որ այն տեղի է ունենում մի քանի գործոնների համակցմամբ։ Մասնագետները խորհուրդ են տալիս այն մարդկանց, ովքեր ինքնասպանության մասին մտքեր են ունենում, անպայման խոսել դրանց մասին մտերիմ որևէ մեկի հետ կամ դիմել մասնագետի օգնությանը։ Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ինքնավնասում կատարած մարդկանց մեծ մասը ինքնասպանություն գործելու միտք չի ունեցել։
Մեկնաբանել