
ԶՊՄԿ-ում 11 օր տեւած գործադուլն ավարտվեց․ ի՞նչ երաշխիքներ ստացան գործադուլի մասնակիցները
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գործադուլի մասնակիցները դադարեցնում են բողոքի ակցիան։ Երեկ գործադուլի 11-րդ օրն էր։ Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ԶՊՄԿ-ի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ էին հայտարարել՝ վերադասից պահանջելով աշխատավարձերի բարձրացում եւ սոցիալական արդարության հաստատում։
Երեկ կեսօրին բանակցություններ էին սկսվել կոմբինատի ղեկավարության հետ, որոնց մասնակցում էին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահն ու տեղակալները։
Գործադուլի մասնակիցներից Վահե Մխիթարյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել իրենց բարձրացրած հարցերի կարգավորման շուրջ։ Դրանք են՝ աշխատավարձերի համահարթեցման սկզբունքների խախտում, աշխատավորների ապահովագրական համակարգի ոչ պատշաճ գործարկում, աշխատանքի տեխնիկական պայմաննների անհամապատասխանություն եւ որոշ արտադրամասերում ասպիրացիայի նորմերի խախտում, տնօրինության եւ աշխատավորների միջեւ հաղորդակցության սահմանված կարգի խզում։
«Եկել ենք այն եզրահանգման, առաջնորդվելով պետական շահով, սոցիալական գործընկերության սկզբունքով եւ դրսեւորելով կառուցողական մոտեցում, որոշում ենք կայացրել վերագործարկել ԶՊՄԿ-ի աշխատանքային ռեժիմը։ Մեր գործընկերներին աշխատանքից ազատելու հրամանների իրավաչափությունը քննարկելու ենք վերադասության սկզբունքով եւ անհրաժեշտության դեպքում դատական կարգով»,- ասել է Վահե Մխիթարյանը։
Այսօր «Հետքի» հետ զրույցում Մխիթարյանը նշել է, որ ԶՊՄԿ-ն, ինչպես ասել է, հետեւողական է լինելու եւ աշխատավարձային ֆոնդը վերաբաշխելու է սոցիալական արդարության սկզբունքով, խոստացել է բաց հարթակ ստեղծել, ինչպես նաեւ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հետապնդումներ եւ պատժիչ գործողություններ չկիրառել:
Մեր հարցին, թե ինչ է սպասվում այն 8 աշխատակիցներին, որոնք օրերս հեռացվել են աշխատանքից, եւ որոնց թվում է նաեւ Վահե Մխիթարյանը, վերջինս պատասխանել է․ «Դեռ նորություն չկա, այս ամեն ինչը հանդարտվի, կապի մեջ ենք մեր գործընկերների հետ։ Սա մեկանգամյա ակցիա չէ, կարելի է ասել՝ կորպորատիվ մշակույթը մեկ սանդղակ բարձրացնելն է, եւ շարունակելու ենք այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ տանել։ Ցանկալի է, որ մարդիկ վերադառնան իրենց աշխատանքին, քանի որ բոլորիս էլ պարզ է, որ անկախ հիմնավորումից, թե ինչու են ազատվել, մարդիկ ազատվել են իրենց իրավունքները բարձրաձայնելու պատճառով»։
Հիշեցնենք, որ գործադուլի մի քանի մասնակիցներ օրերս հրավիրվել էին Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն քրեական վարույթի շրջանակներում։ Վահե Մխիթարյանը «Հետքին» փոխանցել է, որ վարույթը նախաձեռնվել է ինքնիրավչության հոդվածի հատկանիշներով:
Հարցին, թե արդյոք գործադուլավորները պայմանավորվածությունների կատարման գրավոր երաշխիքներ են պահանջել ԶՊՄԿ-ից, «Հետքի» զրուցակիցը նշել է, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն ու Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահն իր տեղակալներով արդեն երաշխիք են։ Մխիթարյանն այնուհետ հավելել է․ «Մեր միակ երաշխքիը մեր միասնականությունն է եւ հետեւողական լինելը բոլոր բարձաձայնված խնդիրներին՝ արժանապատիվ լուծում տալու համար։ Դա է մեր գործիքը, որը ուժեղացնելու ենք։ Սա մեկանգամյա ակցիա չէր։ Խնդիրները բազմազան են, պետությունը պատրաստակամ է, եւ հիմա սպասելու ենք աշխատանքի տեսչության ե՛ւ արձագանքին, ե՛ւ այցին»։
Այսօր ԶՊՄԿ-ի լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ կոմբինատում 11 օր տեւած ճգնաժամը բնական ու հանդարտ լուծում է ստացել, եւ որ ընկերության PR թիմն աշխատել է արտակարգ ռեժիմով ու 101 տոկոս արդյունավետությամբ. «Ինչպե՞ս լուծվեց խնդիրը։ Անկեղծությամբ։ Առաջին րոպեից մենք եղել ենք անկեղծ, չենք ստել, չենք չափազանցրել, չենք թաքցրել, չենք մոլորեցրել։ Անհատական ու առանձին աշխատել ենք բոլոր լրագրողների, բոլոր լրատվամիջոցների հետ։ Բարդ խնդիրը պարզ բացատրել ենք լրագրողներին, ինֆլուենսերներին, աշխատակիցներին, անծանոթ մարդկանց»։
Մեկնաբանել