
ԵՄ-ն 200 մլրդ եվրո կներդնի արհեստական բանականության զարգացման համար
Եվրոպական միությունը արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում 200 միլիարդ եվրոյի ներդրում կկատարի՝ նոր մարտահրավեր նետելով առաջատար դիրքերում գտնվող ԱՄՆ-ին և Չինաստանին:
Այս մասին այսօր Փարիզում ընթացող Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ներկայացնելով InvestAI նախաձեռնությունը:
«ԱԲ-ն կբարելավի մեր առողջապահությունը, կխթանի մեր հետազոտություններն ու նորարարությունները և կմեծացնի մեր մրցունակությունը: Մենք ցանկանում ենք, որ ԱԲ-ն բարիքի և աճի շարժիչ ուժ դառնա»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:
InvestAI հիմնադրամը ԵՄ-ում չորս ԱԲ գիգագործարան կֆինանսավորի, որոնք կմասնագիտանան առավել բարդ, շատ մեծ ԱԲ մոդելների ուսուցման մեջ: Եվրոպական հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն՝ գիգագործարանները կունենան մոտ 100 հազար վերջին սերնդի չիպեր, ինչը մոտ չորս անգամ ավելի շատ է, քան ներկայում գործող ԱԲ գործարաններում:
Ֆոն դեր Լայենը ընդգծել է, որ ԵՄ-ն հավակնում է դառնալ ԱԲ-ի առաջատար մայրցամաքներից մեկը՝ հակադարձելով այն կարծիքին, թե Եվրոպան ուշացել է այս պայքարում:
«Արհեստական բանականության մրցավազքը դեռևս ավարտված չէ»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ առաջիկա տարիներին Ֆրանսիայում ԱԲ-ի զարգացման համար կուղղվի 109 միլիարդ եվրո։ Ըստ նրա՝ այս նախաձեռնությունը համարժեք է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 500 միլիարդ դոլար արժողությամբ Stargate նախագծին:
Լուսանկարը՝ AP-ի
Մեկնաբանել