HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գիտության ամենակարեւոր հարցերը լուծվում են հումանիտար եւ հասարակական գիտությունների ոլորտում»

Փետրվարի 14-15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Գիտուժ» նախաձեռնության համաժողովը, որի թեման էր՝ «Գիտություն եւ տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին»: Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս համաժողովը պանելային թեմատիկ քննարկումների ձեւաչափով էր:

Դրանցից մեկը նվիրված էր հումանիտար եւ հասարակական գիտությունների ոլորտում տարվող քաղաքականությանը: Քննարկումը վարում էր «Բուն TV»-ի հիմնադիր Գեմաֆին Գասպարյանը:

Քննարկման առանցքում հումանիտար եւ հասարակական գիտությունների դերն էր հանրային կյանքում, ինքնության եւ գիտական լեզվի մերօրյա քաղաքականությունը: Առանձնացրել ենք բանախոսների որոշ դիտարկումներ:

«Միտում կա հումանիտար եւ հասարակական գիտությունների ճյուղը ստորադասել բնական եւ ճշգրիտ գիտություններին»

ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանի կարծիքով՝ այսօր միտում կա հումանիտար եւ հասարակական գիտությունների ճյուղը ստորադասել բնական եւ ճշգրիտ գիտություններին: Ըստ բանախոսի՝ տպավորություն է, թե գիտությունը միայն ճշգրիտ եւ բնական գիտություններն են, որոնք կարեւոր են հասարակության առաջ ծառացած խնդիրների լուծման համար, բացի դրանից՝ այդպիսի պարզունակ մտայնություն է ստեղծվել նաեւ կառավարող էլիտաների՝ գիտության մասին սխալ պատկերացումների հետեւանքով: Օրինակ՝ պատկերացում են ստեղծել, թե գիտության խնդիրներից է դրոն կամ պաշտպանական, անվտանգային տեխնոլոգիաներ ստեղծելը: Թադեւոսյանը նկատում է, որ դա հասկանալի է, քանի որ այսօր Հայաստանը հայտնվել է կրիտիկական վիճակում, եւ խնդիրը սրվել է, սակայն դա նույնիսկ բնական եւ ճշգրիտ գիտությունների խնդիրը չէ: Գիտության կիրառելիության մասին պատկերացումները, ըստ նրա, սահմանափակում են գիտության առաքելությունն ու կարեւորությունը հասարակության կյանքում:

«Գիտության ամենակարեւոր հարցերը լուծվում են հենց հումանիտար եւ հասարակական գիտությունների ոլորտում, որովհետեւ այս գիտություններն են, որ ձեւակերպում են, թե տվյալ հասարակության կյանքում որոնք են ընդհանրապես նպատակները, ստրատեգիաները, իմաստը: Ինստիտուտների դերը գիտական դիսկուրսն ապահովելն է, իմաստի փնտրտուքն է՝ ո՞րն է մեր կյանքի իմաստը, ինչի՞ համար ենք ապրում՝ որպես հասարակություն, ո՞նց ենք փորձում ընդհանրապես իմաստավորել մեր պետությունը»,- նշում է Ա. Թադեւոսյանը: Եվ հենց այս դեպքում է, որ ճշգրիտ եւ բնական գիտությունները, ըստ նրա, ստանում են իրենց գործառույթը, քանի որ հումանիտար եւ հասարակական գիտություններն են բնութագրում դրանց տեղը հասարակական խնդիրների մեջ:

Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) մոտեցումը, որ գիտականությունը կապում է միջազգային ամսագրերում տպագրության հետ, ըստ բանախոսի, փոքր-ինչ պարզունակ է: Տպագրությունը կարեւոր է, ասում է Թադեւոսյանը, բայց երբ գիտականության չափանիշը սահմանափակում ենք, արհամարհում ենք գիտնականների կոմպետենտության աստիճանը, դա խնդիր է: Նրա ասելով՝ հասկանալի է, որ հումանիտար եւ հասարակական գիտությունների ոլորտում խորհրդային ժամանակաշրջանից եկած գիտնականներ կան, որոնք գիտությունը նույնականացնում են հայրենասիրության հետ, իսկ հայրենասիրությունը միֆոլոգիական լեզվով են փորձում իրացնել: Սա խնդիր է, որը պետք է հասկանալ, եւ փորձել լուծում գտնել:

«Այսօր երկու գիրք նվիրեցի Սուրենին (նկատի ունի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանին, որը եւս համաժողովի բանախոսներից էր - հեղ.): Գրքերից մեկը կոչվում է «Պատերազմը մասնակիցների պատմություններում», մյուսը քրեական խոսվածքի բացատրական բառարան է: Կարող է թվալ, թե խնդիրը մի քիչ ֆոլկլորային է, բայց չափազանց կիրառելիություն ունի երիտասարդության այսօրվա հարաբերություններում, այդ թվում՝ բանակային կյանքում, քանի որ քրեական մշակույթը քայքայում է մեր երիտասարդությունը եւ ընդհանրապես մեր հասարակությունը: Անգլերեն էլ տպեցի, բայց կարծում եմ՝ իմ արած աշխատանքի առաքելությունը ոչ թե այս խնդրի մասին անգլերեն հոդված տպելն է, այլ այս գիրքը հայերեն տպելը, որովհետեւ պետք է խոսել խնդրի մասին, եւ մեր հասարակությունը պետք է դառնա սրա սպառողը»,- գիտական լեզվի քաղաքականությանն անդրադառնալով՝ բացատրում է Աղասի Թադեւոսյանը:

Բանախոսի հաջորդ դիտարկումը ԳԱԱ ինստիտուտների եւ համալսարանների միավորմանն էր վերաբերում: Ասում է՝ երբ խոսում ենք ինստիտուտների մասին, պետք է հասկանալ, թե ինչ բովանդակություն ենք ուզում ստեղծել, որն է առաքելությունը, դրանից հետո նոր մտածել ինստիտուտները բուհերին միավորելու մասին: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի օրինակն է նշում՝ որպես արդյունավետ աշխատող եւ հզոր կառույց՝ ի տարբերություն ԵՊՀ նույն ամբիոնի: Գիտնականի խոսքով՝ հիմարություն է ինստիտուտը ամբիոնին միացնելը: Թադեւոսյանի համոզմամբ՝ ատեստավորմամբ, գլխատող համակարգ ստեղծելով, կպակասեցնեն գիտնականների թիվը, որպեսզի ինստիտուտներում 10-15 հոգի մնա, ապա նրանց կմիացնեն համալսարանների ամբիոններին: Դրանով թեման կփակեն:

«Այստեղ կարեւորում եմ գիտական հանրության ըմբոստությունը եւ ինստիտուտներին պաշտպանելը, բայց միեւնույն ժամանակ, որպեսզի գիտական հանրությունը կարողանա ըմբոստանալ, պետք է ապահովի իր կոմպետենտության աստիճանի բարձրացումը, պետք է մտածի՝ ո՞նց անեմ, որ այ էդ միֆոլոգիական հայրենասիրությունը փոխարինեմ գիտությամբ, հատկապես՝ հումանիտար եւ հասարակական գիտություններում: Դրա համար եմ ասում՝ տերը գիտնականներն են, իրենք պետք է նստեն, մտածեն եւ լուծում տան ԲԿԳԿ-ին, այլ ոչ թե կոմիտեն որոշի իրենց փոխարեն»,- ասում է բանախոսը:

«Կուզեի, որ մենք հավակնեինք միտք արտադրելուն»

ԵՊՀ «Հանրային գործընթացների հոգեբանական ուսումնասիրություններ» գիտական խմբի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Մանուսյանը խոսեց ինքնության քաղաքականության մասին՝ նկատելով, որ այն ընդգրկուն թեմա է:

«Եթե ինքնությունն էդքան առանցքային է, կարեւոր, ինչո՞ւ ենք անընդհատ վախենում կորցնել այն, ինչո՞ւ ենք առանձնացնում որպես մի բան, որի հետ որպես օբյեկտ պետք է վարվենք»,- նկատում է բանախոսը՝ հավելելով, որ ինքնությունը մի բան է, որը շարունակաբար զարգանում է, ինչպես ցանկացած բարդ համակարգ, իմաստային ֆենոմեն: Ասում է՝ կուզեր, որ այն դառնար մի բան, որն ուղղակի կամ անուղղակի շահում է մեր միտք արտադրելու պրոցեսից, քանի որ հակառակ դեպքում տուժում է միտք արտադրելու ձախողումից:

«Մենք չենք արտադրում միտք, տեսություն, տեսական միտք, որով կնայենք հարցերին: Գուցե ինչ-որ անկյուններում, առանձին բնագավառների մակարդակներում դա արվում է: Կուզեի, որ մենք հավակնեինք միտք արտադրելուն եւ դա դիտարկենք որպես երկարաժամկետ, անշտապ, բայց պատասխանատու բան»,- նշում է Մանուսյանը:

Ըստ նրա՝ քաղաքականությունների այսօրվա խնդիրը ոչ թե այն է, որ ինքնությունը չենք պահպանում, այլ որ շարունակում են վերարտադրվել պարզ համակարգեր:

Հոգեբանն անդրադառնում է ինքնության մի ռիտուալի, որը տարածված է մանկապարտեզներում. ասում է՝ հունվարի 28-ին երեխաներին զինվորի հագուստ են հագցնում, ապա գրում, թե ինչ գեղեցիկ են մեր երեխաները, Աստված բոլորիս խաղաղություն տա: Հարցնում է՝ ինչպե՞ս է ծնողը 4 տարեկան երեխային զինվորական հագուստ հագցնում, երբ այն պատերազմի մասին է, զինվորական հագուստը արյունոտվում է: Մանուսյանը չի մեղադրում ծնողին, քանի որ վերջինս դա անում է որպես ռիտուալ, փոխարենը, ըստ հոգեբանի, որեւէ միտք չի արտադրվել այնքան լավ, այնքան բազմաշերտ, որ գնա, հասնի այդ ծնողին:   

Սոնա Մանուսյանը ցանկանում է, որ երեխաների մեջ զարգացվեն ինքնությանն առնչվող էլեմենտներ՝ քաջություն, ինքնավստահություն, դրական ինքնագնահատական: «Գիտությունը չի արտադրում այնպիսի միտք, որը շոշափելիորեն իրականություն կփոխի»,- եզրափակում է բանախոսը:

Մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանն էլ նշում է, որ հատկապես հումանիտար եւ հասարակական գիտություները մեծ դերակատարում ունեն ինքնության վերաիմաստավորման եւ դինամիկ զարգացման գործում, ինչն այսօր չենք հասկանում. «Դրա համար ունենք ինքնության լուրջ ճգնաժամ: Այսօր գոյատեւման էլեմենտի վրա զարգացող ինքնությունն է տիրապետում, այլ ոչ թե զարգացման բաղադրիչի վրա հենված ինքնությունը: Այս խնդիրները լուծվում են գիտության ոլորտում, որը մենք, ցավոք սրտի, այդքան չենք կարեւորում»:

«20-հոգանոց լավ թիմ հավաքելն արդեն մեծ խնդիր է»

Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) տվյալների հավաքագրման եւ վերլուծությունների բաժնի պետ Սմբատ Հակոբյանը համաձայն է Սոնա Մանուսյանի այն դիտարկմանը, որ այսօր տեսությունների կարիք կա, որոնք կբխեն մեր իրականությունից. «Գիտնականները, որոնք ինտեգրված են միջազգային գիտությանը, վերցնում, ադապտացնում են Արեւմուտքում ստեղծված տեսությունները եւ բառամթերքը, որոնցով փորձում են բացատրել մեր իրականությունը»:

Հակոբյանը կարեւորում է հայերեն մենագրությունները թե՛ մարդկանց հասանելի դարձնելու, թե՛ լեզու ստեղծելու առումով, բայց միաժամանակ նկատում է Արեւմուտքում օգտագործվող բառերի կարեւորությունը, որոնց համարժեքները հայերենում չկան:

Բանախոսն անդրադարձավ մեկ այլ խնդրի եւս՝ մարդկային ռեսուրսի պակասին: Ասում է՝ 20-հոգանոց լավ թիմ հավաքելն արդեն մեծ խնդիր է: «Մարդկային ռեսուրսի հարցը բերում է նրան, որ պիտի ուսանող բերես գիտություն, բայց դա էլ մեծ ռիսկ է, որովհետեւ շատ արագ կարող ես կորցնել»,- ասում է ԲԿԳԿ-ի աշխատակիցը:

«Շատ հստակ է գիտական մտքի գաղութացումը»

Մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանի դիտարկմամբ՝ գիտնականները պետք է ազդեն տեսությունների վրա: Ասում է՝ ինքը դեմ է ոչ թե գիտնականների կողմից անգլերեն հոդված տպելուն, այլ այդ խնդրի մեջ դրված իմաստին: «Այն տպավորությունն է, որ մենք գիտականորեն մտածել չգիտենք, ու պիտի մտածենք մեզ տրված մտածելու ձեւերով: Ինչի՞ եմ ասում, որովհետեւ շատ հստակ է գիտական աշխարհում, ակադեմիական ամսագրերում գիտական մտքի գաղուցաթումը: Շատ ամսագրեր քեզ ստիպում են գրել ու մտածել էն չափանիշներին համապատասխան, որոնցով իրենք գտնում են, որ պետք է մտածես, այլապես կարող են խմբագրել մտքերդ կամ վերջին հաշվով հոդվածդ չտպեն»,- ասում է նա:

Թադեւոսյանի խոսքով՝ շատ լուրջ խնդիր է, թե ինչպես պետք է ապահովենք մեր գիտական մտքի ինքնուրույնությունը՝ միեւնույն ժամանակ մասնակից դառնալով միջազգային գիտական տեսությունների եւ մտքի ձեւավորմանը. «Սա է, որ գաղութացումից քեզ փրկելու է. որպես գիտնական այնպես պիտի աճես, կայանաս, որ կարողանաս քո ասելիքը միջազգային լեզվով ներկայացնես միջազգային հարթակներում: Ես կողմ եմ, որ այսպես ձեւակերպվի անգլերեն հոդվածներ տպելու անհրաժեշտությունը, այլ ոչ թե զրոյացնելով հայերեն գրելու, մտածելու կարեւորությունը»:

Լուսանկարը՝ «Գիտուժի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter