
Ռուբեն Վարդանյանը և իր փաստաբանը ինքնաբացարկ են հայտնել դատավորին․ Բաքվի դատարանը միջնորդությունը թողել է առանց քննության
Փետրվարի 17-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ դատական նիստին մասնակցել են տուժողները, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները, ինչպես նաև Նախարարների կաբինետի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը՝ ադրբեջանական պետության անունից։
Նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբան Ավրահամ Բերմանը դատարանին խնդրել են պայմաններ ստեղծել գաղտնի հանդիպման համար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և հայտարարել նիստի ընդմիջում, որից հետո Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Մեղադրանքը պաշտպանող դատախազները խնդրել են դատարանին միջնորդությունը թողնել առանց քննության, քանի որ ըստ նրանց՝ բացարկի վերաբերյալ կոնկրետ հիմքեր չկան։ Դատական նիստին մասնակցած տուժողները նույնպես դատարանին խնդրել են առանց քննության թողնել միջնորդությունը։
Այնուհետև դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննարկելու, որից հետո հայտնել է, որ միջնորդությունը թողնում է առանց քննության։
«Ազերթաջ»-ը գրում է, որ դատական այս նիստում դատախազները շարունակել են հրապարակել մեղադրական եզրակացությունը, որը այնքան երկար էր, որ հրապարակումը կիսատ էր մնացել նախորդ նիստին։
Մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ «Հայաստանը Ռուբեն Վարդանյանի և մյուսների միջոցով զինել է «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ապօրինի ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և վերջինիս ապօրինի զինված կազմավորումները»»։ Մեղադրանքներ են հնչել նաև այն մասին, որ իբր «2022 թվականի սեպտեմբերի 12-ից 14-ը Հայաստանի մարտական դիրքերից հրետակոծության հետևանքով Ադրբեջանը կրել է նյութական վնասներ և մարդկային կորուստներ»։
Եզրափակելով մեղադրական եզրակացությունը՝ գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը հայտարարել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները, որոնցով մեղադրանք է առաջադրվել Ռուբեն Վարդանյանին։ Նրան առաջադրված մեղադրանքների թվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքով նախատեսված հետևյալ հոդվածները՝ 100 (ագրեսիվ պատերազմ ծրագրել և վարել), 107 (բնակչության արտաքսում կամ բռնի տեղահանում), 109 (հալածանք), 112 (ազատազրկում միջազգային իրավունքի խախտումով), 113 (խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների կամ սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 ( հանցավոր համայնքի (կազմակերպության) ստեղծում), 228 (ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (ավիացիոն անվտանգությանը սպառնացող վտանգներ), 278 (Իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում), 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում) և Քրեական օրենսգրքի այլ հոդվածներ։
Այնուհետև դատավորը Ռուբեն Վարդանյանին հարցրել է՝ իրեն մեղավոր համարու՞մ է։ Ռուբեն Վարդանյանը, ի նշան բողոքի, հրաժարվել է պատասխանել հարցին։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել է Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմա-քաղաքական մյուս ղեկավարների գործից և քննվում է առանձին վարույթով։ Նրան առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանը իր գործով առաջին նիստից առաջ՝ հունվարի 16-ին, ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով ուղերձ էր փոխանցել, որում նշել էր, որ մինչև հիմա իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված։
Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Վարդանյանը պահանջում է բաց, հրապարակային դատաքննություն։
Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության
Մեկնաբանել