HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Թոշակառուն չի ստանում մարդասիրական օգնությամբ տրամադրվող դեղամիջոցը. նախարարությունը պարզաբանում է

Կարինե Ստեփանյանը դիմել էր «Հետքի» խմբագրություն և պատմել, որ երկու տարի շարունակ Երևանի թիվ 1 պոլիկլինիկայից (Լեոյի 17 հասցեում) անվճար, որպես մարդասիրական օգնություն ստացել է «Բեկլոմեթազոն» դեղամիջոցը։ «Բեկլոմեթազոնը» նախատեսված է ասթմայի և բրոնխիալ հիվանդությունների բուժման համար։ Կարինե Ստեփանյանը մասնագիտությամբ բժիշկ է, այժմ թոշակառու է, սոցիալապես անապահով։ 2024 թվականի հոկտեմբերից նա դեղամիջոցը չի ստացել։

Պոլիկլինիկայում Կարինե Ստեփանյանին ասել են, որ տրամադրվող աջակցությունը  դադարեցվել է, բայց չեն նշել պատճառը, ոչ էլ հստակեցրել՝ արդյոք կվերականգնվի։ Պոլիկլինիկայից սպառիչ պատասխան չստանալով՝ նա գրավոր դիմել է Առողջապահության նախարարություն, սակայն նախարարությունը նրան չի պատասխանել։

Կարինե Ստեփանյանը ցանկացել է իմանալ, թե որ կազմակերպությունն էր մարդասիրական օգնությունը տրամադրում, ինչու՞ է այն դադարեցվել և արդյոք ապագայում կվերականգնվի։

«Ես հաշմանդամության կարգ էլ չունեմ, բայց դա այլ պատմություն է։ Որպես անապահով ներառվել էի աջակցություն ստացողների ցուցակում և երկու տարի շարունակ գոհացուցիչ կերպով սպասարկվել եմ, ուղղակի անհասկանալի է, եթե ընդգրկված եմ որպես սոցիալապես անապահով, ինչու՞, օրինակ, երբ դադարեցնում են աջակցությունը, չեն ասում, թե ինչ պատճառով է, կամ արդյոք կվերականգնվի»,- ասում է Կարինե Ստեփանյանը։

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է Առողջապահության նախարարություն՝ Կարինե Ստեփանյանին հուզող հարցերի պատասխանը ստանալու։

Նախարարությունից «Հետքին» հայտնել են, որ «Բեկլոմեթազոն 250մկգ» դեղորայքը Առողջապահության նախարարությունը ստացել է մարդասիրական օգնությամբ և սահմանված կարգով տրամադրել է բժշկական հաստատություններին: Վերջին անգամ թիվ 1 պոլիկլինիկային դեղը տրամադրվել է 2024թ. հունվարի 10-ին:

«ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերում ընդգրկված շահառուներին ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը տրվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ: Դեղերի դուրս գրումն իրականացվում է ՀՀ «Հիմնական դեղերի ցանկին» համապատասխան: «Բեկլոմեթազոն/Beclometasone/» լուծույթ, դեղակախույթ շնչառման, 50մկգ, 100մկգ, 250մկգ դեղերն ընդգրկված են վերոնշյալ ցանկում:

Ուստի, քաղաքացի Ստեփանյանին, որևէ սոցիալական կարգավիճակի առկայության դեպքում, առաջարկվել է դիմել սպասարկող պոլիկլինիկա, ստանալ բժիշկ-մասնագետի համապատասխան նշանակումները, որոնք էլ հիմք կհանդիսանան ՀՀ «Հիմնական դեղերի ցանկում» ընդգրկված դեղերի հատկացման համար»,- նշված է նախարարության պատասխանում:

Նախարարությունը չի հայտնել, թե ինչու է դադարեցվել մարդասիրական օգնության տրամադրումը, և ով է եղել օգնություն տրամադրողը։ Միայն նշել է, որ մարդասիրական օգնությամբ ստացված դեղերը նվիրատվություն են համարվում, և դրանց տրամադրումը շարունակական բնույթ չի կրում:

Տրամադրվող աջակցությունը որոշ չափով մեղմացնում էր Կարինե Ստեփանյանի եւ իր նման անապահով թոշակառուների ֆինանսական բեռը։ Հիմա թոշակից գումար պիտի հատկացնի այդ դեղը ձեռք բերելու համար։

Առողջապահության նախարարությունն այսօր տեղեկատվություն է հրապարակել բժշկական հաստատություններում մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի առկայության վերաբերյալ:

Գլխավոր լուսանկարը՝ https://unsplash.com/ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter