HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային պայմանագրերի թվայնացում. ինչ է պետք իմանալ նոր կարգի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Ժորա Սարգսյանը փետրվարի 19-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում ներկայացրեց աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրումը։ Այն մի քանի փուլով է գործարկվելու՝ 2025 թ. հունիսի 1-ից կամավոր, իսկ 2026 թ. հունվարի 1-ից՝ բացառապես թվային տարբերակով։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովն ընդունել է «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով ՀՀ աշխատանքային օրենսգրքում նոր լրացված 102.2-րդ հոդվածով 2026 թվականի հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը, բացառությամբ որոշ դեպքերի, կնքվելու են էլեկտրոնային եղանակով։

Ժորա Սարգսյանը ներկայացրեց համակարգից օգտվելու ընթացակարգը։ Այն լինելու է միասնական հարթակ, որտեղ գործատուները կարող են ստեղծել աշխատանքային պայմանագիր՝ լրացնելով օրենքով սահմանված բոլոր կետերը։ Հնարավոր կլինի նաև հավելյալ տեղեկատվություն ներբեռնել՝ պայմանագրի առանձնահատկություններից կախված։

Անհրաժեշտ տեղեկատվությունը մուտքագրելուց հետո պահանջվելու է գործատուի և աշխատողի էլեկտրոնային ստորագրությունը, հնարավոր կլինի նաև լիազորված անձի ստորագրություն։ Աշխատանքի ընդունվողը այս գործընթացը կիրականացնի «Ես եմ» ազգային նույնականացման հարթակում, որտեղ կտեսնի իր համար ստեղծված պայմանագրի նախագիծը և, համաձայնության դեպքում, օնլայն կստորագրի այն։

Համակարգից օգտվելու համար քաղաքացիները պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն, որը քաղաքացիներին արդեն հայտնի է հայտարարագրման գործընթացից։

Հարթակում հնարավոր կլինի իրականացնել երեք հիմնական գործողություն.

  • Պայմանագրերի կնքում,
  • Պայմանագրերի փոփոխություն (էական և ոչ էական դրույթների),
  • Պայմանագրի լուծարում

Համակարգը հնարավորություն կտա գործատուներին տեսնել իրենց աշխատողների աշխատանքային պայմանագրերը, իսկ աշխատողները կկարողանան տեսնել իրենց բոլոր գործող և ավարտված պայմանագրերը։

Ինչ վերաբերում է հին պայմանագրերին, պարոն Սարգսյանի պարզաբանմամբ, գործատուները 2026 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը պետք է իրենց մոտ՝ լրացնելու պահին աշխատող անձանց պայմանագրերը մուտքագրեն համակարգ, իսկ լուծարված պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվություն ներմուծելու անհրաժեշտություն չի լինի։ Օրինակ՝ եթե քաղաքացու աշխատանքային հարաբերությունները սկսվել են 2000 թվականին, ապա համակարգում նշվելու է, որ պայմանագիրը սկսվել է 2000-ին, բայց նա այն կստորագրի 2026 թվականին։

Այս համակարգի շնորհիվ, ըստ բանախոսի, կկանխվի աշխատանքային օրենսդրությանը չհամապատասխանող պայմանագրերի կնքումը, քանի որ սխալ կամ թերի տվյալներ մուտքագրելու դեպքում համակարգը թույլ չի տա շարունակել գործընթացը։ Այն կնպաստի նաեւ չգրանցված աշխատողների թվի նվազմանը և կհեշտացնի աշխատանքային փաստաթղթերի վարումը։

Հարթակը գործելու է Պետական եկամուտների կոմիտեի վերահսկողության ներքո, և որոշ պետական մարմիններ՝  Առողջապահության եւ Ներքին գործերի (մասամբ, եթե կոնկրետ աշխատակցի վերաբերյալ գործ հարուցված լինի) նախարարությունները, Աշխատանքի տեսչական մարմինը, Միգրացիոն ծառայությունը, հնարավորություն կունենան մուտք գործել համակարգ՝ իրենց գործառույթների շրջանակում։

Անահիտ Դիվանյան

Վ. Բրյուսովի անվ. պետհամալսարանի

Հանրային հաղորդակցության եւ սերվիսի ֆակուլտետի

Լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանող 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter