HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անընդունելի է, որ Հայաստանում կա Հայոց ցեղասպանության գիտական ինստիտուտ, բայց մեր ձայնն ընդհանրապես լսելի չէ միջազգային հարթակներում»

Գիտության միջազգայնազումը, կարծես, մի փոքր արհեստական տերմին է, որ առաջացել է հայաստանյան եւ միջազգային գիտության ոչ իրական բախումից: Այս մասին «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած համաժողովի ժամանակ նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Վերջինս հումանիտար եւ հասարակական գիտությունների միջազգայնացման թեմայով պանելային քննարկման բանախոսներից էր:

Գզոյանն ասում է, որ գիտությունը մեկն է, ու տվյալ պարագայում, գիտության միջազգայնացում ասելով, հասկանում ենք մեր գիտնականների հրապարակումներն արտերկրում: «Սա ենթադրում է, որ մեր գիտությունը դուրս է գալիս հայաստանյան սահմաններից ու հասանելի եւ լսելի է դառնում ամբողջ աշխարհում, ինչը շատ ողջունելի է»,- նշում է ՀՑԹԻ տնօրենը:

Անդրադառնալով գիտական ամսագրերի ինդեքսավորման թեմային՝ բանախոսը նկատում է, որ պետությունը դրանց խմբագիրներին առաջարկել է այնպիսի փոփոխություններ անել, որոնք կօգնեն ամսագրերի ինդեքսավորմանը:

«Արձագանքը, մեղմ ասած, գոհացուցիչ չի եղել, ինչի արդյունքն այն է, որ մեր ամսագրերը, որոնք միջազգային շտեմարաններում 4-5-ն էին, հիմա 3-ն են դարձել, այսինքն՝ միայն պետության խնդիրը չէ, գիտական համայնքն էլ այդքան ակտիվ չէ: Բայց մի նրբություն եմ ուզում ասել, որը պետք է մի քիչ զգոնացնի. այստեղ գալուց առաջ ստուգեցի, թե Web of Science հարթակում մեր հարեւան երկրները քանի ամսագիր ունեն՝ Վրաստանը, որ մեզնից քիչ ուներ, հիմա արդեն 6 հատ ունի, Ադրբեջանը՝ արդեն 9, որոնցից մեկը՝ հումանիտար եւ հասարակական գիտությունների ոլորտում, ինչը կատաստրոֆիկ կարող է լինել մեզ համար: Հասկանու՞մ եք, թե ինչպես են ամբողջ օրակարգն այդ ամսագրերի միջոցով առաջ տանելու: Թուրքիան 265 գիտական ամսագիր ունի։ Որտեղ շատ են հումանիտար եւ հասարակագիտական ամսագրերը, օրակարգի թելադրումը գիտական համայնքին ապահովված է։ Չգիտեմ, թե ինչ քայլերով պիտի գնանք, որպեսզի մեր ձայնը փոքր-ինչ լսելի լինի»,- ահազանգում է ՀՑԹԻ տնօրենը:

Էդիտա Գզոյանի անդրադարձներից հերթականը վերաբերում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի քաղաքականացված լինելուն: Ըստ բանախոսի՝ հիմա էլ քաղաքական վայրիվերումներն անպայման անցնում են ՀՑԹԻ-ի կողոքով: Գիտնականն ընդգծում է, որ հայոց ցեղասպանագիտությունը զարգացել է Հայաստանից դուրս, ու մինչեւ հիմա այն ամենը, ինչ ունենք հայոց ցեղասպանագիտության ոլորտում, արվել է սփյուռքի հայ գիտնականների շնորհիվ:

«Երբ ընտրվում էի տնօրեն, իմ առաջնահերթություններից մեկն էր ինստիտուտը՝ որպես գիտական հաստատություն, զարգացնելը եւ փորձել մեր ձայնը լսելի դարձնել, որովհետեւ կարծում եմ՝ անընդունելի է, որ Հայաստանում կա Հայոց ցեղասպանության գիտական ինստիտուտ, բայց մեր ձայնն ընդհանրապես միջազգային հարթակներում լսելի չէ, փոխարենը ունենք սփյուռքահայ եւ թուրք գիտնականներ, որոնք զբաղվում են Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ»,- ասում է Էդիտա Գզոյանը:

ՀՑԹԻ-ի տնօրենը այնքան էլ համաձայն չէ տեսակետին, որ պետությունը պետք է պատվեր տա, որի հիման վրա կաշխատեն գիտական ինստիտուտները: Նրա խոսքով՝ այդ բոլոր ինստիտուտներն ունեն տնօրեններ, որոնք պետք է լինեն տվյալ գիտական ուղղության կրողը ու պետք է հասկանան, թե ինչ առաջնահերթություններ ունի պետությունը։ «Եթե գիտությունը տարանջատենք քաղաքականությունից, դա կօգնի ավելի ազատ արտահայտել այն ամենը, ինչ ուզում ենք անել»,- նշում է Գզոյանը:

Քննարկման բանախոսներից ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը համաձայնեց Էդիտա Գզոյանի տեսակետին, որ գիտական ինստիտուտներն իրենք պետք է որոշեն իրենց ռազմավարությունն ու առաջնահերթությունները, բայց նկատեց, որ պետք է լինի պետական կարիքի մասին պատկերացում, ինչը մեզանում չկա:

Սուքիասյանը բերում է Էստոնիայի ԱԳՆ-ի օրինակը: Վերջինս, ըստ բանախոսի, միջազգային հարաբերությունների մասնագետներ պատրաստող համալսարաններին առանց որեւէ պարտադրանքի առաջարկում է խնդիրների, թեմաների ցանկ դիպլոմային աշխատանքների համար: Սա, Սուքիասյանի կարծիքով, կարող է դրական ազդեցություն ունենալ աշխատաշուկայի համար, քանի որ պետությունն ինքն է ասում, թե միջազգային խնդիրներով ինչ գիտելիքի կարիք ունի, ինչպես նաեւ մասնագետներին կարող է օգնել տեղ գտնել տվյալ կառույցում:

Լուսանկարը՝ «Գիտուժի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter