
Ինֆարկտ, գերճնշում. ինչից են Հայաստանում մահանում ամենաշատը
Փողոցում, մեքենայի մեջ, տրանսպորտի սպասելիս կամ առավոտյան պատշգամբում սուրճ խմող մարդկանց ձեռքին հաճախ կարելի է նկատել ծխախոտ, ոմանց համար այն արդեն ինքնության մաս է դարձել։ Այս սովորությունը այնքան բնականորեն է սերտաճել մարդկանց կյանքին, որ անգամ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման մասին զգուշացումները արդյունք չեն տալիս։
2024թ․-ին Հայաստանում գրանցված մահերի 53,1%-ը բաժին է հասել արյան շրջանառության համակարգի հիվանդություններին (ԱՇՀՀ), այդ թվում՝ սրտամկանի սուր ինֆարկտ, սրտի իշեմիկ հիվանդություն, ուղեղի անոթային հիվանդություն և այլն։ Այս ցուցանիշը թեև 0,2%-ով փոքր է նախորդ տարվա ցուցանիշից, սակայն եթե համեմատենք բացարձակ թվերը, ապա այս տարի մահացության թիվն աճել է 618-ով՝ դառնալով 13 581։
Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ԱՆ գլխավոր սրտաբան, «Էրեբունի» ԲԿ անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանն ասում է, որ սրտանոթային հիվանդությունների պատճառով մահացությունները ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի գրեթե բոլոր երկրներում առաջին տեղում են։
«Ինչո՞ւ է այդպես, քանի որ ռիսկի գործոնները, որոնք բերում են սրտի իշեմիկ հիվանդության, ինսուլտի և այլ անոթային խնդիրների, մնում են ակտուալ։ Հայաստանի համար դա զարկերակային հիպերտենզիան է, ծխելու մեծ տարածվածությունը, ցավոք, նաև վերջին տարիներին նարկոտիկների օգտագործման հաճախակիությունը երիտասարդների մոտ, և այդ պատճառով երիտասարդ տարիքի ինֆարկտները շատացել են։ Այդ գործոններից են նաև ավելորդ քաշը, խոլեստերինի վերահսկման բացակայությունը, հիպոդինամիան, նյարդային ֆակտորները և այլն։ Մենք ծխախոտամոլությամբ շատ ավելի առաջատար դիրքերում ենք, քան շատ եվրոպական երկրներ, երբ ընդամենը 20-30 տարի առաջ պատկերը հակառակն էր»,-նշում է սրտաբանը։
Համաձայն «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքում ներկայացված տվյալների՝ 2023-ին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից առավել շատ մահացության պատճառ են դարձել սրտի իշեմիկ հիվանդությունը, քրոնիկական և այլ ձևերը՝ 49%, ուղեղի անոթային հիվանդությունը՝ 15% և սրտամկանի սուր ինֆարկտը՝ 10%: Ընդ որում՝ վերջին չորս տարիներին՝ նախորդ տարիների նկատմամբ, սրտամկանի սուր ինֆարկտից մահացությունների թիվը նվազել է։ Համլետ Հայրապետյանն այս միտումը բացատրում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի ներդրմամբ։
«Հայաստանում ստենտավորման պետական ծրագրի ներդրման շնորհիվ հոսպիտալային մահացությունը սրտամկանի ինֆարկտից, նախնական հաշվարկներով, կրկնակի նվազել է, և այդ պատճառով նաև ունենք քրոնիկ հիվանդների, սիրտ-անոթային հիվանդների քանակի ավելացում, քանի որ մահացությունը սուր պատճառներից նվազում է, այդ հիվանդները դուրս են գալիս սուր վիճակից և դառնում են քրոնիկ հիվանդներ»,-ասում է սրտաբանը։
2023թ․-ին արյան շրջանառության հիվանդություններից մահացություններ ամենաշատը գրանցվել են Լոռու և Տավուշի մարզերում։ 100 հզր բնակչի հաշվով՝ Լոռիում մահացել է 627,2 մարդ, իսկ Տավուշում՝ 617,1։ Երևանը թեև բացարձակ թվով առաջատարն է, սակայն 100 հզր բնակչի հաշվով այն երկրորդ ամենաքիչ ցուցանիշն ունի՝ 384,8 մարդ։
Համլետ Հայրապետյանի խոսքով, եթե ժամանակին մարզերում մահացություններն ավելի շատ պայմանավորված էին ժամանակային գործոնով, ապա հիմա Շիրակում, Լոռիում և Սյունիքում կան սրտաբանական ինվազիվ ծառայություններ, որոնք տեղում կարող են օգնություն ցուցաբերել քաղաքացիներին։ Խնդիրն այստեղ ավելի շատ իրազեկվածությամբ, կրթվածությամբ, առողջապահական մշակույթով ու սովորույթներով է պայմանավորված։ Մարդիկ հակված չեն գանգատների դեպքում դիմել բուժօգնության։
Արյան շրջանառության համակագի հիվանդություններից մահացության ցուցանիշը տարբեր է նաև՝ կախված սեռից և տարիքից։ 2023թ․-ին այդ հիվանդությունների հետևանքով մահացել է 6591 կին և 6372 տղամարդ։ Հատկանշական է, որ այդ հիվանդությունները տղամարդկանց մոտ հանդիպում են ավելի վաղ տարիքում, քան՝ կանանց։ ԱՇՀՀ պատճառով մահացել է մինչև 70 տարեկան 1085 կին և 2719 տղամարդ։ Ստացվում է, որ մահացած տղամարդկանց թիվը 2,5 անգամ մեծ է կանանցից։ Տարիքին զուգահեռ այս պատկերը փոխվում է՝ 70-ից հետո մահացած կանանց թիվը 1,5 անգամ շատ է տղամարդկանցից։
Համլետ Հայրապետյանի խոսքով, այս երևույթը պայմանավորված է նրանով, որ կանայք հորմոնալ ֆոնով պաշտպանված են մինչև դաշտանադադար։ Դրանից հետո նրանց մոտ սիրտ-անոթային հիվանդացության հաճախակիությունը կտրուկ ավելանում է, և նրանք հավասարվում են տղամարդկանց։
Մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու համար Հայաստանի սրտաբանների ասոցիացիան ստեղծել է պացիենտների դպրոց, որի նպատակը մարդկանց ճիշտ կենսակերպի ուսուցանումն է՝ կանխելու համար հիվանդությունների սրացումը և կրկնումը։
«Այս դպրոցի շրջանակներում մենք անցկացնում ենք դասախոսություններ, սեմինարներ հիվանդների և նրանց հարազատների կամ բոլոր ցանկացողների, ովքեր մտահոգված են իրենց առողջությամբ և ցանկանում են կանխել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը իրենց մոտ։ Այդ մարդկանց համար մենք կազմակերպում ենք դասախոսություններ, սեմինարներ, որոնց վերջում բաժանում ենք հատուկ տեղեկատվական բուկլետներ։ Այնտեղ գրված է այդ բոլոր ռիսկի գործոնների բացասական ազդեցությունը, գրված է՝ ինչպես նրանք պետք է պահեն իրենց այս կամ այն խնդրի պարագայում, տարբեր հիվանդությունների, տարբեր ռիսկի գործոնների բացասական ազդեցությունը և դրանցից ազատվելու այն պայմանները, որը պետք է իրականացնի պացիենտը՝ բացի բժշկական, դեղորայքային բուժումից, որը իրականացնում է բժիշկը»,- ասում է սրտաբանը։
Սրտանոթային հիվանդությունների զարգացումը կանխելու համար կան մի շարք գործողություններ, որոնք խորհուրդ է տալիս սրտաբանը. ապրել առողջ ապրելակերպով, չծխել, զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, հետևել զարկերակային ճնշմանը, ազատվել ավելորդ քաշից։ Ընտանիքում եթե կան սրտային խնդիրներ ունեցող հիվանդներ, անպայման անցնել 40-50 տարեկանում նախնական պրոֆիլակտիկ ստուգումներ, այդ թվում՝ որոշել խոլեստերինն արյան մեջ, անհրաժեշտության դեպքում կարգավորել, և որ ամենակարևորն է՝ վստահել բժշկին։
«Մեր բժիշկները, մասնավորապես՝ սրտաբանները, ոչ պակաս տեղեկացված, ինֆորմացված և կրթված են, քան դրսի բժիշկները, բացի այդ՝ ավելի շահագրգռված են, հոգատար են, և մարդկային գործոնը մեզ մոտ ավելի շատ է, քան դրսում, բայց, չգիտես ինչու, մարդիկ կարող են գնալ դրսում մեծ գումարներ ծախսել ինչ-որ շարքային բժշկի մոտ ստուգվելու համար, իսկ մեզ մոտ կարող են թերագնահատել բժշկին և կասկածել նրա ասածին։ Լավ կլիներ, որ այս վերաբերմունքը փոխվեր»,-նշում է Համլետ Հայրապետյանը։
Գլխավոր լուսանկարը՝ Նարե Պետրոսյանի
Մեկնաբանել