
Ձյունը՝ ժամանակավոր լուծում. քաղաքապետարանը Երևանի օդը մաքրելու քառամյա պլան է մշակել
Ձյունը քաղաքապետարանի խնդիրներն ավելացրեց, բայց մեկը «լուծեց»․ օդը մաքրվել է
Մայրաքաղաքում փետրվարի 20-21-ի առատ տեղումներից հետո Երևանի քաղաքապետարանը հին ու նոր խնդիրների առաջ է կանգնել․ փողոցներն ու մայթերը մեքենաների ու մարդկանց համար դժվարանցանելի են, դպրոցներում դասերը չեղարկելու անհրաժեշտություն է առաջացել, տրանսպորտային համակարգը խառնաշփոթի մեջ է։
Սակայն տեղումների այս առատությունը դրական մեկ հետևանք ունեցել է․ քաղաքի օդը զգալիորեն մաքրվել է, ինչը, օդի աղտոտվածության մշտական խնդրի պայմաններում, անսովոր է։ Միջազգային հիդրոօդերևութաբանական հարթակների տվյալները ցույց են տալիս, որ երևանցիները, այս օրերին փողոց դուրս գալով, իրոք կարող են մաքուր օդ շնչել։
Քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ շինհրապարակներում գործող չափիչ սարքերը ևս այդ ցուցանիշներին պարբերաբար հետևող քաղաքացիներին անսովոր պատկեր են ցույց տալիս՝ կանաչ ու դեղին գունավորմամբ։
Ինչպես է Երևանի քաղաքապետարանը 4 տարում լուծելու օդի աղտոտվածության խնդիրը
Չնայած հիդրոօդերևութաբանական այս կարճաժամկետ լուծումներին՝ Երևանում օդի աղտոտվածության հարցը չի կարող դուրս գալ օրակարգից։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր, որն առաջարկում է քաղաքի օդի աղտոտվածության խնդրի համապարփակ լուծումներ։
«Հետքին» տրամադրված փաստաթուղթը սահմանում է քաղաքում օդի աղտոտման հինգ հիմնական աղբյուր՝ շինարարություն, տրանսպորտ, հանքեր/բետոնհանգույցներ, ջեռուցում և աղբավայր։
Քառամյա ծրագիրը բաժանված է փուլերի, որտեղ առաջին տարում նախատեսվում են հիմնականում ուսումնասիրություններ, վերահսկողության խստացում ու չափորոշիչների սահմանում, հաջորդ տարիներին՝ ավելի կոնկրետ գործողություններ։
Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ հետագայում յուրաքանչյուր գործողության մասով մշակվելու են առանձին միջոցառումների ծրագրեր՝ բյուջեով և ժամանակացույցով։ Այս պահին ներկայացվող առաջարկները շատ մանրամասներ չեն պարունակում։
Սկզբնական փուլում նախատեսվում է զարգացնել օդի որակի մոնիթորինգային համակարգը։ Այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը, որը երկու ավտոմատ դիտակայան է ձեռք բերել, որոնք մայրաքաղաքում պիտի տեղադրվեն այս տարվա առաջին եռամսյակում։ Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ ցանցը կհամալրվի ևս 3 դիտակայանով։
Խիստ չափորոշիչներ պիտի սահմանվեն շինարարության և տրանսպորտային միջոցների արտանետումների նկատմամբ։ Այս քայլերի մասին Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունների ընթացքում հաճախ է խոսում։
Ծրագրի առանցքային կետերից է քաղաքի կենտրոնական հատվածներում տրանսպորտային միջոցների մուտքի սահմանափակումը, որը նախատեսվում է իրականացնել բոլոր չորս տարիների ընթացքում։ Այս գործողությունը ենթադրում է որոշակի օրերի և գոտիների սահմանում, որտեղ մեքենաների երթևեկությունը կսահմանափակվի։ Թե քաղաքի կոնկրետ որ հատվածների մասին է խոսքը, չի նշվում։
Քաղաքապետարանը եռամյա գործողություն է նախատեսում Երևանում աղբավայրի փակման և սանիտարական աղբավայրի, աղբի վերամշակման կայանի հիմնման ուղղությամբ։ Այս թեման երկար տարիներ քննարկվել է պետական ու քաղաքային տարբեր իշխանությունների պաշտոնավարման օրոք, արդյունքը, սակայն, չի նշմարվում։
Երևանի օդի աղտոտվածությանը նպաստում են նաև տնային տնտեսություններում տարբեր վառելիքների այրման արդյունքում առաջացած արտանետումները։ Սրանք մեծ ազդեցություն ունեն օդի որակի վրա, սակայն դուրս են մնում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» դիտարկման շրջանակից։
Նախագծի առաջին տարում նախատեսվում է անցկացնել տնային տնտեսություններում ջեռուցման համակարգերի ուսումնասիրություն, ինչը կօգնի ճշգրիտ պատկերացում կազմել այս ոլորտում առկա խնդիրների մասին։ Երկրորդ տարվանից սկսած՝ պիտի մշակվեն կանաչ ջեռուցման տարբերակների համար սուբսիդավորման և խրախուսական ծրագրեր։
Ծրագրի ողջ ընթացքում քաղաքային իշխանությունը պլանավորում է կանաչապատման աշխատանքներ իրականացնել։ Նախատեսվում է քաղաքի բուֆերային գոտիներում անտառապատման ծրագրեր իրականացնել և ընդլայնել համայնքային զբոսայգիները։
2024-ի վերջում, երբ սոցիալական ցանցերում ակտիվացան Երևանի օդի աղտոտվածության մասին խոսակցությունները, քաղաքացիների մտահոգություններից մեկն այն էր, որ հասարակությունը պատշաճ չի իրազեկվում, թե ինչ օդ է շնչում ու ինչ պիտի անի, եթե աղտոտվածության մակարդակը բարձրանում է։ Քաղաքապետարանն առաջարկում է հանրային իրազեկման ծրագրեր իրականացնել։
Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ այս բոլոր գործողությունների արդյունքում ակնկալվում է օդի որակի զգալի բարելավում։ Սակայն քաղաքապետարանի մշակած ծրագրում դեռևս չկան կոնկրետ թիրախային ցուցանիշներ և բյուջետային հաշվարկներ, որոնք անհրաժեշտ են ծրագրի արդյունավետությունը գնահատելու համար։ Քաղաքապետարանից հայտնում են՝ քառամյա ծրագիրը քննարկվելու է շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային գործընկերների, բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ և առաջարկությունների հիման վրա լրամշակվելու է։
Մեկնաբանել