
Ձմռանը քիչ շնչեք, մինչև քաղաքապետարանը փրկության պլան մշակի
Ռուբէն Ճանպազեանը 2020 թվականին կնոջ հետ Կանադայի Տորոնտո քաղաքից տեղափոխվեց Հայաստան։ Ասում է՝ գիտեին, որ Երևանում օդն այդքան էլ մաքուր չէ, բայց իրավիճակն ավելի լուրջ էր, քան պատկերացնում էին. տարբերությունը միանգամից զգացել են։ Տեղափոխվելուց հետո Ռուբէնը օդի որակը ցույց տվող հավելված է ներբեռնել, որ հետևի՝ ինչ է շնչում։
«Ամէն անգամ որ ծրագրի մէջի մարդուն պատկերը կը փոխուէր եւ աւելի ու աւելի լուրջ դիմակ մը կրած ցոյց կու տար (յաճախ հակագազ դիմակ) ուղղակի կը վախնայինք։ Երբեմն ծրագիրը նոյնիսկ կը յանձնարարէր տունէն դուրս չելլել եթէ հարկաւոր չէր»,- պատմում է Ռուբէնը։
Ռուբէնն ասում է՝ հասկանում է, որ Երևանի օդի որակի վրա տարբեր գործոններ են ազդում՝ աշխարհագրական դիրքից մինչև տրանսպորտային արտանետումներ ու շինարարություն, բայց զարմանում է, որ մարդիկ դրա մասին չեն խոսում, քայլեր չեն ձեռնարկում։ Անընդունելի է համարում հատկապես պատկան մարմինների անտարբերությունը։
Օրեր առաջ իրենց պատշգամբում օդի աղտոտվածությունը չափող սարք է տեղադրել։ Բացատրում է՝ միայն անձնական իրազեկման համար չէ, համակարգային փոփոխություն բերելու ու ճնշում գործադրելու նպատակ ունի։
Ռուբէնի նման շատերն են իրենց տանը կամ աշխատավայրում օդի մոնիթորինգի տարբեր սարքեր տեղադրել։ Նրանց պատմությունները տարբեր են, անհանգստությունը՝ մեկը. շնչելը ծանրանում է, իսկ թե ինչ պետք է անել, ոչ մեկը չի ասում։
Քաղաքապետարանը չի ընդունում միջազգային հիդրոօդերևութաբանական հարթակների տվյալները
Վերջին ամիսներին սոցիալական ցանցերում Երևանի օդի աղտոտվածության մասին խոսակցություններն ակտիվացել են։ Որոշ մարդիկ ասում են՝ հակագազով պետք է փողոց դուրս գալ․ միջազգային հիդրոօդերևութաբանական հարթակների տվյալներից են եզրակացրել։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ամիսներ շարունակ հերքում էր մայրաքաղաքի օդի աղտոտվածության մասին լուրերը՝ ասելով, որ դրանք լեգենդներ են։ Ասում էր՝ քաղաքապետարանի պահանջով շինհրապարակներում տեղադրված սարքերն այլ բան են ցույց տալիս։
«Ես էլ, անկեղծ ասած, որոշ ժամանակ առաջ մի կայքի էի հանդիպել, ահասարսուռ, վախենալու տեղեկատվություն էր տրամադրում, որ ամենավատ քաղաքների շարքում ենք օդի աղտոտվածության տեսանկյունից։ Ուզում եմ ձեզ վտահեցնել, որ դա իրականությանը չի համապատասխանում»,- մոտ մեկ տարի առաջ հայտարարել էր Ավինյանը։
Սոցցանցերում հիմնականում տարածվում են շվեյցարական IQAir կայքի տվյալները։ Ավինյանի այդ հայտարարությունից հետո «Հետքը» դիտարկել էր թե՛ քաղաքապետարանի տեղադրած Clarity ընկերության սարքերի, թե՛ IQAir-ի ցուցանիշները։ Երկու աղբյուրների տվյալներով էլ մայրաքաղաքում օդի աղտոտվածության մակարդակը նույն ժամանակահատվածում միջինից բարձր էր եղել։
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանն ասում է՝ կայքում ներկայացված տվյալները տրամադրող սարքավորումները պրոֆեսիոնալ չեն. սխալանքը կարող է հասնել 40%-ի։
Լիլիթ Հարությունյանը օդի աղտոտվածության ցուցանիշներին հետևում է արդեն երկար տարիներ։ Ինքն էլ ունի օդի որակը չափող սարք։ Ընդունում է, որ բոլոր սարքերը արդյունավետ չեն, լավերը թանկ արժեն, բայց չի կարծում, թե բոլորը կարող են սխալ ցույց տալ։
«Բոլորը սխա՞լ են ցույց տալիս, հա՞։ Լավ, մենք չե՞նք տեսնում՝ ինչ ենք շնչում, այդ մառախուղը մենք չե՞նք տեսնում, մեր առողջության վրա դա չե՞նք զգում»,- ասում է Լիլիթը։
Հիշում է, որ 2022-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց քայլեր ձեռնարկել օդի աղտոտվածության խնդիրը լուծելու ուղղությամբ։ Ասում է՝ տարիներ են անցել, օդի վիճակը միայն վատթարացել է, անգամ նույնը չի մնացել։
«Տպավորություն է, որ այս խնդրի ուղղությամբ ձեռնարկված միակ քայլը քաղաքապետարանի միջոցով Երևանի տարբեր համայնքներում օդի որակը մոնիթորինգ անող սարքերի տեղադրումն է։ Հոգաչափ շնորհակալ ենք, արդեն յուրաքանչյուր օր կարողանում ենք մուտք գործել ու օնլայն ռեժիմով հետևել, թե ինչպես ենք բոլորս թունավորվում»,- ասում է Լիլիթը։
Քաղաքապետարանն արդեն չի հերքում, որ իրենց սարքերն էլ են աղտոտվածության բարձր մակարդակ ցույց տալիս, բայց այլ պարզաբանում ունեն.
«Մեր տվյալները մինչև նոյեմբեր ցույց էին տալիս, որ անգամ ամենաաղտոտված թեժ կետերում փոշու արտանետումները PM2.5-ի և PM10-ի մասով չէին գերազանցում սահմանային արժեքները։ Նոյեմբերից արդեն մեզ մոտ էլ ցույց է տալիս գերազանցում։ Սա ինչ-որ աննախադեպ երևույթ չէ, ամեն տարի լինում է։ Դա ավելի շատ մթնոլորտային պայմաններով է պայմանավորված և Երևանի աշխարհագրական դիրքով»,- ասում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը։
Ավետիսյանը բացատրում է՝ ձմեռային ամիսներին արտանետված փոշին չի չեզոքանում, հավաքվում, կուտակվում է։ Եղանակային պայմաններից կախված, ամեն օր կուտակվելով՝ բերում է աղտոտվածության բարձր արժեքների։
Լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս՝ Երևանի օդը փոշով աղտոտված է
Քաղաքապետարանը հորդորում է հետևել միայն պաշտոնական տվյալներին, որոնք հրապարակում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Օդում աղտոտիչների պարունակությունը որոշվում է լաբորատոր պայմաններում։
Տվյալները ցույց են տալիս, որ ամբողջահատիկ փոշով մայրաքաղաքն իրոք աղտոտված է։ 2024-ին ընդամենը 51 օր Երևանի օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի խտությունը։ Ստացվում է՝ տարվա ավելի քան 86%-ը Երևանում փոշոտ օդ ենք շնչել։ Գերազանցումները հիմնականում գրանցվել են Կենտրոնի Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկի դիտակայանում, երբեմն էլ՝ Նոր Նորքում։
Այս տարի ևս պատկերը նույնն է. հունվարի առաջին երեք շաբաթների ընթացքում փոշու պարունակությունը նորմայից բարձր է եղել բոլոր օրերին։
«1980-ական թվականներին, երբ ստեղծվեց մոնիթորինգի համակարգը, նպատակը արդյունաբերական զարգացման դարաշրջանում Հայաստանի օդի որակը գնահատելն էր։ Այդ տարիներին, բնականաբար, մթնոլորտային օդի աղտոտվածությունը շատ ավելին է եղել, և անհամեմատելի է այս տարիների օդի աղտոտվածության հետ, ուղղակի այն ժամանակ այլ ցուցանիշներ են բարձր եղել՝ կապված գործարանի արտանետումների հետ, հիմա՝ այլ»,- ասում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։
Շահնազարյանը շեշտում է՝ օդի աղտոտվածությունը բարդ համակարգ է, տարբեր գործոններ են ազդում, ու չեն կարող գործող մոնիթորինգային մեթոդներով ասել, թե Երևանի օդն ամենաշատը ինչից է տուժում։
«Մեկ աղբյուր չէ, որ հեշտ գնահատենք ու ասենք՝ այս աղբյուրից այսքան մթնոլորտային աղտոտվածություն է առաջացել շրջակա միջավայրում։ Մեր մեթոդներով մենք հնարավորություն չունենք ավելի շատ ցուցանիշներ չափելու»,- բացատրում է Շահնազարյանը։
Այսօր մոնիթորինգի միջոցով որոշվում է փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունն օդի մեջ։ Գլխավոր խնդիրը Երևանում փոշին է։
Մոնիթորինգի կենտրոնը դեռ չի դիտարկում օդում փոշու մանր մասնիկների՝ PM2.5-ի և PM10-ի պարունակությունը։ Իրականացվող նմուշառման մեթոդներով հնարավոր է լինում ստանալ շաբաթական կամ օրական միջին թիվ ամբողջահատիկ փոշու վերաբերյալ: Սա է պատճառը, որ չեն կարող հերքել կամ հաստատել միջազգային հարթակներում ներկայացված տվյալները։
Օդի աղտոտվածությունը սպառնում է հանրային առողջությանը
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի՝ բոլոր երկրները պետք է չափեն օդում փոշու մանր մասնիկների խտությունը։ Սրանք ամենավտանգավոր աղտոտիչներն են, որոնք կարող են ներթափանցել մարդու շնչառական համակարգ և անցնել արյան մեջ։
Թոքաբան Արփինե Չոբանյանի խոսքով՝ մի շարք հիվանդությունների կլինիկական ուղեցույցներում նշվում է, որ այդ մասնիկները կարող են լինել ինչպես հիվանդության, այնպես էլ դրա սրացման պատճառ։
«Սրանք նաև կուտակվելու հատկություն ունեն։ Գուցե առաջին երեք ամսվա ընթացքում որևէ գանգատ չունենաք, բայց ժամանակի ընթացքում նկատեք ազդեցության դրսևորումները՝ ալերգիաներից մինչև թոքի քաղցկեղ»,- նշում է թոքաբանը։
Նրա խոսքով՝ դեռահասների և երեխաների մոտ ամենատարածված հիվանդությունը ասթման է, մեծահասակների մոտ գերակշռում է թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը։
Մասնագետը օդի աղտոտվածության հետևանքներն անձամբ է տեսնում․ երեխայի շարունակական հազից անհանգստացած՝ որոշել է տանը օդի որակը դիտարկող սարք դնել: Սարքի ցույց տված տվյալներին է հետևելու, որ որոշի՝ որ ժամերին չարժե փողոց դուրս գալ:
«Միգուցե բժիշկները ավելի շատ պիտի դրա մասին խոսեն, հասարակությունը պիտի ավելի ուշադիր լինի, բայց խնդիրը պահանջում է լուծում, որովհետև ուղղակի անտեսել չի կարելի. ի վերջո սա, եթե ոչ հիմա, ապա մի քանի տարի հետո ազդելու է մեր ընդհանուր պոպուլյացիայի առողջության վրա»,- ասում է Արփինե Չոբանյանը։
Երևանի օդի աղտոտվածությունը նոր խնդիր չէ
ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանն ասում է՝ Երևանի օդը աղտոտված է, և դա նորություն չէ։ Դեռ Խորհրդային միության տարիներին Երևանն առանձնանում էր օդի աղտոտվածության բարձր մակարդակով։
«Երևանը աշխարհի եզակի քաղաքներից է, որը ունի գրեթե 40 տարվա երկրաքիմիական հետազոտությունների պատմություն, ինչը թույլ է տվել արդեն 20 տարուց ավել Երևանը գիտական գրականության մեջ նկարագրել որպես անթրոպոգեն, տեխնոգեն կենսաերկրաքիմիական մարզ, որը հագեցած է այս կամ այն պոտենցիալ տոքսիկ տարրերով»,- ասում է Սահակյանը։
Շեշտում է՝ գիտությունը փաստերի վրա է հիմնված, հավատալ-չհավատալու հարց չկա։ Ի տարբերություն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի»՝ Էկոկենտրոնում նմուշահավաքը հիմնականում իրականացվում է ոչ անմիջապես օդից, այլ մակերեսներից, որոնք հավաքում են աղտոտիչներն իրենց վրա։
«Դա ավելի օբյեկտիվ ու իրականությանը մոտ պատկեր է տալիս, որովհետև օդում կախվածը կարող է քամին քշի, գնա ուրիշ տեղ ընկնի և այլն։ Սա գիտական մեթոդ է, դիտարկում ենք տերևի վրա նստած փոշին, փողոցի փոշին»,- բացատրում է Սահակյանը։
Էկոկենտրոնի տնօրենը կարծում է, որ էկոլոգիայի մասին խոսելը շատ դժվար է։
«Էկոլոգիական խնդիրներից հետո միշտ առնչվում ես սոցիալական խնդիրներին․ մարդկանց լուծում պետք է տաս։ Այդ լուծումները կան, բայց թանկ արժեն ու կամք են պահանջում»,- նշում է նա։
Գիտնականի խոսքով՝ երբ աղտոտվածության ցուցիչները կարմրում են, աշխարհի տարբեր աղտոտված քաղաքներում հստակ քայլեր են ձեռնարկվում։ Օրինակ՝ դպրոցները, մանկապարտեզները փակվում են, մարդիկ քայլում են դիմակներով, արդյունաբերական ձեռնարկությունները դադարեցնում են աշխատանքը։
«Ցավոք, մեզ մոտ վաղ կանխորոշման և արձագանքման համակարգը լավ չի աշխատում։ Մեզ լավագույն դեպքում ասում են՝ երեկ աղտոտված օդ եք շնչել, իսկ դա մեզ ոչինչ չի տալիս»,- ասում է Սահակյանը։
Հունվարի 4-րդ շաբաթվա տեղումներից հետո Երևանի օդը նկատելիորեն մաքրվել էր։ Այս մասին փաստում էին մոնիթորինգային համակարգի բոլոր օղակները։ Սահակյանը շեշտում է՝ չենք կարող ասել, որ ամեն րոպե Երևանի օդը աղտոտված է, բայց շրջակա միջավայրը ունի աղտոտման խնդիրներ։
«Կլիմայի, ֆիզիկայի օրենքները հնարավոր չի փոխել. միշտ ձմեռ է գալու, միշտ ամառ է գալու։ Եթե աղտոտման աղբյուրների հետ մենք չենք պայքարում, խնդիրը միշտ լինելու է։ Գուցե մթնոլորտը սրում է այդ խնդիրները, բայց անթրոպոգեն գործոնները կան, իսկ դրա դեմ մենք չենք պայքարում։ Հիմա մենք ի՞նչ անենք, բնակչության ասենք՝ մի շնչեք, ձմեռ է, կանցնի-կգնա՞»,- ասում է Լիլիթ Սահակյանը։
Ինչ անել մինչև հաջորդ ձմեռ
Դեկտեմբերի 12-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Տիգրան Ավինյանը Բնապահպանության վարչությանը հանձնարարեց երկու ամսվա ընթացքում քառամյա համապարփակ ծրագիր մշակել՝ ներկայացնելով, թե Երևանի քաղաքապետարանը ինչ քայլեր պիտի ձեռնարկի օդի որակը բարելավելու համար։
«Օդի աղտոտվածության այն հատվածը, որը մարդածին է, այդտեղ քաղաքապետարանն անելիք ունի: Պետք է մշակվի քառամյա ծրագիր, որը կներառի ընդհանուր կոնցեպտուալ առաջարկներ՝ օդի որակի բարելավման տեսակետից. ծառատունկ, անտառատունկ՝ թվային հստակ ցուցանիշներով, որոշակի սահմանափակումներ՝ Երևանում ժամկետանց ավտոմեքենաների շահագործման համար, որոնք մեծ աղտոտիչներ են, և մի շարք այլ ուղղություններ, որոնց առումով Երևանի քաղաքապետարանն ունի լիազորություն՝ գործուն քայլեր իրականացնելու համար»,- նշել է քաղաքապետը:
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը երկու ավտոմատ դիտակայան է ձեռք բերել, որոնք մայրաքաղաքում պիտի տեղադրվեն այս տարվա առաջին եռամսյակում։ Գնման համար պետբյուջեից 300 մլն դրամ է հատկացվել։ Այս դիտակայանները հնարավորություն կտան պարզել օդի աղտոտվածության տվյալ պահի մակարդակն ու կանխատեսումներ անել։ Կորոշվի նաև օդում փոշու մանր մասնիկների խտությունը։
Թե որտեղ են տեղադրվելու դիտակայանները, այս պահին անհայտ է. ՊՈԱԿ-ը դիմել է քաղաքապետարանին, որ հողատարածք հատկացնեն։ Գայանե Շահնազարյանը նշում է՝ չափանիշներ կան, որոնց պիտի համապատասխանի կառուցման վայրը․ պիտի լինի բաց տարածքում, ճանապարհից հստակ հեռավորության ու բարձրության վրա։ Երևանում, նրա խոսքով, նման տարածք գտնելը հեշտ չէ, իսկ կամայական տեղ դիտակայան տեղադրելը ինքնանպատակ կլինի։
Քաղաքապետարանը հավատում է՝ նոր դիտակայանների գործարկմամբ հնարավոր կլինի տեսնել քաղաքի օդի աղտոտվածության իրական պատկերը, հետո որոշել՝ դիմակ դնել, թե ոչ։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել