
Կապանի լեռնահարստացման կոմբինատում իրականացված ստուգման արդյունքներով քրեական վարույթ է նախաձեռնվել
Հունվարի 15-ին Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքներով: Հաղորդումը ՔԿ ներկայացրել էր ԲԸՏՄ-ն:
Հիշեցնենք, որ, ըստ ԲԸՏՄ-ի, ԼՀԿ-ի կողմից ապօրինի արդյունահանվել է 2895 տոննա հանքաքար, որը պարունակել է 13,5 կգ ոսկի, 251 կգ արծաթ, 23 տոննա պղինձ, 153 տոննա ցինկ եւ 18 տոննա կապար: Սակայն կոմբինատը համաձայն չէ տեսչական մարմնի հետ, եւ այժմ դատարանում երկու հայցով վիճարկում է ԲԸՏՄ-ի գործողությունները:
Քննչական կոմիտեն «Հետքին» փոխանցել է, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Օրենսդրական այս դրույթը սահմանում է, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, որն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է հասցրել հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է 1-3 տարով ազատության սահմանափակմամբ կամ 1-2 ամիս կարճաժամկետ ազատազրկմամբ կամ 2-5 տարվա ազատազրկմամբ: Այս պարագայում առանձնապես խոշոր չափ է համարվում 5 մլն դրամը գերազանցող գումարը (արժեքը): Սակայն 281-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը եւ հաշվարկված տույժերը:
Տես նաեւ՝
- Կապանի լեռնահարստացման կոմբինատը դատի է տվել տեսչական մարմնին
- Տեսչական մարմին. Կապանի կոմբինատը ապօրինի 2900 տոննա հանքաքար է արդյունահանել, նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե
- «Հետքի» հրապարակումից հետո տեսչական մարմինը ստուգում է սկսել Կապանի ԼՀԿ-ում
- Կապանի լեռնահարստացման կոմբինատն արձագանքել է «Հետքի» հոդվածին
- Տեսչական մարմինը Կապանի ԼՀԿ-ում ստուգում կիրականացնի. կառույցը չի հերքում, որ Սյունիքի տարածքային բաժնի պետն այնտեղ է աշխատել
- Ըստ բնակիչների՝ Կապանի ԼՀԿ-ն սկսել է Շահումյանի հանքի բաց եղանակով շահագործման աշխատանքներ. ընկերությունը հերքում է
Մեկնաբանել