HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց և որևէ հարցի պատասխանելուց

Փետրվարի 25-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։ 

Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը դատարանին կրկին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ և վերադառնալով՝ հայտնել է, որ միջնորդությունը թողնում է առանց քննության, ինչպես նախորդ անգամ։

Այնուհետև գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը հնչեցրել է դատախազության առաջարկը՝ կապված դատական ​​քննության ընթացքում ապացույցների հետազոտման հաջորդականության հետ։ Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպան Ավրահամ Բերմանը ապացույցների հետազոտման հաջորդականության վերաբերյալ առաջարկություններ չեն արել։

Ռուբեն Վարդանյանն այնուհետև հայտնել է, որ հացադուլի պատճառով իրեն վատ է զգում, դատավորը ընդմիջում է հայտարարել։

Ընդմիջումից հետո նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը քրեական դատավարության կողմերին բացատրել է դատական ​​քննության ընթացքում ապացույցների ներկայացման կարգը։

Դրանից հետո Ռուբեն Վարդանյանին առաջարկվել է ցուցմունք տալ, սակայն նա հրաժարվել է։

Այնուհետև պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազները սկսել են հարցեր ուղղել Ռուբեն Վարդանյանին։ Այդ հարցերը առնչվել են արցախյան պատերազմի հետևանքով Ադրբեջանի կրած վնասների մասին Ռուբեն Վարդանյանի վերաբերմունքին, Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի հետ հարաբերություններին, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադրամի հետ ունեցած կապին, ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելուն և ՀՀ քաղաքացիություն ընդունելուն։ Հարցեր են հնչել նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Զորի Բալայանի և այլոց հետ ունեցած կապերի մասին։ 

Գլխավոր դատախազի օգնական Թուգայ Ռահիմլին հարցրել է նաև, թե ով է երաշխավորել Ռուբեն Վարդանյանին՝ Արցախի պետնախարար նշանակվելիս և թե ում հետ է Վարդանյանը խորհրդակցել այդ մասին։ Այնուհետև, ըստ  «Ազերթաջ»-ի, թարգմանչի մասնակցությամբ ցուցադրվել և ուսումնասիրվել է Ռուբեն Վարդանյանի քրեական գործի նյութերում առկա մի հարցազրույց, ինչից հետո դատախազները հարցեր են հնչեցրել այդ հարցազրույցի վերաբերյալ։

Ռուբեն Վարդանյանն իրեն ուղղված հարցերից ոչ մեկին չի պատասխանել։ Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է մարտի 4-ին։

Նշենք, որ փետրվարի 19-ին Ռուբեն Վարդանյանը իր ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ ասել է, որ հացադուլ է հայտարարում՝ ի նշան իր նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության։ Նա դիմել էր աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին․ «Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել»,- նշել էր նա։ 

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել է Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմա-քաղաքական մյուս ղեկավարների գործից և քննվում է առանձին վարույթով։ Նրան առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանը իր գործով առաջին նիստից առաջ՝ հունվարի 16-ին, ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով ուղերձ էր փոխանցել, որում նշել էր, որ մինչև հիմա իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված։ Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Վարդանյանը պահանջում է բաց, հրապարակային դատաքննություն։

Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter