HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսական համագործակցություն Հայաստանի և Հունգարիայի միջև

Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համաձայնագիր կկնքվի։ Նախագիծն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության կողմից։

Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են 2022 թվականին՝ 10 տարվա կասեցումից հետո։ Հիշեցնենք, որ Հայաստանը Հունգարիայի հետ հարաբերությունները կասեցրեց 2012-ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին:

2024-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց Հունգարիայում դեսպանություն ունենալու նախագիծը։

Այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում ընդունված որոշմամբ գործադիրում նախատեսում են զարգացնել Հունգարիայի հետ առևտուրը, դեղագործական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ։

Հայաստանից Հունգարիա արտահանումների ծավալը 2023 թվականի առաջին կիսամյակում կազմել է շուրջ 260 հազար դոլար, իսկ 2024-ի նույն ժամանակահատվածում՝ շուրջ 610 հազար դոլար։

Ներմուծման ծավալը գրեթե չի փոխվել երկու տարիների կոնկրետ ժամանակահատվածներում. 2023-ի առաջին կիսամյակում՝ շուրջ 15 մլն դոլար, իսկ 2024-ի նույն ժամանակահատվածում՝ շուրջ 14,8 մլն դոլար։

Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում:

Կառավարությունը նշում է՝ նման համաձայնագրեր մեր պետությունը կնքել է բազմաթիվ երկրների հետ:

Ըստ հիմնավորման՝ համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողով կստեղծվի երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:

Լուսանկարում՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը (աջից) եւ նրա հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոն/mfa.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter