HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Շվեյցարական դատարանը բավարարել է Հայաստանի հարցումը՝ բացահայտելով ֆինանսական գործարքների մանրամասները

Շվեյցարիայի դաշնային քրեական դատարանը փետրվարի 19-ին բավարարել է Հայաստանի Գլխավոր դատախազության 2020 թ. ապրիլի 29-ին ներկայացրած իրավական օգնության հարցումը: Այս մասին գրել է Gotham City մեդիա հարթակը՝ ներկայացնելով որոշ մանրամասներ։

Դատական գործը վերաբերում է Հայաստանում 2019 թ.-ի ապրիլից քննվող մի քրեական գործի, որի մեղադրյալներից երկուսը Ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատակիցներ են՝ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը և Ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Արա Կոթողյանը։

Ֆինանսական փոխանցումները և Շվեյցարիայի ներգրավվածությունը

Համաձայն դատական փաստաթղթերի՝ Հայաստանի իրավապահները Շվեյցարիայից խնդրել էին տվյալներ տրամադրել այդ երկրում գրանցված «Ատլաս Ինտերնացիոնալ Հոլդինգ AG» (Atlas International Holding AG) բաժնետիրական ընկերության և հայկական երկու ընկերությունների միջեւ կատարված ֆինանսական գործարքների մասին։

«Ատլաս Ինտերնացիոնալ Հոլդինգ AG»-ն մասնագիտացած է ճանապարհային անվտանգության տեխնոլոգիաների, ճանապարհային նշանների, տեսանկարահանող սարքերի և հաշվառման համարանիշերի արտադրության մեջ։

Դատական փաստաթղթերից  պարզվել է, որ 2011-2019 թթ. «Ատլաս Ինտերնացիոնալ Հոլդինգ AG»-ն շվեյցարական բանկի իր հաշվից 3,132,698 ԱՄՆ դոլար և 106,636 եվրո է փոխանցել «Արտ-Լար Ֆինանս ընդ Ըքաութինգ» եւ «Արտ-Լար Ֆինանս» ՍՊԸ-ների հաշվեհամարներին:  

Հայաստանյան ընկերությունների կապը «Ատլաս Ինտերնացիոնալ Հոլդինգ AG»-ի հետ

Շվեյցարական «Ատլաս Ինտերնացիոնալ Հոլդինգ AG» ընկերությունը բաժնեմաս ունի երկու հայկական ընկերություններում՝«Բիլլ Սթոուն» և «Արտ-Լար Ֆինանս ընդ Ըքաութինգ» ՍՊԸ-ներում։

Հայկական «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն 2005թ․-ին հիմնադրվել են Լիանա Սահակյանը եւ Լարիսա Վարդանյանը: 2008-2013թթ․ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր է դարձել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Անդրեյ Իգոնինը։ 

2013թ․ դեկտեմբերի 26-ից ընկերության 70% բաժնեմասն անցել է Շվեյցարիայում նույն տարում գրանցված «Ատլաս Ինտերնացիոնալ Հոլդինգ AG»-ին, իսկ 30%-ը՝ Հայաստանում գրանցված «Արտ-Լար Ֆինանս ընդ Ըքաութինգ» ՍՊԸ-ին: Ըստ «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ի 2024թ.-ի իրական շահառուների հայտարարագրի՝ ընկերության 79,21 %-ը բաժնեմասը պատկանում է Գերմանիայի քաղաքացի Արթուր Կոնրադին, իսկ 21,79 %-ը՝ Լարիսա Անանյանին: 

«Արտ-Լար Ֆինանս ընդ Ըքաութինգ» ՍՊԸ-ն  հիմնադրվել է 2006 թ. մայիսին,  հիմնադիրներն են՝ Լարիսա Անանյանը եւ Արման Վարոսյանը: 2018-ի փետրվարից ընկերության  48% բաժնեմասը նույնպես պատկանում է «Ատլաս Ինտերնացիոնալ Հոլդինգ AG»-ին, իսկ 52%-ը՝ Լարիսա Անանյանին։ 2025թ.-ի իրական շահառուների հայտարարագրով՝ «Արտ-Լար Ֆինանս ընդ Ըքաութինգ» ՍՊԸ-ի 52%-ը պատկանում է Արթուր Կոնրադին, 48%-ը՝ Լարիսա Անանյանին։

Արթուր Տոնոյանի և Արթուր Կոնրադի կապը

2019 թ.-ին Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և մրցակցային միջավայրին խոչընդոտելու համար։

Ըստ մեղադրանքի՝ Տոնոյանը նպաստել է, որ Հայաստանում տրանսպորտային միջոցների համարանիշերի մատակարարման շուկան մենաշնորհային դառնա՝ սահմանափակելով մրցակցությունը։ Արդյունքում պետությանը հասցվել է մոտ 67 մլն դրամի վնաս։

ՀՔԾ-ն պարզել է, որ Արթուր Տոնոյանը բարիդրացիական հարաբերություններ է ունեցել 20 տարուց ավելի ՃՈ ծառայությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր մատակարարող, Գերմանիայի Դաշնության քաղաքացի Արթուր Կոնրադի և նրա մասնակցությամբ գործող «Բիլլ սթոուն» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Իսրայելյանի հետ։ 

Այս գործով երկրորդ մեղադրյալը Ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Արա Կոթողյանն է, նա  եղել է նաեւ պետական գնման գնահատող հանձնաժողովի նախագահը: Արա Կոթողյանը մեղադրվում է՝ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: 

Համաձայն մեղադրանքի՝ Կոթողյանը, Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) ծառայության ղեկավարության հետ հարաբերությունները չփչացնելու համար ՃՈ կողմից գնման օրենսդրության պահանջների կոպիտ խախտմամբ կազմված և ՀՀ ոստիկանության տնտեսական վարչություն ներկայացված գնման հայտը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու փոխարեն գնման ընթացակարգում ներառել է ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանի կազմած՝ «ԲԻԼԼ-ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի տեխնիկական հնարավորություններին համապատասխանող, այդ կերպ ցանկացած գնման գործընթացում այդ ընկերության ապագա հաղթանակը էապես կանխորոշող գնման առարկայի բնութագիր։

Այս գործով երրորդ մեղադրյալը Արտակ Վարոսյանն է՝ «Արտ-Լար Ֆինանս ընդ Ըքաութինգ» եւ «Արտ-Լար Ֆինանս» ՍՊԸ-ների տնօրենը: 

Ըստ մեղադրանքի՝ նա 2011-2019 թթ. «Ատլաս Ինտերնացիոնալ Հոլդինգ AG»-ի հետ կնքել է 4 կեղծ պայմանագիր, որոնց շնորհիվ ստացել է մոտ 3.3 միլիոն դոլար, սակայն այդ գումարները չի արտացոլել հարկային հաշվետվություններում։ Արդյունքում պետբյուջե չի վճարվել 276 միլիոն դրամի հարկ (տույժ-տուգանքներով՝ 577 միլիոն դրամ)։ Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վարոսյանը փորձել է մոլորության մեջ գցել քննիչներին՝ ներկայացնելով կեղծ փաստաթղթեր։

Չնայած այս դատական գործընթացին, Արթուր Կոնրադը 2024 թ.-ի դեկտեմբերին եւս մեկ  ընկերություն է հիմնադրել Հայաստանում: «Մոտուս փրոդաքշն էնդ թրեյդ» անվամբ ընկերության իրական շահառուների հայտարարագրով՝ միակ մասնակիցը Մոտուս Կապիտալ Ազատ գոտու ընկերությունն է, որն ունի հինգ բաժնետեր՝ Արթուր Կոնրադը ընկերությունում ունի 60% բաժնեմաս: Ընկերության գործունեության տեսակը հստակ չէ, սակայն ՊԵԿ-ում այն գրանցվել է որպես «այլ ծառայությունների մատուցում»։ 

Թե ինչ ազդեցություն կունենա Շվեյցարիայի դատարանի որոշումն այս գործի վրա, դեռևս պարզ չէ։ Սակայն այն կարող է լրացուցիչ ապացույցներ տրամադրել Հայաստանի իրավապահներին՝ բացահայտելու այս ֆինանսական սխեմաների ամբողջական պատկերը։

Կոլաժում՝ ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը (հեղինակ՝ Նարե Պետրոսյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter