HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամի օճառային ծաղիկներն ու գույները

Արեւոտ ձմեռային մի օր, երբ դեռ ձյուն չէր եկել, երեւանյան այգիներից մեկում հանդիպեցի Մարիամին։ Նա Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից էր եկել, պայմանավորված ժամից էլ մի փոքր շուտ։

Ձմռան քամին սառն էր, ու քիչ անց սկսեցինք քայլել այգում։ Մեր քայլերի հետ զրույցը շերտ առ շերտ բացվում էր, ու, կարծես, հենց քամին էր ուղղորդում մեր զրույցը՝ Մարիամին մոմերի պատրաստումից ու օճառագործությունից տանելով դեպի 44-օրյա պատերազմի իր «խրամատը»։

Մարիամ Իսրայելյանը 20 տարեկան է։ Արարատի մարզի Զորակ գյուղում է ծնվել, մեծացել, դպրոց գնացել։ Հիմա Մարմարաշեն գյուղում է բնակվում։

Հեռավար եղանակով սովորում է Չինաստանի ազգային համալսարանում՝ միջազգային հարաբերությունների բաժնում։ Պատմում է, որ Զորակի դպրոցում «Հավեսին սենյակ» էր բացվել, որտեղ նաեւ չինարեն էին սովորեցնում։ Մարիամը չինարենը համարում է տրամաբանության լեզու։ 6 ամիս չինարենի դասերին հաճախելուց հետո սկսել է ինքնուրույն ուսումնասիրել լեզուն։ Երբ տանը մի բան սրտով չէր լինում, կատակով ասում էր, թե Չինաստան կգնա, տնեցիները կկարոտեն։ Բակում հին ավտոտնակ ունեին, որ չէին օգտագործում, այնտեղ ներքնակ էր դրել ու սկսել չինարեն պարապել։

Հետո մասնակցել էր «Չինական կամուրջ» մրցույթին, ինչի արդյունքում էլ հնարավորություն է ստացել սովորելու Չինաստանի ազգային համալսարանում։

Օճառներ է պատրաստում սեփական բաղադրատոմսով

Մարիամը դեռ դպրոցական տարիներից սկսել է օճառ պատրաստել։ Դասընկերը մաշկային խնդիր ուներ, եւ ինքն սկսել էր փորձարկումներ անել՝ բնական նյութերից դիմակներ ու օճառներ պատրաստելով դեմքի համար։ «Դրանք բավականին օգնում էին,- հիշում է Մարիամը,- չնայած շրջապատում բոլորը վախենում էին, նաեւ այդ դասընկերոջս մայրը, որը հիմա ինձ ասում է՝ առանց օճառի մեր տուն չմտնես։ Հիշում եմ մեր ուսուցիչներից մեկն ասեց՝ էդ տղային դու տունը կթողնես, էնքան կավերես դեմքը։ Բայց ոչ մի վատ բան չեղավ։ Ակնեի նման խնդիր էր, բայց ակնե չէր, մաշկը չոր էր»: Ի վերջո, Մարիամին հաջողվել էր օգնել ընկերոջը։

Մինչեւ օճառագործության անցնելը Մարիամն ուսումնասիրում, կոսմետոլոգիական գիտելիքներ էր հավաքում չինական աղբյուրներից։ Նշում է, որ չինացի կանայք իրենց մաշկն ու մազերը շատ են սիրում: «Անդադար մտածում էի՝ ի՞նչ կլինի, եթե հայ կանայք նման լինեին չինացի կանանց։ Մեր կանայք ավելի գեղեցիկ են, բայց նրանց միջին խավի կանայք, առանց արհեստական միջամտությունների, կարեւորում են խնամքը, ու դա թույլ է տալիս իրենց ավելի շատ սիրել, ժամանակ տրամադրել, իսկ մեր կանայք չեն հասցնում»,- ասում է զրուցակիցս։

Օճառագործության սկզբնական փուլում մոր եւ տատիկի վրա փորձարկումներ էր անում՝ նրանց համար հիմնականում բանջարեղենային դիմակներ էր պատրաստում։

Առաջին փորձերը, սակայն, հաջող չէին։ Ասում է՝ այդ ժամանակ հասկացել էր, որ համացանցը որքան էլ օգնի, պետք է սեփական գաղափարով ու մտահղացմամբ շարժվել։

«Սկսեցի ստեղծել իմ բաղադրատոմսերը։ Հետո հասկացա, որ օճառագործության եւ մոմագործության մեջ գլխավորը, եթե ուզում ես բիզնես դարձնել, հովանավոր ունենալն է, ու պարտադիր չէ, որ ֆինանսական լինի, մարկետինգային, տեխնիկական հարցերում էլ կլինի»,- նկատում է Մարիամը։

Նա իր աշխատանքները հիմնականում ինստագրամյան էջում է ներկայացնում, որի միջոցով էլ պատվերներ է ստանում։ Վաճառքից ստացած գումարից նաեւ բաժին է հանում եղբորը, որը ժամկետային զինծառայող է։

«Ես զգացի, որ իմ խրամատը Մասիսի հիվանդանոցն է»

«16 տարեկանում ավարտվեց մանկությունս, որովհետեւ սկսվեց պատերազմը։ Էդ ժամանակ էր, որ գնացի Մասիսի հիվանդանոց»,- հիշում է Մարիամը։ Դասընկերուհու հետո դրանից մեկ-երկու տարի առաջ մասնակցել էր «Կարմիր խաչի» առաջին բուժօգնության դասընթացներին, իսկ հետո կամավոր էին աշխատում բարեգործական ճաշարանում՝ ծերերին սնունդ էին մատուցում։

Մասիսի հիվանդանոց գնալու որոշումը պատահական չէր։ Բարեկամի որդին՝ Արտակը, որը Մարիամի կյանքում առանձնահատուկ տեղ ունի, կամավորագրվել էր։

«Եթե ինձ ասեն՝ մանկությունդ մի բառով նկարագրի, կասեմ՝ Արտակ։ Շատ ժամանակ իր լռությունն ինձ ավելի շատ բան է ասել, քան շատերի խոսքերը։ Էնքան կապված էինք իրար հետ, որ երբ կամավորագրվեց, գնաց, իր խոսքերը մնացին մեջս՝ «ամեն մեկս մեր խրամատում»։ Ես զգացի, որ իմ խրամատը Մասիսի հիվանդանոցն է»,- պատմում է 20-ամյա աղջիկը։

2020 թ․ սեպտեմբերի 29-ին Մարիամը հայտնվել էր Մասիսի հիվանդանոցում։ 16 տարեկան էր։ Մի կողմից՝ պատերազմ էր, մյուս կողմից՝ կորոնավիրուսի համավարակ։ Երբ հիվանդանոց էր մտել, անվտանգության աշխատակիցը գոռացել էր․ «Կա՛մ դուրս, կա՛մ ներս, աղջիկ ջան, ի՞նչ ես ուզում»։

«Միշտ ասում եմ՝ իր ձայնը փոխել ա իմ կյանքը։ Էդ պահին հասկացա, որ ուզում եմ լինել էդտեղ ու մի կողմ դնել ամեն ինչ, ոնց որ շատ-շատ տղաներ են անում դիրքերում»,- հիշում է Մարիամը։ Այդ օրն Արտակի հետ վերջին զանգն էր։ Վերջինս ասել էր, թե ռազմաճակատում նույնիսկ երեխան է համարձակ դառնում, քանի որ հողն այնքան է կապում իրեն, որ, կարծես, ամպերից վերեւ զգաս քեզ։ «Ու ես կատակով ասեցի՝ ապեր, ամպերից վերեւ զգալու համար բավականին շուտ ա, դեռ երեխա ունենալ, կին ունենալ կա, վերջիվերջո, ես ու՞մ վրա պիտի մուննաթ գամ որպես փոքր տալ։ Ասեց՝ ամեն ինչը հետո, մի ուրիշ հարթության վրա։ Արդեն հիվանդանոցում էի, որ զանգեց։ Մինչեւ վերջ հավատում էի, որ մի օր գալու է»,- պատմում է Մարիամը։

Պատերազմի ու Մարիամի առաջին «հանդիպումը» հիվանդանոցի վերելակի մոտ էր։ «Պատգարակ էին տանում, չգիտեի, որ զոհված է, մտածում էի, որ պիտի օգնեմ։ Էդ ժամանակ մի տղա արցունքն աչքերին ինձ հրեց դեպի պատը, ասեց՝ արի էս կողմ, դու իրան էլ ոչ մի բանով չես կարա օգնես։ Չգիտեի՝ ինչ անեի, ոնց արդարանայի, ուզում էի արդարանայի մի բանի համար, որի հետ կապ չունեի»,- հիշում է նա։ Զոհվածին ճանաչել էր՝ պապի հարեւանն էր. պատերազմից մեկ տարի առաջ այդ տղան առաջնեկ էր ունեցել, որին 5 տարի սպասել էին։ «Մեքենայոց եկավ, լոսամուտը իջեցրեց, պապիս կանչեց՝ հոպարս, անպայման կգաս մեր տուն, տղա եմ ունեցել: Ամբողջ փողոցն ուրախ էր իր համար… Ու հիվանդանոցում իրեն էդպես տեսնելը դեռ սկիզբն էր իմ տեսածների»,- հիշում է Մարիամը։

Հոկտեմբերի կեսերին «Մուրացան» հիվանդանոց բազմաթիվ վիրավոր զինվորներ էին բերել, օգնության կարիք կար։ Մարիամն ասում է, որ երբ Մասիսում հայտնեցին այդ մասին, ինքը համաձայնել էր Երեւան գնալ, բայց մի զանգ անելուց հետո։ Մորն էր զանգել, ասել, որ հեռախոսի լիցքը քիչ է, կարող է անջատվել, չզանգի իրեն, բայց դա հորինել էր, որ չզանգեն իրեն։ Ընդ որում՝ Մասիսի հիվանդանոցում կամավորությունն էլ էր թաքցրել՝ տնեցիներին ասել էր, թե վիրավորներին սնունդ ու հյութ է հասցնում, մինչդեռ առաջին բուժօգնություն էր ցուցաբերում։

-Էդ ժամանակաշրջանը շատ սովորեցնող էր, շատ խորը հետք է թողել իմ մեջ։ Դրանից հետո իմ վերաբերմունքը գրեթե ամեն ինչի հանդեպ փոխվել է։ Էդ ժամանակ ինձ մոտ պատերազմ էր մամայիս տված դաստիարակության, մամայիս՝ երբեք չստելու սկզբունքի դեմ,- ասում է զրուցակիցս։

-Այսինքն՝ սուտ էիր խոսում:

-Հա, մարդն ընդունակ է ամեն ինչի։ Միշտ ասում էի՝ սուտը չեմ ների։ Եկավ պահը, որ մամայիս էնպես խաբեցի, որ կարող է չներեր։

-Ո՞նց իմացան։

-Մեր տուն մարդ եկավ՝ պապայիս նախկին հրամանատարի տղան էր։ Ինձ տեսել էր «Մուրացանում», ու պապաս զանգեց, ասեց՝ ու՞ր ես։ Դասընկերս Մասիսից եկել էր, գնացել էինք մեր մյուս դասընկերոջ տուն՝ պարապելու: Պապաս պատմել էր իր հրամանատարի մասին։ Ասեց՝ արի տուն, իր տղան ա եկել։ Գնացի, տեսա, հիմա մտքումս աղոթք եմ անում, ասում եմ՝ մի հիշի։ Եկավ, ճակատս պաչեց, ասեց՝ էս դու սա՞ղ ես մնացել։ Ասեցի՝ բայց ի՞նչ ա եղել: Հետո դրեց պատմեց, ասեց՝ ուրիշից է իմացել: Պապաս ասեց՝ թեման փակ ա, կարծիք չի հայտնելու: Ես էդ լռությունը հասկացել եմ. պապաս իմ փոխարեն նույնը կաներ, իսկ մաման, քանի որ չգիտի, երբեք չի ընդունի իմ արածը: Չնայած հիմա կարող է ընդունի, որովհետեւ արդեն զինվորի մայր է։

Տանն այսքանով փակվել է Մարիամի կամավորության մասին խոսակցությունը: Մինչեւ զինադադարը նրա ինքնազգացողությունը վատացել էր, շտապօգնությամբ տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ անցկացրել էր 21 օր: Չնայած դրան՝ ասում է, որ նույն բանը նորից կաներ, քանի որ հիվանդանոցում իր օգնության կարիքը կար: Նշում է, որ այդ օրերին կամավորությունն իրեն կոփել են, ավելի ուժեղ է դարձրել:

Հիմա օճառագործությունը թերապիայի պես բան է 20-ամյա Մարիամի համար: Իր գործը նվիրումով է անում, ամեն դետալի մասին մտածում է:

Մարիամի օճառները ոչ միայն ձեռքերի, այլեւ դեմքի խնամքի ու մաշկային խնդիրների համար են: Ամենապահանջված օճառները ծաղկեփնջի տեսք ունեն: Ասում է՝ դրանք մեծ աշխատանք են պահանջում, դրա համար էլ կանխավճար է վերցնում, ինչը որոշ գնորդների սրտով չէ, բայց դրանով ինքը օճառների հումքն է գնում:

-Ի վերջո, ո՞վ է Մարիամը,- վերջում հարցնում եմ նրան:

-Մարիամը աղջիկ է, որը հստակ գիտակցում է, թե ինչի համար է ապրում։ Ապրում է՝ աշխարհն իր ուժերի ներածին չափով փոխելու, դրականն անելու ու ավելի լավը դարձնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր