HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու՞ են գողանում ավտոմեքենաների համարանիշերը

Ավտոմեքենայի համարանիշեր գողացողների գործելակերպը հիմնականում նույնն է։ Հանցագործները գողանում են համարանիշերը, այնուհետև կապ հաստատում մեքենայի սեփականատիրոջ հետ և առաջարկում որոշակի գումարի դիմաց վերադարձնել։ Այս սխեման ավելի լավ հասկանալու համար կարող ենք դիտարկել նմանատիպ դրվագով դատական գործերից մեկը։ 

Արկադի Ալեքյանը 2023 թ․-ի ապրիլի 5-ին «Telegram» սոցիալական հարթակում գործող «Telegram mard 1221» ալիքին է գրել և համագործակցության  ցանկություն հայտնել։ Ալեքյանը ասել է, որ պատրաստվում է պետհամարանիշ գողանալ և խնդրել է կազմակերպել գումարի փոխանցման հետ կապված հարցերը։ Արկադի Ալեքյանը ընկերոջ՝ Հայկազ Սահակյանի հետ գնացել է Վարշավյան փողոցի 4-րդ շենք, և հափշտակել են շենքի դիմաց կայանված, Արշակ Գևորգյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի «KK 430 KP» վրացական հաշվառման համարանիշերը։ Գողությունը կատարեուց հետո Արկադի Ալեքյանը և Հայկազ Սահակյանը մեքենայի դիմապակուն են փակցրել «Telegram mard 1221» ալիքի անունը։ Գողացված պետհամարանիշը թաքցրել են, լուսանկարել տեղանքը և ուղարկել «Telegram mard 1221» ալիքին: Մի քանի ժամ անց մեքենայի սեփականատերը նկատել է, որ համարանիշերը գողացել են։ Նա կապ է հաստատել դիմապակուն փակցված տելեգրամյան ալիքի հետ։ Նրանից պահանջել են վճարել 25-30 հազար դրամ՝ համարանիշերը վերադարձնելու համար։ Վերջինս սակարկել է և համաձայնել փոխանցել գումարի մի մասը՝ 7000 դրամ։ Գումարը փոխանցվել է «Telegram mard 1221»-ի տրամադրած կրիպտոարժույթով դրամապանակին։ Սակայն համարանիշերը չեն վերադարձրել մեքենայի սեփականատիրոջը։ Նա որոշել է դիմել Ոստիկանություն։ «Telegram mard 1221» տելեգրամյան ալիքի կողմից բանակցությունները շարունակվել են։ «Մերսեդեսի» սեփականատերը նրանց ասել է, որ դիրքեր է բարձրանում և առաջարկել է վերադարձնել համարանիշը, իսկ գումարի մյուս մասը կփոխանցի, երբ վերադառնա մարտական դիրքերից։ «Telegram mard 1221» տելեգրամյան ալիքի համակարգողը համաձայնել է և ուղարկել տեղանքի լուսանկարը, որում երևում է, թե որտեղ է թաքցրած համարանիշը։

Ոստիկանությունը տուժողի բողոքը ստանալուց հետո բջջային օպերատորից ստացել է լազերային սկավառակ, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Telegram mard 1221» տելեգրամյան ալիքի հետ նամակագրություն է ունեցել Հայկազ Սահակյանը։ Նա և Արկադի Ալեքյանը ընդունել են իրենց մեղքը։ Դատարանը 2024 թվականի փետրվարի 14-ին Հայկազ Սահակյանին և Արկադի Ալեքյանին մեղավոր է ճանաչել և որոշել է տուգանել 750 հազար դրամի չափով։

Հայկազը և Արկադին միակը չեն այս բիզնեսում

Ներքին գործերի նախարարությունը տվյալներ է տրամադրել, թե վերջին հինգ տարում քանի հաղորդում է ստացվել ավտոմեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ։ Տարեկան հաղորդումների թիվը գրեթե չի փոխվում, միայն 2023-ին է դեպքերի թիվը, նախորդ տարվա համեմատ, նվազել 21%-ով՝ 1 906 հաղորդում, բայց հաջորդ տարում ավելացել է 21․8%-ով՝ 2 321։ Սա միայն Ոստիկանություն ստացված հաղորդումների թիվն է, բայց լինում են դեպքեր, երբ վարորդը չի դիմում Ոստիկանություն։

project-03.jpg (151 KB)

Հանցագործներն առավել շատ գողանում են մեքենայի մասեր՝ կողային հայելիներ, մարտկոցներ, լուսարձակներ, անվադողեր և այլն։ Երբեմն հանցագործները չեն բավարարվում մեքենայից մեկ մասը գողանալով՝ այլ միանգամից մի քանի տարբեր մասեր են գողանում։ 2022 թվականն այս իմաստով կարելի է աննախադեպ տարի համարել։ Ոստիկանության ստացած 2 425 հաղորդումների համաձայն՝ մեքենաներից գողացվել է 16 308 ավտոմաս, մյուս տարիներին այդ թիվը ավելի փոքր է, չի գերազանցում 2 000-ը։ 2022-ին ստացված հաղորդումների 942-ով է Քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնել, որից բացահայտվել է 66%-ը կամ 622-ը։ Այս բացահայտումերի արդյունքում, 68 դեպքով վերականգնվել է տուժողի վնասը։

project-02.jpg (198 KB)

Գողություն կատարողները չեն սահմանափակվում միայն ավտոմասերով, երբեմն կոտրում են ապակին և մեքենայի սրահից իրեր հափշտակում, երբեմն էլ մեքենայի պետհամարանիշեր են գողանում և պահանջում վճարել՝ դրանք վերադարձնելու համար։ Հինգ տարվա ընթացքում մեքենայի պետհամարանիշերը գողանալու ամենաշատ դեպքերն արձանագրվել են 2021-ին՝ 589, հաջորդող տարիներին այս թիվը նվազել է, 2024-ին՝ 240 դեպք։

project-01.jpg (133 KB)

Գլխավոր նկարը պատրաստվել է արհեստական բանականությամբ (Midjourney)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter