
Թմրանյութ վաճառողներն անորսալի չեն
Ֆիլմի նպատակն է հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը։ Թմրանյութերի ապօրինի շրջանառությունը առաջացնում է քրեական պատասխանատվություն։ Թմրանյութի օգտագործումը վնասում է ձեր առողջությունը։
Երևանում թմրանյութ գնելու համար մոտ 30 րոպե պահանջվեց։ Գումարը փոխանցելուց հետո վաճառողն ուղարկեց թմրանյութի տեղադրության կոորդինատները և լուսանկար, թե կոնկրետ որտեղ է այն գտնվում։ Թմրանյութերի ներկրման եւ վաճառքի մասին լեգենդներ են պտտվում: Ասում են, թե այդ գործով զբաղվողներն անորսալի են, նրանց գտնել հնարավոր չէ։ Իրականում այդպես չէ:
Ավանդական մեթոդները վաղուց փոխվել են, թմրամիջոցների բիզնեսը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է առցանց տիրույթ։ 2010-ից հետո թմրամիջոցների վաճառքը կազմակերպելու համար սկսեցին օգտագործել համացանցը։ Հայաստանում առաջին ինտերնետային խանութը իրավապահները բացահայտել են 2016թ․-ին։ Դա «Instagram» սոցիալական հարթակում բացված էջ էր։ «Instagram»-ից բացի օգտագործվում էր նաև «Facebook»-ը։ Գումարներ փոխանցելու համար օգտագործում էին արտասահմանյան ընկերությունների դրամապանակներ՝ «Qiwi», «WebMoney» և այլն։ Կարճ ժամանակ անց թմրանյութ վաճառողները հասկացան, որ այս տարբերակներն ապահով չեն, և իրավապահները հեշտությամբ բացահայտում են թե՛ սոցիալական էջերը, թե՛ դրամապանակները ստեղծողներին։ Բայց բիզնեսը չկանգնեց։ Թմրամիջոցների վաճառքը տեղափոխվեց «Telegram» սոցիալական հարթակ, իսկ գումար փոխանցելու համար սկսեցին օգտագործել կրիպտոարժույթները։
«Telegram»-ն այսօր էլ օգտագործվում է թմրանյութեր վաճառելու համար, և հանրության մոտ տարածված կարծիք կա, որ այդ հարթակում թմրամիջոցների վաճառքով զբաղվողները չեն բացահայտվում։ Այո, դա այդպես է, քանի որ «Telegram»-ը չի համագործակցում իրավապահ մարմինների հետ և տեղեկատվություն չի տրամադրում, ինչը անում են մյուս սոցիալական հարթակները, բայց միայն 2023 թ. Հայաստանի իրավապահ մարմինների կողմից արգելափակվել է տելեգրամյան մոտ 150 էջ։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչպե՞ս են կարողացել արգելափակել այդ էջերը, եթե «Telegram»-ը չի համագործակցում իրավապահների հետ։
Իրավապահներին հաջողվել է բացահայտել «Telegram»-ով թմրանյութ վաճառող անձանց և նրանցից ստանալով էջի գաղտնաբառը՝ արգելափակել են այն։ Ինչպե՞ս, եթե նրանք անբացահայտելի են թվում։ Այս հարցի պատասխանը ցույց տանք Հայաստանում թմրանյութերի վաճառքով զբաղվող տելեգրամյան ամենամեծ հարթակի օրինակով։
Դավիթ Քելեշյան կամ David Van Hoktemberyan․ ինչպես նա կարողացավ համախմբել թմրավաճառներին մեկ հարկի տակ
Դավիթ Քելեշյան. այս անունը իրավապահների շրջանում հայտնի է, քանի որ նա ստեղծել և ղեկավարել է թմրանյութերի վաճառքով զբաղվող տելեգրամյան ամենամեծ հարթակը։ Նա զինվորական է եղել, ծառայել է Ստեփանավանի զորամասում։ 2012 թվականի սեպտեմբերին չի ներկայացել զորամաս և մեկնել է Բելգիայի Թագավորություն։ Քելեշյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 526-րդ հոդվածի առաջին մասով՝ դասալքություն։ Մեզ հաջողվել է պարզել, որ Դավիթ Քելեշյանը մինչև հիմա Բելգիայի քաղաքացիություն չունի։ Նա եղբոր՝ Ղևոնդի հետ 2018թ․-ին հիմնադրել է «Քելեշյան եղբայրներ» («The brothers Keleshyan») ընկերությունը՝ յուրաքանչյուրը 50% բաժնեմասով: Դավիթ Քելեշյանը ընկերության տնօրենն էր: 2022-ին դուրս է եկել տնօրենի պաշտոնից: Ընկերությունը զբաղվում է մեքենաների առևտրով: Դավիթ Քելեշյանը «Telegram»-ում ներկայացված է եղել «David Van Hoktemberyan» անունով։ 2019թ․-ին «Telegram»-ում ստեղծել և ղեկավարել է «Kanachushuka420» ալիքը, որը հետագայում դարձել էր Հայաստանում թմրանյութ վաճառող ամենամեծ առցանց հարթակը։ «Kanachushuka420» հարթակում ներկայացված էին 50-ից ավել տելեգրամյան ալիքներ, որտեղ տեղադրում էին հայտարարություններ, թե ինչ տեսակի թմրամիջոցներ են վաճառում, և ինչ արժեն դրանք։ Այս հարթակով վաճառվում էր միայն մարիխուանա, ավելին՝ նրանք քարոզում էին մարիխուանայի օրինականացումը Հայաստանում։ Դավիթ Քելեշյանը «Kanachushuka420» հարթակում գործող ալիքներին նաև թմրանյութ է մատակարարել, որի համար կազմակերպել է դրա աճեցումը։
«Այդ նպատակով վերջինս ներգրավել է Հայաստանում գտնվող եւ իրեն հավատարիմ մի շարք անձանց՝ հիմնականում բարեկամներին կամ նախկին ծառայակիցներին, եւ ներգրավումից հետո Հայաստանի տարբեր վայրերում ստեղծվել են մարիխուանայի աճեցման համար նախատեսված թաքստոցներ»,- ասում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը։
Երևանում գործող «IGrow» անվամբ խանութում վաճառվել են թմրանյութի աճեցման համար անհրաժեշտ պարագաները՝ սերմ, պարարտանյութ, լույսեր, տրամադրվել է խորհրդատվություն։ Խանութը ղեկավարել է Հայկ Լալայանը։ Անհրաժեշտ պարագաները գնելուց և թմրանյութն աճեցնելուց հետո դրանք մեծ քանակությամբ տեղադրվել են տարբեր թաքստոցներում, որոնց կոորդինատները հետագայում տրամադրվել են «Kanachushuka420» հարթակում թմրանյութ վաճառող ալիքներին։
«Telegram»-ով թմրանյութ վաճառողներն ունեն աշխատակիցներ՝ «կլադմեն»։ Այս աշխատանքին անցնելուց առաջ կլադմենները «Telegram»-ով թմրանյութ վաճառող անձին են գրում և ցանկություն հայտնում աշխատել նրա համար, որից հետո ուղարկում են իրենց եւ անձնագրի համատեղ լուսանկարը և x քանակի գումար՝ որպես գրավ։ Դրանից հետո «Telegram»-ով թմրանյութ վաճառողը կլադմենին է ուղակում մեծ քանակությամբ թմրանյութի գտնվելու վայրը: Կլադմենն այն պետք է կշռի, փաթեթավորի և տեղադրի տարբեր վայրերում, այնուհետև դրանց գտնվելու վայրի լուսանկարները և կոորդինատները ուղարկի «Telegram»-ով թմրանյութ վաճառողին։ Կլադմենին աշխատանքի ընդունելուց առաջ պահանջվող անձնական տվյալների ու գրավի իմաստն այն է, որ մեծ քանակությամբ թմրանյութը վերցնելուց հետո չանհետանա։ Այս գործողություններից հետո թմրանյութը պատրաստ է վաճառքի։ Ցանկացած մարդ, որն ուզում է թմրանյութ գնել, պարզապես գրում է այդ էջին՝ ինչ տեսակի և քանակի թմրամիջոց է ցանկանում։ Այն ալիքները, որոնք վաճառել են իրենց թմրանյութը, ամսական գումար են վճարել Դավիթ Քելեշյանին։ «Kanachushuka420» տելեգրամյան հարթակում թմրանյութ վաճառող ալիքների մի մասը ստեղծել է հենց Դավիթ Քելեշյանը, հետագայում վաճառել է այլ անձանց, իսկ մյուս մասն արդեն գործող ալիքներ են եղել, որոնք ցանկացել են միանալ հարթակին, ինչի համար 10,000 դոլար են վճարել Դավիթ Քելեշյանին։ Թմրանյութ վաճառող ալիքները ամսական գումար են վճարել «Kanachushuka420» հարթակին՝ անդամակցության համար։ Ինչու՞ են տելեգրամյան ալիքներով թմրանյութ վաճառողներն այդքան գումար վճարել «Kanachushuka420» հարթակում գործելու համար։ Պատասխանը պարզ է՝ Դավիթ Քելեշյանը կարողացել է հեղինակություն և ազդեցություն ունեցող հարթակ ստեղծել, իսկ դրան հասնելն այդքան էլ հեշտ չի եղել։ Բացի այն, որ նա կարողացել է Բելգիայից ղեկավարել «Kanachushuka420» հարթակը, կազմակերպել թմրանյութերի աճեցումը և դրանց իրացումը, նա նաև մի քանի այլ կարևոր գործիքներ է ստեղծել հեղինակությունը մեծացնելու և պահպանելու համար։ Այսպիսով՝ կար «Kanachushuka420» հարթակը, որը խանութ ուներ Երևանում եւ թմրանյութ աճեցնելու անհրաժեշտ պարագաներ է վաճառել, կային թմրանյութ աճեցնողներ և «Kanachushuka420» հարթակում թմրանյութ վաճառող ալիքներ։ Հարթակում նաև գործել է տելեգրամյան ալիք, որը զբաղված է եղել հաճախորդների հետ վեճերը լուծելով։ Օրինակ՝ եթե գնորդը վճարել է, բայց թմրանյութ չի ստացել, դիմել է այդ ալիքին և ներկայացրել եղելությունը, որից հետո որոշվել է՝ ով է սխալ։ Այս պատկերը հիշեցնում է դատարան, որը վճիռներ է կայացրել կա՛մ վաճառողի օգտին, կա՛մ հաճախորդի, վերջինիս իրավացիությունը հաստատվելու դեպքում նրան տրամադրվել է թմրանյութը։ Վեճերը լուծող հարթակում պարբերաբար վիճակագրություն է հրապարակվել, որտեղ նշվել է՝ քանի հոգի է դիմել, և ինչ վճիռներ են կայացվել։ Հարթակում պարբերաբար անցկացվել են խաղարկություններ։ Հաղթողներին տրամադրվել է թմրանյութ կամ գումար։ Սրա նպատակը էջի ակտիվությունն ապահովելն ու նոր մարդկանց ներգրավելն է եղել։ Խաղարկություն եղել է նաև առցանց տիրույթից դուրս։ Մասնակիցները երբեմն պարտավորվել են որոշ գործողություններ անել։ Օրինակ՝ խաղարկությանը մասնակցելու համար պետք է եղել քաղաքի տարբեր վայրերում, շենքերի, պատերի վրա գրել թմրանյութ վաճառող տելեգրամյան ալիքների անուններ։ Այս մեթոդը նպաստել է այդ ալիքների ճանաչելիության բարձրացմանը և թմրանյութերի տարածմանը։ Այս ամենն արվել է համակարգված, ինչը նպաստել է «Kanachushuka420» հարթակի և այդտեղ գործող մյուս ալիքների տարածմանը։
Ինչպե՞ս բացահայտվեց Դավիթ Քելեշյանը․ միֆեր կրիպտոգործարքների մասին
«Kanachushuka420»-ը փոխանցումներ կատարելու համար օգտագործում էր կրիպտոարժույթները։ Գործունեության ընթացքում շրջանառվող գումարը, ի վերջո, պետք է օրինական շրջանառության մեջ դրվեր։
«Հանցավոր կազմակերպության մեջ ներգրավվել է նաև կրիպտոարժույթի փոխանակման ոլորտում գործող անձ, ով ստեղծել է անհատ ձեռնարկատեր ընկերություն միմիայն թմրամիջոցների ապօրինի իրացման արդյունքում ստացված փողերի լվացում կատարելու համար»,- ասում է Հովհաննես Համբարյանը:
Ստացվում է՝ փողերը օրինական շրջանառության մեջ դնելու համար հատուկ մարդ է եղել։ Ինչպես նշվում է դատական գործերից մեկում, փոխանակման համար գործել է տելեգամյան էջ, որը ղեկավարել է Գեղամ Գևորգյանը։ Նույն դատական գործում նշվում է Հայկ Լալայանի անունը, որը ղեկավարել է «IGrow» խանութը։ Մոտ 1 տարի 2 ամսվա ընթացքում տարբեր կրիպտոհաշիվներից 779,125 դոլարին համարժեք կրիպտոարժույթ է փոխանցվել Լալայանի՝ «Binance» կազմակերպությունում գրանցված կրիպտոդրամապանակին։ Այս գումարից 703,094 դոլարին համարժեք USDT տեսակի կրիպտոարժույթ փոխանցվել է Գեղամ Գևորգյանի՝ «Binance» կազմակերպությունում գրանցված կրիպտոդրամապանակին։ Գումարը կանխիկացնելուց հետո Գեղամ Գևորգյանն այն առձեռն փոխանցել է Հայկ Լալայանին՝ այդպիսով օրինական դաշտ բերել։
«Մենք բացահայտել ենք Դավիթ Քելեշյանի կողմից կառավարվող կրիպտոարժութային մի քանի դրամապանակներ, որոնց մուտքագրված գումարների ծավալը գերազանցում է 2,5 միլիոն ԱՄՆ դոլարը եւ ներկայում ակտիվ քայլեր են ձեռնարկվում խմբի անդամների եւ անձամբ Քելեշյանի կողմից կառավարվող բոլոր դրամապանակների հայտնաբերման ուղղությամբ և վերջնարդյունքում, վստահ եմ, որ ստացված ապօրինի եկամուտներով փողերի ծավալը շատ ավելի մեծ է լինելու»,- ասում է Հովհաննես Համբարյանը:
Մինչ Գեղամ Գևորգյանին փոխանցումներ կատարելը, կրիպտոարժույթները փոխանցվել են տարբեր կրիպտոհաշիվների, ո՞րն է սրա նպատակը։
«Հանցագործները մտածում են, որ եթե 100 հատ տարբեր կրիպտոկաշիլյոկների միջոցով իրանք գումարը պտտեն, իրավապահ մարմինները հետքը կկորցնեն, էլի, բայց իրականում տենց չի, ցանկացած գործարք՝ թե՛ կրիպտոտիրույթում, թե՛ ռեալ կյանքում, ֆինանսական հետագծելիությունը միշտ թողնում է»,- ասում է ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը:
Դավիթ Քելեշյանի և մյուս թմրավաճառների հիմնական սխալն այն է, որ նրանք կա՛մ չեն գիտակցել, կա՛մ լուրջ չեն վերաբերվել այս փաստին՝ ֆինանսական հետագծելիությունը հնարավոր է նաև կրիպտոարժույթների դեպքում։ Ցանկացած անօրինական գումար հանցագործներն ինչ-որ պահի փորձելու են օրինական շրջանառության մեջ դնել, և հենց այստեղ են հանցագործները սխալվում։ Ինչպես տեսնում ենք, թմրավաճառների մասին շատ պատմություններ ուռճացված են, և նույնիսկ «Telegram»-ում նրանք բացահայտվում են։ Դավիթ Քելեշյանը Բելգիայում ձերբակալվել է, եւ Հայաստանը դիմել է Բելգիայի իրավապահներին՝ նրան արտահանձնելու համար։
Թմրանյութի հետագծով․ ինչպե՞ս է Հայաստան ներկրվում
Իրավապահների խոսքով, Հայաստան ներկրվող թմրանյութերի հիմնական մասն արտահանվում է, այսինքն՝ Հայաստանը տրանզիտ երկիր է թմրանյութերի շրջանառության շղթայում։ Հայաստանի տարածքով այլ երկրներ արտահանվող թմրամիջոցների հիմնական մասն Իրանից է ներկրվում։
«Հայաստանի Հանրապետության համար, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, նաեւ հարեւան պետությունների հետ ունեցած հարաբերությունները, բնականաբար, միակ երկիրը, որը կարող է ելքի երկիր հանդիսանալ, Վրաստանի Հանրապետությունն է։ Սակայն մենք ունենք տեղեկություններ, որ եղել են դեպքեր, երբ Վրաստանի Հանրապետություն տեղափոխված թմրամիջոցների զանգվածը հետագայում տարանցիկ ճանապարհով վերջնարդյունքում հայտնվել է Ուկրաինայի Հանրապետությունում»,-ասում է Հովհաննես Համբարյանը:
Ներկրված թմրամիջոցների մի մասն էլ նախատեսված է տեղական շուկայի համար։ Իսկ ինչպե՞ս են ներկրում, եթե Հայաստանի հետ Իրանի սահմանը վերահսկվում է, անցակետերում ստուգումներ են անցնում մարդիկ, մարդատար մեքենաները, բեռնատարները։ Թմրանյութերը Հայաստան են ներմուծվում ոչ միայն մաքսակետով, այլև սահմանի այլ հատվածներով։ Իրանի սահմանը բարդ ռելիեֆային գոտի է, և իրավապահ մարմինների համար բարդ է վերահսկել ամբողջ տարածքը։ Այս ամենի մասին գիտեն նաև թմրանյութի բիզնեսով զբաղվողները, որոնք մաքսանենգության տարբեր մեխանիզմներ են մշակել։
«Կան անձինք, որոնք Արաքս գետով լողալով անցկացնում են թմրամիջոցները, հետո ցանկապատի վրայով նետում են դեպի Հայաստանի Հանրապետության տարածք»,- ասում է Հովհաննես Համբարյանը:
«2023թ. մի հետաքրքիր դեպք ենք ունեցել, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխված զարդատուփերը, այսինքն՝ ինքը արտաքինից լրիվ զարդատուփ էր՝ կաշվով պատված, բայց ամբողջությամբ պատրաստված էին մետամֆետամին տեսակի թմրամիջոցից, ու փորձ էր արվել դա Հայաստանից ուղարկել Ավստրիա»,- ասում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Անդրանիկ Գևորգյանը:
Բայց թմրանյութերի բիզնեսով զբաղվողները չեն սահմանափակվում միայն Իրանով։ Նոր մեթոդներից մեկն էլ առաքանին է։ Ամեն օր տարբեր ընկերությունների միջոցով առաքանիներ են Հայաստան բերվում, որոնցում կարող են և լինում են նաև թմրամիջոցներ։
«Այո, հիմք ընդունելով մեր էս 24 թվականի 1-ին կիսամյակի բացահայտումները, նախ նշեմ, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից արձանագրվել է մաքսանենգության 159 դեպք՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի հետ կապված, որոնցից 3 դեպքով արտահանման, այսինքն՝ գործարքներն են թիրախավորվել եւ 156 դեպքով էլ հայկական շուկայի համար նախատեսված մաքսանենգության դեպքեր են բացահայտվել։ Էդ դեպքերի գերակշիռ մասը, վիճակագրական տվյալների համաձայն, փոստային առաքումներով է»,- ասում է Անդրանիկ Գևորգյանը։
«Ամբողջապես պայքարել դրա դեմ ֆիզիկապես անհնար է, քանի որ ամեն օր Հայաստանի Հանրապետությունում ստացվում են հազարավոր առաքանիներ, որոնցից մի քանիսում հնարավոր է լինեն թմրամիջոցներ»,- ասում է Հովհաննես Համբարյանը:
Սրանք մի քանի օրինակներ էին, թե ինչպես կարելի է թմրանյութ ներմուծել։ Բայց ձեւերն ու ուղիներն այսքանով չեն սահմանափակվում: Այսպիսով, պարզ է՝ ինչ մեթոդներ և ճանապարհներ են օգտագործվում, բայց մինչ ներկրումը այն պետք է գնել․ ինչպե՞ս և որտեղի՞ց: Հայաստանում թմրանյութերի բիզնեսով զբաղվողները պատվերներ կատարելու համար պարտադիր չէ, որ ֆիզիկապես շփվեն վաճառողների հետ, տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս դա անել անանուն։ «Darknet» կամ սև ցանց․ համացանցի գաղտնագրված հատվածը, որը հասանելի չէ լայն հանրությանը և հնարավոր չէ գտնել ավանդական որոնման համակարգերով: «Darknet»-ը անօրինական գործունեության տիրույթ է, որտեղ կարելի է զբաղվել նաև թմրամիջոցների առուվաճառքով։
«Հանցագործների կողմից էդ պլատֆորմները կամ կայքերը օգտագործվում են ավելի մեծ քանակի թմրամիջոցներ իրենց երկիր՝ պայմանական Հայաստանի Հանրապետություն, ներմուծելու համար։ Առաջին ինտերնետային այդպիսի մեծ խանութն ամբողջ աշխարհին հայտնի դարձավ 2011թ.-ին եւ հայտնի էր «Սիլքրոդ» անունով։ Երբ առաջարկվեց թմրամիջոցի առաջին վաճառքն ինտերնետի միջոցով, դրա բացահայտումից հետո աշխարհում հայտնվեցին էդ դարքնետում բազմաթիվ կայքեր, որոնք առաջարկում էին կրկին ծառայություններ թմրամիջոցների վաճառքի ոլորտում, ու աստիճանաբար թմրաբիզնեսը սեգմենտավորվեց։ Եվրոպական գոտին ունեցավ իր խանութները, նախկին ԱՊՀ երկրներն ունեցան իրենց խանութները, այսինքն՝ մեկ հիմնական խանութ, որը սպասարկում էր կոնկրետ երկրների, մասնավորապես, օրինակ, ռուսալեզու եւ նախկին հետխորհրդային երկրներում մեծ տարածում ուներ «Հիդրա» անունով խանութը դարքնետում»,- ասում է Հայկ Մկրտչյանը:
Տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, դրանցից օգտվում են նաև թմրավաճառները։ Թմրանյութերի ներկրման և վաճառքի մեթոդները պարբերաբար փոխվում են։ «Kanachushuka420» ալիքն այլևս հասանելի չէ բոլորին, այն սահմանափակել է մուտքը և վաճառքը, այս օրինակին են հետևել նաև մյուս թմրավաճառները։ Այսպիսով՝ իրավապահներն ունեն հաջողություններ, բայց թմրանյութի բիզնեսը շարունակվում է նոր մեթոդներով։
Գլխավոր նկարը պատրաստվել է արհեստական բանականությամբ
Մեկնաբանել