HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարկերն ավելի արագ են աճում, քան քաղաքացիների եկամուտները. ի՞նչ են մտածում ԿԲ-ում

2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի բանկերում 1.4 տրլն դրամի սպառողական վարկեր կան։ Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեկ տարվա ընթացքում սպառողական վարկերի ծավալն աճել է 33%-ով։ Նույնքան արագ աճում են հիփոթեքային և շինարարական վարկերը։

Բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը տարեվերջին կազմել է 6.4 տրլն դրամ՝ մեկ տարում աճելով 24%-ով։

Միևնույն ժամանակ, քաղաքացիների եկամուտները չեն ավելանում նույն տեմպով։ Օրինակ՝ պաշտոնական վիճակագրության համաձայն 2024 թվականին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է մոտ 287 հազար (հարկերը ներառյալ) դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 6.4%-ով։ 

Ֆինանսական կայունության համատեքստում դեռևս 2019 թվականից հիփոթեքային և անշարժ գույքի շուկայում զարգացումների վերաբերյալ ԿԲ-ն սկսեց որոշակի ազդակներ փոխանցել, որ այս ոլորտում տեսնում է գերտաքացման ռիսկեր։

Միևնույն ժամանակ, ըստ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Կարեն Բաբայանի, այդ ազդակները չեն նշանակում, որ անշարժ գույքի շուկայում գնանկումներ և փլուզումներ են կանխատեսվում։ «Մենք ընդամենը ահազանգում ենք հավանական ռիսկերի մասին»,- «Հետք»-ի հետ զրույցում ասում է նա։ 

Հարցին՝ արդյոք ԿԲ-ին անհանգստացնու՞մ է վարկերի արագ աճը քաղաքացիների եկամուտների ոչ համաչափ աճի ֆոնին, Կարեն Բաբայանը նշում է, որ Ֆինանսական կայունության համատեքստում լուրջ անհանգստություններ չկան։

«Իհարկե, չեմ կարող բացառել, որ հիփոթեքային վարկերի դեպքում կարող են լինել խնդիրներ կառուցապատող-հաճախորդ հարաբերություններում։ Միկրոմակարդակում որոշակի խնդիրներ հնարավոր են»,- ասում է նա։ 

Բանկերը իրենք են որոշում ում և ինչպես վարկավորել։ ԿԲ-ն բանկերի որոշումների կայացմանը չի միջամտում, սակայն փորձում է հասցեագրել ռիսկերը։ 

«Պահանջարկը սպառողական վարկերի գծով միշտ բարձր է եղել դրական սպասումների ժամանակահատվածում և հակառակը՝ այն կտրուկ անկում է ապրել բացասական սպասումների ժամանակ։ Այսօրվա վարկերի բարձր աճը վկայում է քաղաքացիների եկամուտների աճի և դրական սպասումների մասին»,- կարծում է Կենտրոնական բանկը։

Չաշխատող վարկերի տեսակարար կշիռը սպառողական վարկերում այս պահին մոտ 2% է։ Ըստ ԿԲ-ի՝ սա վկայում է, որ ներկայում վարկերի վերադարձելիության համատարած խնդիր չկա։ «Բնականաբար չեմ կարող բացառել դեպքերը, որ մարդիկ վարկեր են վերցնում որոշակի խնդիրներից ելնելով կամ մյուս վարկերը սպասարկելու համար, բայց առանցքային ցուցանիշները ցույց են տալիս, որ կան դրական սպասումներ»,- նշում է Կարեն Բաբայանը։

2024-ին վարկերի նկատմամբ բարձր պահանջարկը, ըստ նրա, թույլ չի տվել, որ վարկերի տոկոսադրույքները նվազեն՝ չնայած, որ ԿԲ-ն տարվա ընթացքում պարբերաբար իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այլ գործոններ, ինչպիսիք են պետական պարտատոմսերի բարձր տոկոսադրույքները և ներքին պետական պարտքի արագ աճը, ԿԲ-ն չի համարում վարկերի տոկոսադրույքների վրա ազդող առաջնային գործոններ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter