HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այգավանի պայթած լցակայանում նախկինում բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերվել. ի՞նչ է հայտնի լցակայանի մասին

* Նյութի վերնագրում եւ տեքստում կատարվել են փոփոխություններ: Չնայած Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը մեզ փոխանցել էր, որ լցակայանում տեղի ունեցած պայթյունից 4 տուժածներից 2-ը մահացել են, իսկ մյուս 2 տուժածները անչափահասներ են, ավելի ուշ պարզվել է, որ նա շփոթել է այս միջադեպը մեկ այլ միջադեպի հետ. իրականում պայթյունից տուժել է 4 հոգի (ըստ ԱՆ-ի՝ հոսպիտալացվել են 3-ը, որոնցից 2-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, երրորդ հոսպիտալացվածն ավելի ուշ դուրս է գրվել), սակայն զոհ չկա: Հայցում ենք տուժածների եւ մեր ընթերցողների ներողամտությունը տեղ գտած կոպիտ սխալի համար:

Մարտի 4-ին Արարատի մարզի Այգավան գյուղում պայթած լցակայանում Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մինչ այդ բազմաթիվ խախտումներ էր արձանագրել: Սա գազա-բենզալցակայան է, որտեղ վաճառվում էր հեղուկ գազ եւ բենզին: Ըստ տեսչական մարմնի՝ գազալցակայանը շահագործվելու իրավունք չի ունեցել, իսկ բենզալցակայանի գործունեությունն օրինական էր:

ՆԳՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ նախնական տեղեկություններով պայթել է հեղուկ գազի գլանատակառը (25 տոննա): ՓԾ-ի կողմից ավելի ուշ թարմացված ինֆորմացիայի համաձայն՝ պայթյունից առաջացած հրդեհի հետեւանքով այրվել են մեկ հատ 500-լիտրանոց ջրի տարա, 8 հատ 20-լիտրանոց տարա, տերմինալ, գույք եւ կենցաղային իրեր, առաստաղը (մոտ 40 քմ), էլեկտրական մալուխներ (մոտ 500 մ), գովազդային վահանակը եւ մասնակի ջերմահարվել մոտակայքում կայանած Toyota RAV4 ու Infiniti մակնիշների ավտոմեքենաները։

Տեսչական մարմինը լցակայանի խախտումների մասին հայտարարել էր մի տարի առաջ

Հատկանշական է, որ սա այն լցակայանն է, որի մասին ՔՏՀԱ տեսչական մարմինը հաղորդագրություն էր տարածել 2024-ի փետրվարի 19-ին: Նույն հաղորդագրության մեջ ՏՄ-ն հայտնել էր նաեւ Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող լցակայանում արձանագրված խախտումների մասին, որը, ի վերջո, պայթեց նույն տարվա հունիսի 6-ին՝ դառնալով 6 հոգու վիրավորման ու 1 հոգու մահվան պատճառ:

Ըստ հաղորդագրության՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները 2024-ի փետրվարին կապարակնքել էին թե՛ Այգավանի լցակայանը, թե՛ Երեւան-Սեւան մայրուղու լցակայանի բենզալցակայանի հատվածը (վերջինիս գազալցակայանի գործունեությունը օրինական է եղել):

Փաստորեն, ճակատագրի բերումով 2024 թ. փետրվարի 19-ի հաղորդագրության մեջ հիշատակված երկու լցակայաններն էլ հետագայում պայթել են՝ հանգեցնելով 1 զոհի ու 10 վիրավորի:

Ի՞նչ խախտումներ էին հայտնաբերվել Այգավանի լցակայանում 2023-ին

Տեսչական մարմնից «Հետքին» փոխանցել են, որ, ըստ Փրկարար ծառայության օպերատիվ տեղեկագրի, տեղի է ունեցել գազի արտահոսք եւ պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Սա կարեւոր հանգամանք է այն պատճառով, որ Այգավանի գազա-բենզալցակայանի գազալցակայանի հատվածը շահագործման իրավունք չուներ:

Այս լցակայանը ՏՄ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել 2023-ի դեկտեմբերին, երբ գազա-բենզալցակայանում հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել: Արձանագրվել են մի շարք խախտումներ:

  1. Պարզվել է, որ հեղուկ վառելիքի ստորգետնյա տարողություններով բենզալցակայանից մինչեւ այլ շենք-շինությունների միջեւ հեռավորությունը սահմանված նվազագույն 25 մետրի փոխարեն 5 մ է:
  2. Հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի ու գազալցակայանին չպատկանող շենք-շինությունների հեռավորությունը եղել է 15 մ, ինչը եւս նվազագույն նորմերի խախտում է:
  3. Գազա-բենզալցակայանի օպերատորական շինությունից մինչեւ բենզինի բաշխիչ կետը պահանջվող 9-ի փոխարեն եղել է 4,97 մ։
  4. ՀԱԳ լցավորման բաշխիչ աշտարակից եւ ՀԱԳ գազամբարներից մինչեւ հարակից ավտոտեխսպասարկման շենքը նախատեսված 20-ի փոխարեն եղել է 10 մ:
  5. Գազա-բենզալցակայանի տարածքն ապահովված չի եղել շանթարգելման համակարգով:
  6. Գազա-բենզալցակայանի շինությունների էլեկտրական սարքավորումները համալրված չեն եղել հողանցման համակարգով։
  7. Օբյեկտն ապահովված չի եղել արտաքին հրդեհաշիջման համար նախատեսված առնվազն 2 հրշեջ հիդրանտով կամ նվազագույնը 100 խմ ծավալով հակահրդեհային ջրավազանով, որոնք պետք է տարողություններից նվազագույնը 40 մ հեռու լինեին:
  8. Գազա-բենզալցակայանի տարածքն ապահովված չի եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով։
  9. Քանի որ չեն եղել նշված ինքնաշխատ համակարգերը, չի պահպանվել դրանց ազդանշանը լիազոր մարմնին փոխանցելու պահանջը։
  10. Նույն պատճառով չի պահպանվել այդ համակարգերի սարքին վիճակում գտնվելու պահանջը։
  11. Գազալցակայանի տարածքի տեսանելի վայրերում փակցված չեն եղել ծխելն արգելող ցուցանակներ:   

Թե՛ գազալցակայանները, թե՛ բենզալցակայանները արտադրական վտանգավոր օբյեկտներ (ԱՎՕ) են ու պետք է գրանցված լինեն ԱՎՕ ռեեստրում: Բացի դրանից՝ շահագործման համար պետք է ամեն տարի անցնեն փորձաքննություն եւ ստանան դրական եզրակացություն:

2023-ի դեկտեմբերին Այգավանի լցակայանի շահագործողը տեսչական մարմնին չի ներկայացրել գազալցակայանի՝ ԱՎՕ ռեեստրում գրանցման վկայականը, ինչպես նաեւ ամենամյա փորձաքննության եզրակացությունը: Փաստորեն, գազալցակայանը ո՛չ գրանցված է եղել ռեեստրում, ո՛չ էլ փորձաքննություն է անցել: Իսկ ահա բենզալցակայանի մասով պարզվել է, որ այն գրանցված է ԱՎՕ ռեեստրում, ունի վկայական, սակայն փորձաքննության վերջին դրական եզրակացության ժամկետը ՏՄ-ի հետազոտության ժամանակ անցած է եղել: Այսինքն՝ բենզալցակայանը շահագործվել է՝ չունենալով ուժի մեջ գտնվող եզրակացություն:

Ահա այսքան խախտումների հիման վրա Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ, ինչի արդյունքում 2024-ի հունվարին ՏՄ ղեկավար Գարեգին Խաչատրյանը որոշել է լցակայանը շահագործող անհատ ձեռներեցին՝ Սոֆյա Վարդանի Գրիգորյանին, տուգանել 1 մլն դրամով (գազալցակայանն ԱՎՕ ռեեստրում գրանցման չներկայացնելու հիմքով), ինչպես նաեւ կիրառել 50.000 դրամ վարչական տույժ (հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների խախտման հիմքով)։

Մինչ այդ՝ 2023-ի դեկտեմբերին, ՏՄ ղեկավարը, հաշվի առնելով, որ բենզալցակայանի ու գազալցակայանի հետագա շահագործումը պարունակում է բարձր վտանգավորության աստիճան, կարգադրագիր էր արձակել դրանց հետագա աշխատանքը դադարեցնելու մասին, որը 2024-ի հունվարին իրագործման համար ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Ինչպես վերեւում ասվեց, վերջինս ավելի ուշ կապարակնքել է թե՛ բենզալցակայանը, թե՛ գազալցակայանը:

Մինչեւ կապարակնքումը՝ 2024-ի փետրվարի սկզբին, ՏՄ մասնագետները վերահսկողական այց են կատարել այս լցակայան ու պարզել, որ հեղուկ գազի լցավորման կայանը չի շահագործվում, բայց տնտեսվարողը, պատշաճ ծանուցված լինելով բենզալակայանի շահագործման դադարեցման կարգադրագրի մասին, շարունակել է շահագործել այն՝ փաստացի չկատարելով կարգադրագրի պահանջները։ Սրա հիման վրա 2024-ի մարտին Սոֆյա Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 400.000 դրամ տուգանք։

Ինչպե՞ս է կապարակնքված բենզալցակայանը վերսկսել գործունեությունը

Մեր հարցին, թե ինչ հիմնավորմամբ է ՏՄ-ն թույլատրել կապարակնքված լցակայանի շահագործումը հետագայում, ՏՄ ղեկավար Գարեգին Խաչատրյանը պատասխանել է, որ 2024-ի հունիսին տնտեսվարողը ՏՄ-ին հայտնել է, որ վերացրել է նախկինում արձանագրված խախտումները ու խնդրել է թույլատրել լիցքավորման կայանի աշխատանքները։

Դիմումի հիման վրա հերթական հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բենզալցակայանի մասով արձանագրված խախտումներից չի վերացվել հետեւյալը՝ հեղուկ վառելիքի տարողություններով բենզալցակայանից մինչեւ այլ շենք-շինություններ հեռավորությունը նվազագույն 25-ի փոխարեն 5 մ է: Սակայն հաշվի առնելով, որ իրականացվել են մեծածավալ աշխատանքներ հրդեհային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, ինչի արդյունքում էապես նվազել է հրդեհի առաջացման սպառնալիքը՝ ՏՄ ղեկավարը 2024-ի հուլիսին որոշել է թույլատրել միայն բենզալցակայանի գործունեությունը, ինչպես նաեւ արձակել է նոր կարգադրագիր մնացած մեկ խախտումը վերացնելու մասին՝ սահմանելով հստակ ժամանակացույց։ Իսկ ահա հեղուկ գազի լցավորման կայանի շահագործման արգելքի մասին կարգադրագիրը մնացել է անփոփոխ, դրա վերաբերյալ տեղեկացվել է նաեւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։

Իսկ թե ինչպես է ստացվել, որ կապարակնքված գազալցակայանից գազի արտահոսք է եղել, ինչը հանգեցրել է պայթյունի ու հրդեհի, պետք է պարզեն իրավապահները:

Քրեական վարույթ է սկսվել

Քննչական կոմիտեից «Հետքին» փոխանցել են, որ դեպքի առթիվ մարտի 4-ին ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ըստ այդմ՝ դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման համար օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որի վրա դրված է եղել այդ կանոնի կամ պահանջի պահպանման պարտականությունը, կամ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրա հետեւանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, պատժվում է տուգանքով՝ 10-30-ապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 100-200 ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2-5 հինգ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Նախաքննության ընթացքում տուժող է ճանաչվել 4 անձ: Նախաքննությունը շարունակվում է: Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք այս պահին չկան:

Ովքե՞ր են պայթած լցակայանի սեփականատերն ու շահագործողը

Կադաստրի կոմիտեից ձեռք բերած ինֆորմացիայի համաձայն՝ Այգավան գյուղի Ս. Դավթյան 2 հասցեում գտնվող հողամասը (728 քմ) եւ դրա վրա կառուցված շենք-շինությունները սեփականության իրավունքով պատկանում են այգավանցի Կամո Գեղամյանին:

Չգործող լցակայանը՝ 2018-ի սեպտեմբերին

2022-ի սեպտեմբերին այս անշարժ գույքը վարձակալել է անհատ ձեռներեց Սոֆյա Վարդանի Գրիգորյանը: Վերջինս ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցվել է 2017-ի հուլիսին, ավելի ուշ հանվել է հաշվառումից, բայց հետո նորից է գրանցվել: Գործունեության տեսակը՝ ավտոմեքենաների համար բենզինի եւ դիզվառելիքի մանրածախ առեւտուր բենզալցակայաններում:

Սոֆյա Գրիգորյանը Երեւանի գրանցում ունի, բայց ծագումով Արթիկից է: Մասնագիտությամբ գաստրոէնտերոլոգ-լյարդաբան է, աշխատում է Երեւանի պետական բժշկական համալսարանում:

«Հետքի» հետ նամակագրության ընթացքում նա հայտնել է, որ տեւական ժամանակ է, ինչ գազա-բենզալցակայանի շահագործողն իր ԱՁ-ն չէ, եւ վերջինս գրեթե մեկ տարի գործունեություն չի ծավալում: Նկատենք, որ, ըստ ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի, ներկա պահին այս ԱՁ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցված է:

Այդուհանդերձ, տեսչական մարմինը փաստել է, որ Այգավանի Ս. Դավթյան 2 հասցեի բենզալցակայանը ԱՎՕ ռեեստրում գրանցվել է «Սոֆյա Գրիգորյան Վարդանի» ԱՁ-ի անունով, իսկ ահա գազալցակայանը, ինչպես ասվեց, չի գրանցվել:

Սոֆյա Գրիգորյանը «Հետքին» հայտնել է, որ ներկայում լցակայանի շահագործողը (ըստ էության, խոսքը փաստացի շահագործման մասին է) Արմեն Ավագյանն է: Մեզ հետ թռուցիկ հեռախոսազրույցում հարցին, թե երբվանից է ինքը շահագործում լցակայանը, Ավագյանը պատասխանեց՝ «ոնց որ 2024-ի օգոստոսից»:

Ինչպես նշվեց, Սոֆյա Գրիգորյանը լցակայանի տարածքը այգավանցի Կամո Գեղամյանից վարձակալել է 2022-ի սեպտեմբերին: Նույն տարվա դեկտեմբերին Արմեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է լցակայանի մասին կարճ տեսահոլովակ՝ «այն ժամանակ» (չգործող վիճակում) եւ «հիմա» (վերանորոգված, հեղուկ գազի եւ բենզինի լցավորման բաշխիչ աշտարակներով) նշումներով: Հոլովակը տարածել է նաեւ Ս. Գրիգորյանի ամուսինը: Սա հուշում է, որ Ավագյանը լցակայանին առնչություն է ունեցել դեռ 2022-ից:

Նրա հետ առաջին կարճ հեռախոսազանգի ժամանակ պայմանավորվեցինք զրուցել մեկ ժամ անց, բայց երբ նորից զանգեցինք, ասաց, որ մտնում է քննչական բաժին եւ դուրս գալուց հետո կզանգի: Երբ ավելի ուշ փորձեցինք կապ հաստատել Ավագյանի հետ, նա չպատասխանեց զանգերին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter