
Պատերազմ, որ մնաց ներսում
Հետպատերազմական համախտանիշի պատմությունը նույնքան հին է, որքան պատերազմը։ Այն պատերազմի սթրեսների ազդեցության տակ ձևավորված հարաբերությունների բարդ համալիր է, որը ծագում ու զարգանում է հասարակության մեջ՝ պատերազմից հետո։
Տրավման սկսվում է հենց պատերազմի ժամանակ՝ իր զարգացման ու արտահայտման ամենաբարձր մակարդակին հասնելով պատերազմից հետո։
Հետպատերազմական տրավմաների տեսություններում նշվում են պատերազմի անմիջական մասնակցի վարքագծի ու հոգեկան գործունեության փոփոխությունները, որոնք ձևավորվում են պատերազմական սթրեսի ազդեցության տակ։ Դա կարող է հանգեցնել ընդհուպ ինքնավնասման հակումներ ձեռք բերելուն։
Դատախազությունը 2021 թ. պարզել է, որ ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարելու արձանագրված մի շարք դեպքեր ուղղակի առնչություն ունեն 2020թ.-ի պատերազմի արդյունքում անձանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրների հետ:
2021թ. մայիսի 3-ին Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկում կատարված ինքնասպանության քննությունը պարզել է, որ 46-ամյա անձը, որը պատշգամբից նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել, որպես դիպուկահար, կամավորական հիմունքներով, մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Վերջինս մարտի դաշտում բազմաթիվ զոհեր է տեսել, կորցրել ընկերներին, պատերազմից վերադառնալուց հետո գտնվել դեպրեսիոն հոգեվիճակում։
2021թ. մայիսի 10-ին Երևանի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկում բնակարանի պատուհանից նետվելու միջոցով կատարված ինքնասպանության քննությունը պարզել է, որ ինքնասպանություն գործած անձի որդին՝ ժամկետային զինծառայողը, մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Որդուց որևէ տեղեկություն չունենալով՝ հայրն այցելել է տարբեր դիահերձարաններ՝ փորձելով որոնել ու գտնել որդու դին, ինչի հետևանքով հոգեկան ներաշխարհը խաթարվել է:
2021թ. ապրիլի 26-ին 1993թ. ծնված անձը զանգահարել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և հայտնել, որ կյանքին վերջ տալու նպատակով գտնվում է Երևանի Կիևյան կամրջի մոտ: Քննության ընթացքում նա բացատրություն է տվել այն մասին, որ կամավորական հիմունքներով մասնակցել է 2020թ.-ի արցախյան պատերազմին: Պատերազմից հետո չի կարողանում քնել, աչքին զոհված զինծառայողների դիակներ են երևում, մշտապես վախի զգացողություն ունի ու չունի ապրելու ցանկություն:
Ըստ Գլխավոր դատախազության, պատերազմի մասնակիցների հոգեկան վիճակի և դրա հետևանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ հետպատերազմական ողբերգական հետևանքները նվազագույնի հասցնելու անհրաժեշտություն կա։ Որպես լուծում այդ ժամանակվա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություններով դիմել է պաշտպանության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին։ Առաջարկել է պատերազմի մասնակիցների, նրանց ընտանիքի անդամների մոտ առաջացած հոգեբանական խնդիրները քննարկման առարկա դարձնել հոգեբանական մասնագիտական շրջանակների հետ։
Դատախազության հիշատակածներից բացի, կան մի շարք այլ դեպքեր, որոնք պատշաճ չեն քննվել։
Պատերազմի մասնակցի կամ նրա ընտանիքի անդամի կողմից ինքնասպանության դեպքեր գրանցվել են Երևանում և Հայաստանի մարզերում։ Դրանց թիվն աճել է արցախահայության՝ 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո։
Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ 2018-2024 թթ. Հայաստանում գրանցվել է ինքնասպանության 1353 դեպք։ Նույն ժամանակահատվածում ինքնասպանության 3826 փորձ է կատարվել։
Ընդ որում, 2024 թվականին գրանցված ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի թիվը 2018-ի համեմատ աճել է 28%-ով։
2020-2024 թթ. գրանցված ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի 52%-ի պատճառը, ըստ պաշտոնական տվյալների, անձնական խնդիրներն են եղել։
2024թ․ հուլիսի 1-ին Գյումրիում հայտնաբերվեց ինքնասպանություն գործած 22-ամյա երիտասարդի դի։ Արթուր Դավթյանը Արցախի Ասկերանի շրջանից էր, 2021 թվականից պայմանագրային հիմունքով ծառայության էր անցել որպես կապավոր, ապա դարձել կապի ջոկի հրամանատար։ Ակտիվ մասնակցություն է ունեցել 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություններին։
Տեղահանությունից հետո սկզբում Երևան են եկել, ապա տեղափոխվել Գյումրի, քանի որ տան վարձն ավելի մատչելի է եղել։
Գյումրիում աշխատանք էր գտել, մայրը՝ Իրինա Սարգսյանը, ասում է՝ գումարը քիչ էր, աշխատանքն էլ` ոչ ամեն օր։
«Անընդհատ մտածում էր ղարաբաղցիների վիճակի մասին, ասում էր` առանց տուն, առանց գործ ո՞նց են ապրելու, միշտ մտածում էր դրա մասին, ասում էի՝ դե մի բան կանենք, կգտնենք աշխատանք»,-հիշում է Արթուրի մայրը՝ Իրինա Սարգսյանը։
Հուլիսի 29-ի առավոտյան միասին նախաճաշել են, Արթուրը դուրս է եկել տնից, ասել է՝ թաղամասում եմ լինելու։ Մի քանի ժամ հետո մայրը զանգահարել, փորձել է կապ հաստատել, սակայն մինչեւ կեսգիշեր որդին զանգերին չի պատասխանել, ապա անհասանելի է դարձել։
Առավոտյան մայրը մարզպետարան է դիմել, ու սկսել են փնտրել Արթուրին։ Երևանից ավագ եղբայրն է Գյումրի եկել։ Հենց նա էլ գտել է եղբոր դին՝ հարևանների ավտոտնակների արանքում։
Հոգեբանական աջակցության անհրաժեշտությունը Հայաստանում մեծացել է 2020 թ. արցախյան պատերազմից և 2023 թ․-ի արցախյան բռնի տեղահանությունից հետո, դրա մասին վկայում են նաև թվային ցուցանիշները։
Առողջապահության նախարարությունից «Հետքին» գրավոր հայտնել են, որ Հայաստանի հոգեբուժական հաստատություններում 2018 թ․-ի դրությամբ սթրեսի հետ կապված նևրոտիկ և սոմատոֆորմ խանգարումներ ունեցող 4366 պացիենտ է հաշվառված եղել։ Այս թիվը 2023 թ․-ին աճել է՝ դառնալով 6198։ Աճել է նաև օրգանական, ներառյալ սիմպտոմատիկ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց թիվը։ Եթե 2018 թ․-ին հոգեբուժական հաստատություններում հաշվառված էր 10986 քաղաքացի, ապա 2023 թ․-ին նրանց թիվը հասել է 11652–ի։ Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց շրջանում պատերազմի մասնակիցների կամ նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ առանձնացված տեղեկատվություն Առողջապահության նախարարությունը չի հավաքագրել։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծված պատերազմի հետևանքով կամ պատերազմին մասնակցելուց հետո հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են առաջացել 1160 զինծառայողի մոտ։ Այդ անձանց մոտ ախտորոշվել են «հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ», «սուր սթրեսային ռեակցիաներ», «վիճակ սթրեսային ռեակցիայից հետո», «սթրեսով պայմանավորված դիսոցիալիտիվ խանգարումներ» և այլ հոգեախտաբանական վիճակներ՝ պայմանավորված մարտական հոգետրավմաներով։
2021 թվականի փետրվարի 4-ի Կառավարության 129-Ն որոշմամբ սահմանվեց պատերազմի կամ ռազմական գործողություններից տուժած այլ անձանց բժշկական օգնություն տրամադրելու կարգը։ Նույն ամսի 22-ին Կառավարության որոշմամբ ԱԻՆ-ին հատկացվել է 100 մլն դրամ հոգեբանական ծառայություններ ձեռք բերելու համար։
Նախարար Անդրանիկ Փիլոյանը Կառավարության նիստում ներկայացրել է որոշման ընդունման անհրաժեշտությունը, որոշումից բխող գործողությունները։
«Պետությունը որոշեց, որ պետք է մրցույթ հայտարարի և գումար հատկացնի հոգեբանական օգնության համար` կանխելու էն հնարավոր վատ հետևանքները, որոնք արդեն սկսում էին դրսևորվել, և էդ ժամանակ ձևավորվեց կոնսորցիում, էդ կազմակերպությունները, էդ մրցույթը շահեցին և 6 ամիս պետական պատվերի շրջանակներում էդ կազմակերպությունները, նաև տարբեր այլ կազմակերպություններ ներգրավվեցին ամբողջ հանրապետությունում, հոգեբանական օգնություն ցուցաբերեցին պատերազմի թիրախ խմբերին, որոնք սահմանված էին պետության կողմից։ էս ծրագիրը, որը պետությունն արեց, չափազանց մեծ հետևանք թողեց՝ դրական առումով, իհարկե։ Չմոռանանք նաև անհատներին, մարդկանց և կազմակերպություններին, ովքեր մինչև էսօր անվճար օգնում են, հոգեբանական օգնություն են ցուցաբերում պատերազմի թիրախ խմբերին, սրանք բավական մեղմեցին էն հետևանքները, որոնք կարող էին լինել»,-նշում է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը։
Պետական ծրագրի շրջանակում՝
- Անհատական հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա ստացել է 929 մարդ,
- Խմբային հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա ստացել է 9 մարդ,
- Առցանց կամ հեռախոսով տրամադրվող հոգեբանական աջակցություն կամ հոգեթերապիա ստացել է 254 մարդ,
- Հոգեբանների շարժական խմբերի ծառայություններից օգտվել է 438 մարդ,
- Հոգեբանական թեժ գծի ծառայությունից օգտվել է 1358 մարդ։
Այս թվերից կարելի է ենթադրել, որ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եղել։ Մարդիկ ունեցել են հոգեբանական աջակցության կարիք։
«Մենք պետք է ունենայինք և ինքնասպանությունների, եւ բռնությունների, կախվածությունների կտրուկ աճ։ Մենք կարող ենք վստահաբար ասել, որ դա մեր կամավորների շնորհքն էր, մեր կամավորների կատարած աշխատանքի արդյունքն էր և էդ պետական ծրագրի արդյունքն է նաև»,-ասում է Սողոյանը։
Պայմանագրով նախատեսված էր, որ հոգեբանական ծառայությունների մատուցումից հետո ներկայացված հաշվետվությունների հիման վրա հոգեբանական աջակցության ծրագրի արդյունքները պետք է ամփոփեր Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ներքին գործերի նախարարությունը արդյունքների ամփոփման հիման վրա կազմված հաշվետվություններ չի ստացել։ Հայտնի չէ՝ հաշվետվությունները չեն կազմվե՞լ, թե չեն պահպանվել։
Սողոյանը պատմում է, որ այդ շրջանում աշխատում էին գրեթե բոլոր նախարարությունների և հետաքրքրված կազմակերպությունների հետ՝ աշխատանքն ավելի արագ և արդյունավետ կազմակերպելու համար։
«Մենք, համագործակցելով Պաշտպանության նախարարության հետ, կարողացանք էդ ամենը անել զուտ կամավորների օգնությամբ` տեղացի եւ արտասահմանյան, այնուհետեւ, ինչը որ արդեն հոգեբուժական հարթություն էր, դա Առողջապահության նախարարության հետ էր համակարգվում, Սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարարությունը նույնպես ներգրավված էր, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարարությունը նույնպես աշխատանք էր տանում տեղահանված երեխաների կրթական կարիքները հոգալու համար, այսինքն՝ աշխատանք տարվում էր, եւ էդ բոլորը համակարգվում էր։ Ընդհանուր աշխատանքը համակարգում էր փոխվարչապետի գրասենյակը»,-պատմում է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահը։
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից հայտնեցին, որ պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների շրջանում առաջացած հոգեկան առողջության խնդիրները լուծելուն ուղղված պետական ծրագրերը դուրս են փոխվարչապետի գրասենյակի համակարգման տիրույթից։ Առաջարկեցին այդ հարցով դիմել Պաշտպանության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների մոտ առաջացած հոգեբանական և հոգեկան առողջության վերականգնման նպատակով իրականացված պետական ծրագրերի մասին փորձեցինք տեղեկություններ ստանալ Պաշտպանության, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից։
Մեր ստացած տվյալների վելուծությունից պարզ է դառնում, որ որևէ պետական կառույց հաշվառում չի իրականացրել։ Հայտնի չէ՝ Արցախում տեղի ունեցած պատերազմի և Հայաստանի սահմաններին տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցած անձանց կամ նրանց ընտանիքի անդամներից քանիսի՞ մոտ են հոգեկան առողջության խնդիրներ առաջացել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Հետքին» տեղեկացրել են, որ հոգեբանական աջակցության ծառայություններ մատուցել են նախարարության ենթակայությամբ գործող բոլոր ՊՈԱԿ-ները։ Արցախից բռնի տեղահանված անձանց հոգեբանական աջակցություն ցուցաբերվել է նաև, այսպես կոչված, «ընդունիչ–բաշխիչ» կայանում և ժամանակավոր բնակության ընդհանուր կացարաններում, ինչպես նաև անհատական բնակության վայրում՝ ըստ դեպքի առանձնահատկության և անհրաժեշտության։
Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հոգեբանները մի շարք բժշկական կազմակերպություններում, կամավորական հիմունքներով, մարտական գործողությունների մասնակիցներին տրամադրել են հոգեբանական օգնություն, իսկ «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնի, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և Հայկական բժշկական ասոցիացիայի համատեղ ջանքերով գործել է հոգեբանական ծառայության «Թեժ գիծ»: Նախարարության իրականացրած մյուս ծրագրերը վերաբերել են Արցախից բռնի տեղահանված անձանց, այդ թվում՝ երեխաներին աջակցելուն։ Հետպատերազմական շրջանում ԱՄՆ–ից Հայաստան են ժամանել հոգեբան–կամավորներ, որոնք մարզերում իրականացրել են հոգեբանական աջակցություն։
Նախարարությունը հոգեբանական աջակցության ծրագրերից օգտված անձանց թվի վերաբերյալ վիճակագրություն չի վարել։
Պատերազմի մասնակիցների համար իրականացված ծրագրերի վերաբերյալ փորձեցինք առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ։ Նախարարությունից փոխանցեցին, որ հավելյալ տեղեկություններ կարող ենք ստանալ Հայկական հոգեբուժական ասոցիացիայից։
Ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը գրավոր հայտնեց՝ պատերազմի առաջին օրերին ասոցիացիայի կոչով 200-ից ավելի հոգեբան պատրաստակամություն է հայտնել կամավորագրվելու։ Նրանցից 103-ը սկսել են աշխատել վիրավորների հետ՝ 23 ստացիոնար կենտրոններում։ Մինչև 2020 թ․-ի դեկտեմբերի 31-ը 11 հազար վիրավորի տրամադրվել է խորհրդատվություն։ Տեղացի կամավորների հետ աշխատել են ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և այլ երկրներից ժամանած հոգեբան-կամավորները։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ 44-oրյա պատերազմից հետո հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցած 1160 զինծառայողները մասնագիտացված ստացիոնար բուժում են ստացել հիմնականում ՊՆ կայազորային հոսպիտալում և Դիլիջանում գտնվող «Լեռնային Հայաստան» առողջարանում՝ հատուկ այդ նպատակով ծավալված հոգեվերականգնողական կենտրոնում։
Ըստ Պաշտպանության նախարարության՝ մեծ ծավալի ամբուլատոր հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել նաև Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և Երևանի պետական բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի հոգեբանների կողմից։
«Երբ գալիս էին պատերազմի մասնակից, պատերազմի հետեւանքով տուժած անձինք, մենք նաեւ կոնսուլտացիաներ էինք կազմակերպում, ամբուլատոր ընդունելություն էինք անում, էդ ժամանակ ես տեսնում էի, որ շատ ուշացած, շատ բաց թողնված վիճակ է, որովհետեւ էդ «տրավմատիկ սթրեսային խանգարում» հասկացությունը Հայաստանում միշտ չի, էն թվականներին ուշադրությունչի դարձվել էդ ոլորտին»,-նշում է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետ Տիգրան Թունյանը։
44-օրյա պատերազմի առաջին օրերին ձևավորվեց մասնագիտական թիմ՝ ընդգրկելով Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և այլ հաստատությունների հոգեբույժներին, որը սկսեց զբաղվել հոգեբուժական աջակցության տրամադրմամբ։
Կարճ ժամանակ անց գործունեությունն ընդլայնվեց և տեղափոխվեց Դիլիջան՝ «Լեռնային Հայաստան» հոգեվերականգնողական կենտրոն։
«Էդ կենտրոնի առանձնահատկություններից մեկը նա էր, որ մենք շատ կարեւորություն տվեցինք համակողմանի բուժական մեթոդների կիրառմանը։ Հոգեբույժների, հոգեբանների համագործակցությունը ամենաբարձր մակարդակի վրա էր»,- ասում է Թունյանը։
«Լեռնային Հայաստանում» բժշկական աջակցություն էին ստանում հիմնականում ժամկետային զինծառայողները։ Ըստ Թունյանի, թերապիան այնքան արդյունավետ էր, որ 1-2 ամիս բուժումից հետո նրանք կարողանում էին կազդուրված վերադառնալ ծառայության։
«Ես կարծում եմ, որ մենք դրանով կանխարգելեցինք իրենց հետագա տարիների ընթացքում շատ խնդիրներից զերծ պահելուն։ Կարող ենք արդեն արձանագրել, որ զինված ուժերը կարողացան, ռազմաբժշկական վարչությունը նաեւ կարողացավ եւ կազմակերպչական առումով եւ փաստացի արդյունքներով հաղթահարել էն խնդիրը, որ չառաջացան որեւէ լուրջ բացասական հետեւանքներ։ Թեեւ, այո, համաձայն եմ, որ պետք է շարունակել՝ առանց տարբերություն դնելու, թե հատկապես որ օղակում։ Մեկը մյուսին փոխանցելով՝ մինչեւ վերջ էդ խնդիրները, դրանցով զբաղվող անձանց հոգեբանական աջակցությունը շարունակելու անհրաժեշտությունը միշտ պետք է լինի ուշադրության կենտրոնում»,-կարևորում է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետը։
Հոգեբանական այս խմբերը, չնայած արագ արձագանքմանը, ստացիոնար հոգեբանական օգնություն չեն կարող մատուցել։
«Հոգեբանը ավելի շատ, գիտեք, տվյալ պահին փորձում է կարգավորել քաղաքացու հուզական վիճակը, առաջին հոգեբանական օգնությունը ցուցաբերում և այնուհետև ուղղորդում տարբեր հոգեբանական կենտրոններ»,-ասում է ՆԳՆ Փրկարար ծառայության Հոգեբանական աջակցության բաժնի պետ Արևիկ Երիցյանը։
Փրկարար ծառայության հոգեբանի խոսքով՝ վախերն ու անհանգստությունները բավականին շատացել են մեր հասարակությունում։ 2023 թվականին արցախահայության բռնի տեղահանությունը ևս ծանր հոգեբանական խնդիրներ առաջ բերեց։
Այժմ հազարավոր արցախցիներ ապրում են Հայաստանում, սոցիալական ծանր պայմաններում և մի հոգեվիճակում, որը բնորոշ է տեղահանվածի և հետպատերազմական տրավմա ունեցող մարդկանց։
Բռնի տեղահանությունից հետո «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնը անվճար բժշկական և հոգեբանական աջակցություն է տրամադրում Արցախից տեղահանվածներին։
Էլեոնորա Սաղաթելյանը նշում է, որ ծրագրի դիմորդների թիվն աճում է։ Ամեն մեկն իր հարազատին, ընկերոջն է խորհուրդ տալիս՝ իր մոտ դրական ազդեցություն տեսնելուց հետո։
«Ուզում եմ ասել, որ հոգեբանի գնալը ամոթ չէ, հոգեբանն ինքն է գնում հոգեբանի, մինչև դառնա մասնագետ և օգնի մյուսներին։ Եվ ամբողջ այն ընթացքում, երբ մենք աշխատում ենք, ինքներս ենք դիմում հոգեբանի։ Հոգեբանն իրենց ավելի շատ ցույց է տալիս այն կողմերը, որոնց վրա կարելի է հենվել, կարիերայում նոր արդյունքներ ունենալ, բարձունքներ և այլն, սա ներդրում է համարվում»,-ասում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Էլեոնորա Սաղաթելյանը։
Հետպատերազմական տրավմայի ուսումնասիրությունը, տեղում արագ արձագանքը և համակարգային մոտեցումը կարևոր են հետագայում առավել վատ հետևանքները կանխելու համար։
Մեկնաբանել