
«Ադրբեջան պետության և նրա էթնոսի պատմական հավակնությունները հիմնված են հարևան ժողովուրդների պատմության յուրացման վրա». Անուշ Հարությունյան
Հետհայացք Արևելյան Այսրկովկասի երկրների պատմությանը․ լույս է տեսել Անուշ Հարությունյանի «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գիրքը
Պատմաբան-արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Անուշ Հարությունյանի «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» մենագրությունը փորձ է՝ գիտականորեն հիմնավորված վերլուծել պատմական իրադարձությունները, որոնք հանգեցրել են այս տարածաշրջանում նոր պետության ձևավորմանը։
1917-1918 թվականների ռուսաստանյան հեղափոխությունների և Օսմանյան կայսրության ներթափանցման հետևանքով Կովկասում ստեղծվեցին նոր քաղաքական իրողություններ: Մենագրության ժամանակագրությունը ներառում է 1918-1939 թվականները, որի հետազոտման համար հիմք են հանդիսացել համապատասխանաբար՝ 1918 թվականի «Ադրբեջան» անվամբ պետության ստեղծումը, որը պատմականորեն երբևէ գոյություն չի ունեցել, և 1930-ական թվականների վերջում խորհրդային իշխանությունների կողմից թյուրքախոս մահմեդական բնակչության «ադրբեջանցի» ընդհանրական անվան ստացումը, և թե ինչպես այս գործընթացները հիմնվեցին պատմական կեղծարարության վրա։
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, որին ներկա էին գիտնականներ, պատմաբաններ, գիտության թեկնածուներ, ուսանողներ։
Ուսումնասիրություն՝ հիմնված պատմական փաստերի վրա
Արդի աշխարհում պետությունների և ազգերի ձևավորման գործընթացները շարունակում են հետաքրքրել հետազոտողներին։
Անուշ Հարությունյանը նշեց, որ իր աշխատությունն ընդգրկում է 19-րդ դարի սկզբից մինչև 1939 թվականը՝ ուսումնասիրելով ռուսական տիրապետության հաստատման ազդեցությունը տարածաշրջանի ժողովրդագրական և քաղաքական փոփոխությունների վրա։ Այն հիմնված է Հայաստանի ազգային արխիվի, ՌԴ-ի ազգային արխիվի և սոցիալ-քաղաքական պատմության ռուսական պետական արխիվի բազմաբնույթ փաստաթղթերի վրա: Մենագրության կարևորագույն արժեքներից մեկը արխիվային նորահայտ փաստաթղթերն են, որոնք թույլ են տալիս նորովի դիտարկել և վերաիմաստավորել տարածաշրջանի պատմության՝ մինչ օրս ուսումնասիրման չարժանացած բազմաթիվ հարցեր:
Ադրբեջանի պատմության կեղծարարության հիմնահարցը
«Ադրբեջան պետության և նրա էթնոսի պատմական հավակնությունները հիմնված են ոչ թե փաստացի պատմական իրողությունների, այլ հարևան ժողովուրդների՝ հայերի, վրացիների, պարսիկների պատմության յուրացման վրա,- ասաց գրքի հեղինակը։-Խորհրդային և հետխորհրդային շրջանում Ադրբեջանը շարունակել է պատմական փաստերի խեղաթյուրումը՝ փորձելով հիմնավորել իր ազգային և պետական ինքնությունը»: Հեղինակն այս գրքով ցանկանում է ցույց տալ, որ մինչև 1918 թվականը Արևելյան Այսրկովկասում գոյություն չի ունեցել Ադրբեջան անվամբ պետություն և բոլոր հավակնությունները, դեռևս խորհրդային շրջանից ու նաև այսօր, հիմնված են բացառապես պատմական կեղծարարության վրա։
Արխիվային փաստաթղթեր․ նոր հայացք պատմությանը
Մենագրության մեջ օգտագործվել են արխիվային շուրջ 50 ֆոնդերում առկա տեղեկություններ․ մի քանի հարյուր փաստաթղթեր, փաստաթղթային բլոկներ, հուշագրություններ, ժամանակակիցների դիտարկումներ՝ հնգալեզու տարբերակով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, ադրբեջաներեն։ Գրքի կարևորագույն բաղադրիչներից մեկը խորհրդային շրջանի ներադրբեջանական զարգացումների վերանայված ուսումնասիրությունն է, ներկայացված են բազմաթիվ արխիվային նյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես խորհրդային իշխանություններն արհեստականորեն ձևավորեցին «ադրբեջանցի» ազգային ինքնությունը՝ այն կիրառելով որպես նորաստեղծ պետության ամրապնդման գաղափարախոսական գործիք:
Գրքի կիրառական նշանակությունը
Գրքի գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Հակոբյանը, ներկայացնելով գրքի բովանդակային և գիտական նշանակությունը, նշեց, որ աշխատանքը արժեքավոր աղբյուր է ինչպես պատմաբանների, այնպես էլ իրավագետների և քաղաքագետների համար, ովքեր ուսումնասիրում են Ադրբեջանի պատմության և նրա ազգային ինքնության ձևավորման հիմնախնդիրները: Այն հնարավորություն է տալիս հիմնավոր կերպով վերաիմաստավորել տարածաշրջանի պատմական գործընթացները՝ ելնելով վավերագրական աղբյուրներից և ոչ թե քաղաքական շահերից։
«Այս աշխատությունը կարևոր քայլ է տարածաշրջանային պատմության արդարացի վերաիմաստավորման գործում՝ հիմնվելով փաստական նյութերի և գիտական հետազոտությունների վրա»,- հավելեց Ա․ Հակոբյանը։
«Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» մենագրությունը հրատարակվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի աջակցությամբ: Հայ գիտական շրջանակներում նմանատիպ առաջին աշխատությունն է՝ նվիրված Ադրբեջան պետության պատմությանը։
Սյունե Կիրակոսյան
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Լուսանկարները՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի
Մեկնաբանել