HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակիչները պնդում են՝ Նաիրի Զարյան 11-13 հասցեում շինթույլտվությունը ընկերությանը տրվել է խախտումներով

Նաիրի Զարյան 11-13 հասցեում «Ադամիում» ՍՊ ընկերությունը պատրաստվում է 9 հարկանի շենք կառուցել՝ ստորգետնյա հատվածով: Դա հարուցել է հարակից՝ Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15 Ա շենքերի բնակիչների վրդովմունքը։ Թեև նախագիծն անցել է անհրաժեշտ փորձաքննությունները, այդ թվում՝ պետական համալիր փորձաքննություն, բնակիչները պնդում են՝ շինթույլտվությունն ընկերությանը տրվել է մի շարք խախտումներով։

Ըստ բնակիչների՝ այդ հատվածում հողի շերտը սակավ է, առկա է առավելագույնը երեք մետր խորությամբ հողի շերտ, որին անմիջապես հաջորդում է բազալտե շերտը: Այդ հատվածում նման շինարարության իրականացումը սեյսմիկ տեսանկյունից հարևան շենքերի և շինությունների համար կարող է վտանգավոր լինել: Բացի այդ, ըստ բնակիչների, կառաջանան լուրջ խնդիրներ առկա շենքերին տրանսպորտի մոտենալու և այդ շենքերի ինսոլացիոն նորմատիվները խախտելու առումով: Օրինակ՝ ըստ բնակիչների՝ չի պահպանվի սահմանված չափով հեռավորություն հարակից շենքերից։

Այս տարածքում նախկինում երեք սեփական տուն է եղել՝ կից հողատարածքներով, սեփականատերերի ասելով՝ մոտ 100 տարվա հնության։ Կառուցապատողը քաղաքապետարանի թույլտվությամբ դրանցից երկուսը քանդել է։ Կանգուն մնացած միակ տունը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հայրական տունն է։ Նա ևս միացել է բողոքող բնակիչներին, որոնք դիմել են վարչական դատարան և Հակակոռուպցիոն կոմիտե։

Բնակիչները պնդում են՝ նոր շենքի կառուցմամբ կաղավաղվի նաև Արաբկիր վարչական շրջանի դիմագիծը, որը պատմական նշանակություն ունի։ Երևան համայնքի 2023 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը բնակիչներին խոստացել է հանրային լսումներ կազմակերպել, սակայն չի կատարել խոստումը։ Բնակիչների շրջանում լուրեր են պտտվում նաև, որ «Ադամիում» ընկերության սեփականատերերը փոխկապակցված են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։

«Ադամիում» ընկերության ներկայացուցիչ Նորայր Մուշեղյանը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե որևէ կապ ունեն Տիգրան Ավինյանի հետ։ Նա նաև նշեց, որ շինարարությունն անում են օրենքի շրջանակներում։

Մեր հարցմանն ի պատասխան Քաղաքապետարանից նշեցին՝ քանի որ շինարարությունը դասվում է բարձր ռիսկայնության օբյեկտների շարքին, անցել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, այդ թվում՝ պետական համալիր փորձաքննություն։ Նախագիծը չի անցել միայն ՇՄԱԳ փորձաքննություն, քանի որ կառուցապատման մակերեսը չի գերազանցել 1500 քմ-ը։

Նույնաբովանդակ հրապարակում ֆեյսբուքյան իր էջում արել էր նաև Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով, որ Տիգրան Ավինյանի և կառուցապատողի միջև ենթադրյալ քավոր-սանիկական հարաբերությունների լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Չնայած բնակիչների բողոքին՝ կառուցապատողը մեր նկարահանումից օրեր անց տեխնիկա է մտցրել տարածք և սկսել շինարարական աշխատանքները։ Բնակիչներն ասում են՝ չեն համակերպվելու և շարունակելու են պայքարել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter