
Կարապետ Գուլոյանի «ապօրինի գույքի» բռնագանձման գործով վճիռը բեկանվել և ուղարկվել է նոր քննության
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բեկանել և նոր քննության է ուղարկել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանին ու կնոջ՝ Ռոզա Ծառուկյանին վերաբերող վճիռը, որը վերաբերում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը: Նախագահող դատավորը, համաձայն չլինելով դատավորների մեծամասնության կողմից կայացված որոշմանը, հատուկ կարծիք է գրել՝ նշելով, որ Գուլոյանի ու կնոջ եկամուտներն օրինական են եղել, հետևաբար վճիռը պետք է բեկանվեր և փոփոխվեր՝ դատախազության հայցն ամբողջությամբ մերժվեր, այլ ոչ ուղարկվեր նոր քննության:
2024թ. հուլիսի 1-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի, Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից, վճռել է հօգուտ Հայաստանի՝ բռնագանձել Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող 1 անշարժ գույքի 9,177/10.000 մասը, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոցի 29/2 հողամասն ամբողջությամբ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2000 հատ բաժնետոմսեր, տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը: Կարապետ Գուլոյանից հօգուտ Հայաստանի վճռվել էր բռնագանձել նաև մոտ 1 մլրդ 287 մլն դրամ դրամ։
Վճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել Գլխավոր դատախազությունն ու Կարապետ Գուլոյանը, վերջինիս կինը:
Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել չբավարարված պահանջի մասով: Մասնավորապես նշել է, որ օրինական չէ դատարանի վճռի այն մասը, որով մերժվել է Ծաղկաձոր քաղաքում գտնվող մեկ այլ անշարժ գույքը Ռոզա Ծառուկյանի և Կարապետ Գուլոյանի համատեղ սեփականություն ճանաչելն ու նշված գույքն ամբողջությամբ բռնագանձելու, իսկ անհնարինության դեպքում՝ Կարապետ Գուլոյանից գույքի միջին շուկայական արժեքը՝ 242 մլն 800 հազար դրամ բռնագանձելու պահանջը: Բացի այդ, դատախազությունն օրինական ու հիմնավոր չի համարել վճռի այն մասը, որով մերժվել է Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել 2016թ. տրամադրված մոտ 548 հազ. ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում նույն չափի գումար բռնագանձելու պահանջները:
Իսկ Գուլոյանի ու կնոջ անունից բերված բողոքում նշվել է, որ դատարանում առարկել են անխտիր բոլոր փաստերի դեմ և պնդել են, որ հայցը ենթակա է մերժման, մինչդեռ դատարանը հաշվի չի առել իրենց դիրքորոշումները: Մասնավորապես, Կարապետ Գուլոյանի հոր՝ Մուրադ Գուլոյանի անունով Բելգիայի Թագավորությունում գրանցված Roberto Bvba ընկերության գործունեության մասնակցությունից 2003թ. ստացվել և բանկային անդորրագրերով կանխիկացվել է մոտ 4 մլն 114 հազ. 583 ԱՄՆ դոլար, որից 2 մլն 855 հազ. ԱՄՆ դոլարը տրվել է Կարապետ Գուլոյանին: Նշված հանգամանքները հաստատվել են Կարապետ Գուլոյանի և Մուրադ Գուլոյանի ցուցմունքներով: Ընդ որում՝ Մուրադ Գուլոյանի գումարներ ունենալու մասով ապացուցման բեռ Կարապետ Գուլոյանի և Ռոզա Ծառուկյանի վրա չի դրվել: Ավելին՝ Մուրադ Գուլոյանն էլ իր հերթին ուսումնասիրության չի ենթարկվել: Դատարանը նրանց ցուցմունքները բավարար և արժանահավատ չի դիտել:
Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավորներ Գոռ Հարությունյանի, Արմիդա Ոսկանյանի և Գոռ Թորոսյանի կազմով, 2025թ. փետրվարի 18-ին որոշել է կողմերի ներկայացրած վերաքննիչ բողոքները մասնակի բավարարել: Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոց, 34 հասցեի անշարժ գույքը Ռոզա Ծառուկյանի և Կարապետ Գուլոյանի համատեղ սեփականություն ճանաչելու և Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից նշված գույքն ամբողջությամբ բռնագանձելու, իսկ անհնարինության դեպքում գույքի շուկայական արժեքը՝ 242 մլն 800 հազ. դրամ բռնագանձելու, 2016թ. տրամադրված մոտ 548 հազ. ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ Կարապետ Գուլոյանից տրամադրված փոխառության չվերադարձված մասի չափով գումարը բռնագանձելու պահանջները մերժելու մասերով բեկանել և գործն այդ մասերով ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության: Մնացած մասերով վճիռը մնացել է անփոփոխ:
Ուշագրավ է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գոռ Հարությունյանը, որը եղել է գործով նիստը նախագահող դատավորը, համաձայն չլինելով մյուս երկու դատավորների դիրքորոշման ու տեսակետների հետ, հատուկ կարծիք է գրել՝ նշելով, որ «2022 թվականի վերջի դրությամբ Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտի մնացորդը կազմում է 571.251 ԱՄՆ դոլար և 411.925.941 ՀՀ դրամ: Այսպիսով, սույն քաղաքացիական գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման և վերլուծության արդյունքում գալիս եմ այն եզրահանգման, որ Դատարանը, ելնելով հավանականությունների հավասարակշռման ստանդարտով, սխալ է գնահատել գործում առկա ապացույցները՝ հաստատված չհամարելով Մուրադ Գուլոյանի կողմից Կարապետ Գուլոյանին 2.855.000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցված լինելու փաստը, որպիսի պայմաններում վերջինիս եկամուտները դիտել է ապօրինի, ուստի կիրառելով հավանականությունների հավասարակշռման ստանդարտը և վերը նկարագրված պատճառաբանությունները, ավելի հավանական եմ համարում 2.855.000 ԱՄՆ դոլար գումարը Կարապետ Գուլոյանին փոխանցված լինելու փաստը, որով հիմնավորվում է նաև Կարապետ Գուլոյանի և նրան փոխկապակցված անձանց եկամուտների օրինականությունը, ուստի սույն հատուկ կարծիքում կատարված պատճառաբանությունների հաշվառմամբ Դատարանի կողմից կայացված դատական ակտը ենթակա էր բեկանման և փոփոխման, իսկ հայցն ամբողջությամբ ենթակա էր մերժման»։
Դատավոր Գ. Հարությունյանն, անդրադառնալով գումարները Մուրադ Գուլոյանի կողմից փոխանցված լինելու հանգամանքին, հատուկ կարծիքում նշել է, որ Հակակոռուպցիոն դատարանը, ելնելով հավանականությունների հավասարակշռման ստանդարտով և հաշվի առնելով գործում առկա ապացույցները, պետք է հաստատված համարեր Մուրադ Գուլոյանի կողմից Կարապետ Գուլոյանին գումար տրամադրած լինելու փաստը՝ հաշվի առնելով այն նույն մոտեցումը, որ գումարները կանխիկացվել էին 2003թ., որոնց վերաբերյալ գործում առկա են համապատասխան ապացույցներ և հաստատվում են դրանից մոտ 3 միլիոն դոլարի չափով Կարապետ Գուլոյանին տրամադրելու փաստը: Բացի այդ, նշված ժամանակահատվածում Կարապետ Գուլոյանը առանձին տնտեսություն չէր վարում, միաժամանակ հանդիսանում էր Մուրադ Գուլոյանի միակ զավակը:
Հատուկ կարծիք գրած դատավորը նաև նշել է, որ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի բավարարման պարագայում միևնույն է հայցվորի պահանջն ամբողջությամբ ենթակա էր մերժման, քանի որ մնում էին միայն օրինական եկամուտներ:
Նշենք, որ Կարապետ Գուլոյանի և Ռոզա Ծառուկյանի շահերը դատարանում պաշտպանել է փաստաբան Հարություն Հարությունյանը: Կողմերն իրավունք ունեն վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարան։
Մեկնաբանել