HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատախազությունը Կարապետ Գուլոյանի ու Ռոզա Ծառուկյանի՝ «ԱԿԲԱ» բանկում ունեցած 2000 բաժնետոմսը բռնագանձելու պահանջ է ներկայացրել

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի և Ռոզա Ծառուկյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցի քննությունը: Դատախազության ներկայացուցիչը միջնորդում է «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ին ներգրավել որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ, քանի որ Գուլոյանն ու Ծառուկյանը բանկում ունեն 2000 հատ բաժնետոմս:

Նշենք, որ Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանն ու նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը, ամուսիններ են:

Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության, պահանջում է Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից բռնագանձել մեկ բնակելի տուն և մեկ հողամաս Կոտայքի մարզում, 2 ընկերությունում՝ «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ում և «Էլեկտրոմոնտաժ ՍՊԸ-ում ունեցած բաժնետոմսերը, 1 մլրդ 638 մլն 557 հազ. դրամ բարեխիղճ ձեռք բերողին փոխանցված գումար և 58 մլն 120 հազ. ապօրինի եկամտի մնացորդ:

Կարապետ Գուլոյանն ու Ռոզա Ծառուկյանը չէին եկել դատարան: Նրանց ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Հարությունյանն ասաց, որ հայցադիմումի դեմ ամբողջ ծավալով առարկում են: Ըստ նրա՝ ամբողջական քննություն, ուսումնասիրություն չի իրականացվել: Պատասխանողների ներկայացուցիչը, մարտավարությունից ելնելով, դետալային անդրադարձ չկատարեց, սակայն նշեց մեկ օրինակ, ըստ որի դատախազության հայցն անհիմն է:

Մասնավորապես խոսեց Ռոզա Ծառուկյանի նվեր ստացած հաղամասի մասին` Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող:

Գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ այդ հողամասի վրա կատարվել են որոշակի ներդրումներ, իսկ այդ տարիներին Ռոզա Ծառուկյանը չի աշխատել: Հետևաբար եզրակացրել են, որ Ռ. Ծառուկյանը չէր կարող ունենալ օրինական եկամուտներ, ու այդ ներդրումային գումարները ծախսվել են Կարապետ Գուլոյանի կողմից, հետևաբար նաև նրան է պատկանում այդ գույքը:

Դատախազությունը նման հետևություն է արել՝ հաշվի առնելով Քաղաքացիական օրենսգրքի կարգավորումները, մասնավորապես` «Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով»:

Հ. Հարությունյանն ասում է, որ դատախազությունը չի ներկայացրել ապացույց այն մասին, որ այդ ներդրումները կատարվել են Կարապետ Գուլոյանի կողմից: Եթե նույնիսկ նրա կողմից կատարվել է ներդրում, ապա ըստ փաստաբանի, դատախազությունը պատշաճ հայցվոր չէ՝ վերականգնելու Կարապետ Գուլոյանի սեփականության իրավունքը, որ հետո դարձնի բռնագանձման առարկա: Փաստաբանը նշում է, որ սրանով խեղաթյուրվում է քաղաքական իրավունքի ողջ էությունը:

Պատասխանողների ներկայացուցիչը նաև նշեց, որ այդ գույքի նկատմամբ փորձաքննություն է իրականացվել: Այն պարագայում, երբ փորձագետն այդ գույքն իր աչքերով չի տեսել, փոխարենը դատողություններ է արել գույքի հնարավոր արժեքի, ինչպես նաև ներդրված գումարի վերաբերյալ:

Հարություն Հարությունյանը նշեց, որ Գուլոյանի մասով գույքի ծագման ուսումնասիրություններ սկսելու հիմքերը բավարար չեն եղել: Ուշադրություն չի դարձվել այն հանգամանքի վրա, թե ինչ կարողություն է ունեցել Գուլոյանի ընտանիքը, ում խնամքի տակ է եղել նա, որտեղ և ում հետ է ապրել մինչև չափահաս լինելը:

Բացի այդ, ըստ փաստաբանի, հայցադիմումից հնարավոր չէ հանգել հետևության, թե Ռոզա Ծառուկյանն ու Կարապետ Գուլոյանը մինչև ամուսնանալը որ հասցեում են ապրել, ում հետ և ամուսնությունից հետո ինչ է փոխվել:

Հարություն Հարությունյանն ասաց, որ մինչև չափահաս դառնալը Կարապետ Գուլոյանը բնակվել է ծնողների հետ, որոնք տնօրինել և ներկայում էլ տնօրինում են բավականին մեծ ֆինանսական միջոցներ: Ամուսնանալուց հետո Կ. Գուլոյանը ևս շարունակել է ապրել նրանց հետ:

«Ըստ հայցադիմումի ուսումնասիրության, տպավորություն է ստեղծվում, որ եթե անձը 18 տարեկան է, չի աշխատում, իր դրամական միջոցները պետք է լինեն զրո, հակառակ դեպքում այդ դրամական միջոցները կգնահատվեն ապօրինի»,- ասաց Հ. Հարությունյանը:

Դատախազության ներկայացուցիչ Համլետ Հարությունյանը հետաքրքրվեց՝ կա՞ որևէ փաստ, որով առաջիկայում կապացուցվի՝ ծնողների կողմից Գուլոյանին գումարներ փոխանցելու հանգամանքը: Փաստաբանը նշեց, որ դատարանի որոշումից հետո, թե ով ինչ փաստ պետք է ապացուցի, իրենք կներկայացնեն ոչ միայն ծնողների կողմից փոխանցումների, նաև այլ անձանց կողմից փոխանցումների վերաբերյալ ապացույցներ:

Դատախազության ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց, որ «ԱԿԲԱ» բանկը ներգրավվի որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ: Ի թիվս այլի՝ դատախազությունը դատարանից խնդրել է Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից, հօգուտ պետության, որպես ապօրինի գույք, բռնագանձել «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ում ունեցած 2000 բաժնետոմսը: Դրանով իսկ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել բանկին ծանուցել, որ հնարավոր է ապագայում կայացվելիք դատական ակտը վերաբերվի նաև իր իրավունքներին:

Հարություն Հարությունյանի կարծիքով՝ պետք է ծանուցվեն նաև բանկի բոլոր բաժնետերերը: Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ հնարավոր է 2000 բաժնետեր լինի, ինչով պայմանավորված` գործի քննությունը կտևի տարիներ: Համլետ Հարությունյանը նշեց, որ որևէ բաժնետիրոջ իրավունք չի խախտվի ամուսինների բաժնետոմսերի ենթադրյալ բռնագանձման պարագայում, ուստի անհրաժեշտություն չկա բոլոր բաժնետերերին ծանուցել:

Դատարանը, նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի, որոշեց այդ մասին ծանուցել միայն բանկին՝ վերջինիս հայեցողությանը թողնելով գործում որպես երրորդ անձ ներգրավվելու հարցը:

Դատախազության հաջորդ միջնորդությունը վերաբերում էր գործում ևս երկու ընկերության երրորդ անձ ներգրավելուն:

Հայցադիմումով պահանջ է դրված Գուլոյանից և Ծառուկյանից բռնագանձել նաև 2016թ. տրամադրված 547 հազ. ԱՄՆ դոլար և 2021թ. տրամադրված 294 հազ. 900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի (264 հազ. դոլար) իրավունքը: Հետևաբար խնդրեց երրորդ անձ ներգրավել փոխառու ընկերություններին՝ «Աբովյան Սիթի» և «Բելգլաս» ՍՊԸ-ներին:

Քանի որ այդ մասին դատարանը պետք է կայացներ առանձին որոշում, նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 20-ին՝ ժամը 16:00-ին:

Նշենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տեղեկատվության համաձայն՝ «Աբովյան սիթի» ընկերության հիմնադիրները եղել են ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը և Կարապետ Գուլոյանի մայրը՝ Նոյեմզար Քալաջյանը:

«Հետքն» այս մասին դեռևս 2014թ.-ին է գրել: Նշել էինք, որ «Աբովյան սիթի»-ն Աբովյանում հայտնի է որպես Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի սուպերմարկետ:

Աբրահամյանն ընկերությունից դուրս է եկել 2015թ., իսկ Քալաջյանը՝ 2018 թ.: Այժմ ընկերության բաժնետերն են Գագիկ Պողոսյանն ու Էռնեստ Մուսաելյանը:

Գագիկ Պողոսյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայրն է: Պողոսյանները Հովիկ Աբրահամյանի մայրական կողմի ազգականներն են: Գագիկ Պողոսյանը մի շարք ընկերությունների սեփականատեր կամ տնօրեն է: Այդ ընկերությունները կապվում են Հովիկ եւ Արգամ Աբրահամյանների անվան հետ:

Դարձյալ գրել էինք, որ Գ. Պողոսյանի անձը պարզապես թաքցնում է Աբրահամյանների անունները: Պատահական չէ, որ Պողոսյանը ընկերությունում բաժնետեր է դարձել Արգամ Աբրահամյանի՝ ընկերությունից դուրս գալու օրը՝ փոխարինելով նրան:

Ինչ վերաբերում է «Բելգլաս» ՍՊԸ-ին, ապա այն հիմնադրվել է 2019թ.-ին: 2020թ. 7 ամսով ընկերության բաժնետեր է եղել Կ. Գուլոյանի մայրը: Այժմ ընկերությունում 25% բաժնեմաս ունի Կ. Գուլոյանի կնոջ քույրը՝ Գայանե Ծառուկյանը: Վերջինս ընկերությունում բաժնետեր դարձել է 2023թ. փետրվարի 1-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter