
«Նոյեմբերի 23-ին տեսահոլովակն ենք տեսել, որ գերեվարվել է, 2 ամիս հետո ԴՆԹ թեստն է հաստատվել». զոհված Էրիկ Մխիթարյանի եղբոր ցուցմունքը
Վարազդատ Մխիթարյանը եղբորից լուր չունենալուց 1,5 ամիս հետո պատահաբար տեսել է ադրբեջանցիների հրապարակած մի տեսանյութ, որտեղ երևում է եղբոր՝ Էրիկ Մխիթարյանի գերեվարումը։
«Տեղյակ եմ, որ եղբայրս վերջին անգամ եղել է Խուռհատ սարում։ Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 8-ին, ասեց, որ Հադրութի դպրոցում է գտնվում, լավ են։ Նոյեմբերի 23-ին տեսահոլովակն ենք տեսել, որ գերեվարվել է։ Դրանից 2 ամիս հետո էլ ԴՆԹ թեստն է հաստատվել»,- պատմեց Վարազդատը։
2020թ. հոկտեմբերի 10-ին ադրբեջանցիները հարձակվեցին Հադրութի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղակայված Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի վրա, որի մեծ մասը 2 ամսվա զինծառայողներ էին։ Նահանջելիս նրանք նկատել են, թե ինչպես է գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը նստում մեքենան և հեռանում։
Այժմ Իշխան Վահանյանը մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։
Մնալով առանց հրամանատարի և տալով կորուստներ՝ զինծառայողներն իջել են սարից։ Նրանց մի մասը, անտեղյակ, որ Հադրութ քաղաքը գրավված է, գնացել է հենց այդ ուղղությամբ, զոհվել կամ հայտնվել շրջափակման մեջ։ Նրանց թվում է եղել նաև Էրիկ Մխիթարյանը։
Այսօր՝ մարտի 13-ին, Իշխան Վահանյանի գործով հերթական դատական նիստին հարցաքննվեցին տուժողի իրավահաջորդ ճանաչված վերջին անձինք։
Վարազդատ Մխիթարյանը դատարանին հայտնեց, որ եղբորը փնտրելիս 2020թ. հոկտեմբերի 17-ին Աշտարակի հիվանդանոցում հանդիպել է նույն գումարտակից մեկ այլ զինծառայողի, որն էլ իրեն փոխանցել է, որ Խուռհատ սարից Իշխան Վահանյանը վերցրել է վիրավոր զինվորներին և իջել, բայց ինքը վիրավոր չի եղել։
Դատավոր Ջոն Հայրապետյանը հարցրեց՝ արդյոք Վարազդատն ունի եղբոր գերեվարման տեսանյութը։
Դահլիճում նստած ծնողներն ասացին, որ իրենց մոտ պահպանված է տեսանյութը և տրամադրեցին դատավորին։
Դատարանում հարցաքննվեց նաև Հովհաննես Մուրադյանի մայրը՝ Սաթենիկ Աղաջանյանը։
Հովհաննես Մուրադյանը եղել է Ջրականի 5-րդ գումարտակի կապի դասակի հրամանատարը։ Ըստ գործում առկա նյութերի՝ Հովհաննես Մուրադյանը մի շարք զինծառայողների հետ նահանջել է Խուռհատ սարից և, տեղյակ չլինելով Հադրութի գրավման մասին, գնացել է այդ ուղղությամբ։ Զինծառայողները զոհվել կամ գերեվարվել են։
«Տղաս նույնիսկ զանգել է, ասել, որ անտառում շրջափակման մեջ ենք, եկեք մեզ օգնության, ոչ մեկ չի գնացել։ Եկել եմ նախարարություն, ասել եմ՝ երեխեքը շրջափակման մեջ են, օգնեք, նախարարությունից ինձ ասեցին՝ գնանք մենք էլ զոհվե՞նք, մեր ընկերներից մեկը գնացել ա, որ փրկի, զոհվել ա, մենք ո՞ւր գնանք»,- ասաց զոհվածի մայրը։
Սաթենիկ Աղաջանյանի խոսքով՝ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը միշտ էլ լարված է եղել իր որդու հետ, ասել է, որ զինվորներին «լավ չվերաբերվի, թուրքի նման նայի»։
Դատավոր Ջոն Հայրապետյանը նիստի ավարտին հայտնեց, որ դատարանը Գլխավոր շտաբ հարցումներ է ուղարկել, պատասխանները դեռ չի ստացել։
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 4-ին՝ ժամը 16.00-ին։
Գլխավոր լուսանկարում՝ Վարազդատ Մխիթարյանը
Մեկնաբանել