HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Բաքվի դատարանում Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը պատասխանել են իրենց ուղղված հարցերին

Մարտի 14-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։ Նիստին շարունակվել է հայ գերիների հարցաքննությունը։

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:

Ադրբեջանական APA գործակալությունը գրում է, որ պատասխանելով դատախազ Վուսալ Աբդուլաևի հարցերին՝ Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանն ասել է՝ Արցախի բյուջեն ձևավորվել է Հայաստանից ստացված միջոցների հաշվին։ Ըստ Սահակյանի՝ միջոցները տրամադրվել են տարեկան կտրվածքով։ Նա նաև հավելել է. «Բյուջեն ձևավորվել է Հայաստանի կողմից տրամադրվող վարկերի, ինչպես նաև անհատական ​​եկամուտների հաշվին։ Բացի այդ, ամեն տարի որոշակի գումար էր հավաքվում, և աշխարհի տարբեր ծայրերից յուրաքանչյուրը կարող էր նպաստել հիմնադրամին»:

Բակո Սահակյանը հայտնել է, որ թեև Հայաստանի կողմից հատկացված միջոցները անվանվել են անտոկոս վարկեր, սակայն դրանք երբեք չեն մարվել։ «Մենք 1991-2023 թվականներին Հայաստանից ուղարկված ոչ մի գումար չենք վերադարձրել, քանի որ դա անտրամաբանական կլիներ։ Մեր անձնական ռեսուրսները բավարար չէին մեր կարիքները բավարարելու համար»,- ասել է նա։

Արցախի երրորդ նախագահը նշել է, որ Արցախում արտադրված ապրանքները օտար երկրներին վաճառվում էին «Արտադրված է Հայաստանում» պիտակով։ Նա պատմել է, որ Հայաստանի քաղաքացիները կարող էին սեփականություն ձեռք բերել Արցախում, իսկ Արցախում բնակվողները կարող էին գույք գնել Հայաստանում այդ երկրի քաղաքացու կարգավիճակով՝ օգտվելով նաև այլ իրավունքներից։ «Հայաստանը մեզ համար օտար երկիր չէր համարվում»,- ասել է Բակո Սահակյանը։

Պատասխանելով հարցերին՝ նա ասել է, որ Արցախի պաշտպանության բանակը ենթարկվել է հայկական զինված ուժերին։ Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևի հարցերին ի պատասխան՝ Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և այլ բարձր պաշտոնների նշանակումը կատարվել է Արցախի նախագահի կողմից՝ ՀՀ պաշտպանության նախարարության թեկնածության հիման վրա։ 

Բակո Սահակյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունից զենք-զինամթերք է բերվել Արցախ։ Հարցին, թե Արցախում ինչպես են վճարել զինծառայողների աշխատավարձերը, նա ասել է, որ բանակի հետ կապված ծախսեր չեն ունեցել, զինվորական բոլոր ծախսերը, աշխատավարձերը ուղղակիորեն հատկացվել են Հայաստանի պետական ​​բյուջեից, և դա կապ չի ունեցել Արցախին հատկացված վարկերի հետ։

Պատասխանելով դատախազ Ֆուադ Մուսաևի հարցերին՝ Բակո Սահակյանն ասել է, որ ինքը չգիտի Արցախում զինծառայողների ստույգ թիվը, քանի որ Արցախի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ոչ թե իրեն։ Նա ասել է, որ, այնուամենայնիվ, ինքը տեղեկացել է զինծառայողների ոչ պաշտոնական թվին, քանի որ լավ հարաբերությունների մեջ է եղել Արցախի պաշտպանության նախարարի հետ։ «Պաշտպանության նախարարը  պաշտոնապես չի զեկուցել Արցախի նախագահին, բայց մենք անձնական շփումներ ենք ունեցել, ինչը բնական է։ Քանի որ Պաշտպանության բանակը պատասխանատու էր Արցախի անվտանգության համար, ես պետք է իմանայի, թե մենք քանի հոգի ենք»,- ասել է նա։

Բակո Սահակյանը պատասխանել է նաև գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևի՝ Արցախի տարածքում «Իսկանդեր-Մ», «Տոչկա Ու» և այլ զինատեսակների տեղակայման վերաբերյալ հարցերին։

Նա հայտարարել է, որ նշված զինատեսակները չեն տեղակայվել Արցախի տարածքում. «Այդ զենքերը չեն տեղակայվել Արցախի տարածքում։ Վստահաբար կարող եմ ասել, որ իմ՝ նախագահի պաշտոնում լինելու օրոք (2007-2020) այդ զենքերը Արցախ չեն բերվել»,- նշել է նա։

Բակո Սահակյանը նաև ասել է. «Չնայած բանակի հրամանատարը պարտավոր չէր զեկուցել Արցախի նախագահին, սակայն հաշվի առնելով այդ զենքերի կարևորությունը, եթե դրանք երբևէ մեզ տրվեին, բանակի հրամանատարը կտեղեկացներ ինձ այդ մասին»։

Պատասխանելով Գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով օգնական Թուգայ Ռահիմլիի հարցերին՝ Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը ևս ասել է, որ Արցախում արտադրված ապրանքները արտահանվել են Հայաստանի տարածքով՝ «Արտադրված է Հայաստանում» պիտակով։ Նա հավելել է. «Որովհետև Արցախը որևէ բան արտահանելու իրավունք ու կարողություն չուներ։ Արտահանվող ապրանքներն այնքան էլ շատ չէին։ Միայն մի քանի ընկերություններ էին արտահանումով զբաղվում։ Այդ ընկերությունները գրանցված էին Հայաստանում և ունեին իրենց մասնաճյուղերը կամ քույր ընկերությունները։ Որովհետև դա միակ ճանապարհն էր հավաստագրման և փաստաթղթավորման ապահովման համար։ Վերջնական փուլում այդ ապրանքներն արտահանվել են Հայաստանից»։

Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախի բանկային համակարգը վերահսկվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, և Արցախը չի ունեցել սեփական արժույթ և բանկային համակարգ։

Հարությունյանը նշել է՝ Հայաստանի քաղաքացիները կարող էին նշանակվել Արցախի Հանրապետության նախարարներ։ Խոսելով Արցախի պաշտպանության բանակի ֆինանսավորման մասին՝ նա ասել է. «Բանակի ֆինանսավորումը միանշանակ տրամադրվել է Հայաստանի կողմից։ Բանակը ֆինանսավորվել է ՀՀ պաշտպանության նախարարության բյուջեից։ Բացի այդ, բոլոր նշանակումները կատարվել են Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Պաշտպանության բանակի հրամանատարին անվանում էին նաև պաշտպանության նախարար։ Երբ նշանակման վերաբերյալ գաղտնի որոշում ստանայինք, կհայտարարեինք, որ այդ հրամանը մեր կողմից է տրված։ Լևոն Մնացականյանն ավելի լավ կարող է նկարագրել նման հրամանների կատարման կարգը. մենք միայն ասել ենք, որ պաշտպանության նախարար ենք նշանակել»,- ասել է նա։

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի բանակը համարվել է հայկական զինված ուժերի ստորաբաժանում։ «Բարձրագույն ռազմական գործիչը եղել է Հայաստանի գլխավոր շտաբի պետը թե՛ պատերազմի, թե՛ խաղաղ ժամանակ։ Պաշտպանության նախարարը մի շարք գործառույթներ է ունեցել նաև Հայաստանում։ Ես վստահ չեմ, թե ով ինչ լիազորություններ ուներ, բայց գլխավոր պատասխանատուն գլխավոր շտաբի պետն էր։ Ոչ միայն զենք-զինամթերքը, այլև բոլոր մատակարարումները կատարվել են Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից, այսինքն՝ ամեն ինչ»,- ասել է Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանը խոսել է նաև Արցախի նախագահ ընտրվելու մասին. «Ես այս պաշտոնը ստանձնեցի 2020 թվականի մայիսի վերջին։ Դա կորոնավիրուսային համաճարակի ամենաակտիվ փուլն էր։ Հունիսին Հայաստանում Անվտանգության խորհրդի համատեղ նիստ էր։ Այնտեղ ես հանդիպեցի Հայաստանի Հանրապետության նախագահի և վարչապետի հետ, և մենք խոսեցինք քաղաքական իրավիճակի, այսինքն՝ բանակցությունների ընթացքի մասին։ Ես բանակցություններից հասկացա, որ հայկական բանակը պատրաստ չէ երկարաժամկետ մարտական ​​գործողությունների։ Երբ օգոստոսի վերջին Հայաստանի Հանրապետության վարչապետը եկավ Արցախ, ես նրան ընդունեցի»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանը խոսել է  նաև Ադրբեջանում գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին։ Նա ասել է, որ իրեն շատ լավ է ճանաչում։ «Ռուբեն Վարդանյանին ճանաչում եմ 2005 թվականից, բազմիցս հանդիպել ենք։ Վերջին հանդիպումը նախատեսված էր անցկացնել 2023 թվականի օգոստոսին, սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ Նա երկուսուկեսից երեք ամիս Արցախի պետական ​​նախարարն էր»,- ասել է Հարությունյանը։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է մարտի 17-ին, նիստը կշարունակվի հայ գերիներին ուղղվելիք հարցերով։

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալները 15-ն են` Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և ևս 8 գերիներ՝ Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան։ 

15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 ( խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն)), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական ​​կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվում է առանձին վարույթով:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին և Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։

Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter