HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վաղուց սկսված քարոզչության պաշտոնական մեկնարկը. Փարաքարում ավագանու ընտրություններ են

Այսօր՝ 2025թ. մարտի 15-ին, պաշտոնապես մեկնարկում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, թեև քաղաքական կուսակցություններն արդեն մի քանի շաբաթ է զբաղված են քարոզչությամբ: Գյումրիում և Փարաքարում ընտրությունները տեղի են ունենում նույն օրը: Իշխանություններն ամբողջ թափով լծված են այս համայնքներում իշխանությունը պահելու գործին: Քարոզարշավը տևելու է 14 օր՝ մինչև մարտի 28-ը: 

Մարտի 30-ին Փարաքար խոշորացված համայնքում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ: Համայնքի ղեկավարումը ստանձնելու համար հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ բաղկացած «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից:

Ովքե՞ր են գլխավորում քաղաքական ուժերի ցուցակները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը կազմված է 63 հոգուց: Ցուցակի առաջին համարը Փարաքար համայնքի նախկին ղեկավար, այժմ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանն է:

Նշենք, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ավտոլվացման կետերից մեկում 2024թ. նոյեմբերի 16-ին վիճաբանությունն ավարտվել էր կրակոցներով: Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել էր։ Դեպքի վայրում է եղել նաև Լյուդվիգ Գյուլնազարյանը, որը ոտքից վիրավորում էր ստացել:

Կատարվածից երկու օր անց՝ նոյեմբերի 18-ին, Լ. Գյուլնազարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում որևէ ազդեցություն ունենալ նախաքննության վրա, թեև նրա պնդմամբ՝ դեպքի վայրում պատահմամբ է հայտնվել։

ՔՊ-ի նախընտրական ցուցակի երկրորդ համարի թեկնածուն՝ Փարաքար համայնքի ղեկավարի խորհրդական, նախկինում՝ նույն համայնքի ղեկավարի տեղակալ Կարապետ Արթենյանը ևս անբասիր կենսագրություն չունի: 2021թ. հոկտեմբերի 18-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում է գտնվում մի քրեական գործի քննություն, որով Կարապետ Արթենյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2012թ-ից հանդիսանալով Արմավիրի մարզի Պտղունք համայնքի ղեկավար, ունենալով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում, ինչպես նաև ինքնակամ շինարարությունների օրենքով սահմանված կարգով հետևանքների վերացման լիազորություններ, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ծառայողական պարտականություններ չկատարելով, էական վնաս է պատճառել Պտղունք համայնքի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Համայնքային բյուջե չի վճարվել մոտ 9 մլն դրամ:

Այս գործով դատական նիստերը նշանակվում են 2-3 ամիսը մեկ անգամ, և, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նշանակված նիստերի մեծ մասը չի կայանում կամ հետաձգվում է: Օրինակ, 16 նիստից 9-ը չի կայացել կամ հետաձգվել է մեղադրող դատախազի արձակուրդի մեջ գտնվելու, բացակայության, վատառողջ լինելու, ինչպես նաև դատավորի վատառողջ լինելու և այլ պատճառներով:

Նշենք, որ Կարապետ Արթենյանն աժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, նախորդ իշխանությունների ժամանակ՝ «Հանրապետական» կուսակցության անդամ էր:

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է անկուսակցական, Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը: Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել 2024թ. մայիսին՝ մոտ 2,5 տարի համայնքը ղեկավարելուց հետո: Ցուցակը բաղկացած է 24 հոգուց:

Հիշեցնենք, որ Դ. Մինասյանը Փարաքար համայնքի ավագանու անդամ, այնուհետև համայնքի ղեկավար էր ընտրվել «Դավիթ Մինասյան» դաշինքի ցուցակով 2022թ․ հունվարի 9-ին։ Նրա ընտրվելը հարթ չի եղել։ Այդ ժամանակ ցույցեր և բողոքի ակցիաներ էին իրականացնում «Ապրելու Երկիր» խմբակցության ավագանու անդամներն ու նրանց աջակիցները։

Փարաքարում «Ապրելու Երկիր» կուսակցությունը ստացել էր ավագանու 10 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 6, իսկ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 5 մանդատ, սակայն համայնքի ղեկավար ընտրեցին ամենաքիչ ձայներ ստացած ուժի թեկնածուին։ ՔՊ-ի և Դավիթ Մինասյանի համագործակցության նպատակն էր ամեն գնով Փարաքարում պահել իշխանությունը։ Որպեսզի Դավիթ Մինասյանը դառնար համայնքի ղեկավար, ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը պայմանավորվեցին, որ ընտրվելուց հետո առաջին 2.5 տարին ղեկավարելու է Դ․ Մինասյանը, հաջորդ 2.5 տարին՝ ՔՊ թեկնածուն։ Այդ պայմանավորվածության հիման վրա էլ Դ. Մինասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց և համայնքի ղեկավար ընտրվեց Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Քրեական պատմություններով կենսագրություն ունի նաև Դավիթ Մինասյանը: 2023թ. հոկտեմբերից Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քրեական գործ, ըոտ որի՝ Դ. Մինասյանը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից խուլիգանական արարք կատարելու մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Դ. Մինասյանը մի խումբ անձանց հետ 2023թ. ապրիլի 23-ին՝ ժամը 2-ի սահմաններում, գտնվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով բնակավայրում գործող գիշերային ակումբում, որտեղ ոգելից խմիչքի ազդեցության տակ ակումբի սրահից դուրս է հրավիրել ակումբի հաճախորդի հետ նույն սեղանի շուրջ նստած մի կնոջ, ինչին հակադրվել է տղամարդը: Դավիթ Մինասյանը, չհամակերպվելով այդ փաստի հետ, ակումբի նախասրահ է հրավիրել տղամարդուն և անհարկի բարձրաձայն հայհոյանքներ տալով, անհարգալից վերաբերմունք դրսևորել ներկա գտնվող անձանց, ակումբի աշխատակիցների, հաճախորդների և անվտանգության աշխատակիցների նկատմամբ: Ձեռքին առկա ապակյա բաժակը հարվածել է ակումբի նախասրահի հայելուն և իր մտերիմների հետ դուրս է եկել ակումբից: Դրանից հետո ակումբի դիմաց ավտոմեքենայի ճանապարհը փակելու առիթով վիճաբանության է բռնվել ինքնությունը չպարզված անձի հետ և քաշքշելով փորձել է ավտոմեքենայից դուրս հանել վարորդին:

Դ. Մինասյանը նման մի պատմության մեջ հայտնվել էր նաև 2009թ-ին: Նա կարաոկե բարի մոտ վիճաբանել էր մի տղամարդու հետ, այնուհետև այլ վայրում հանդիպման ժամանակ իր մոտ եղած հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակով կրակել էր եղբայրներ Գևորգյանների ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որի համար դատապարտվել էր ազատազրկման՝ 5 տարի ժամկետով:

«Կայունություն» կուսակցությունը ընտրապայքարի մեջ մտել է թեկնածուների 40-հոգանոց ցուցակով, որից մեկն արդեն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, մյուսը՝ հետ է վերցրել փաստաթղթերը: 

Այս կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է «Համայնքների իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Գոռ Սարիբեկյանը: Նա Փարաքարի ավագանու 2021թ. դեկտեմբերի 5-ի ընտրությունների ժամանակ Դավիթ Մինասյանի հետ եղել է նույն ցուցակում և զբաղեցրել է երկրորդ համարը: Իսկ երբ Դ. Մինասյանն ընտրվեց համայնքի ղեկավար, Գոռ Սարիբեկյանը նշանակվեց համայնքի ղեկավարի տեղակալ՝ պաշտոնավարելով մինչև 2024թ. հուլիս: 

«Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է «Ապրելու երկիր» կուսակցության և Փարաքար համայնքի ավագանու անդամ Վոլոդյա Գրիգորյանը: 

Ինչպես արդեն նշել ենք, 2021թ. ընտրությունների ժամանակ Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունն ամենաշատ մանդատն էր ստացել: Այդ ժամանակ կուսակցության ցուցակը գլխավորում էր Վոլոդյա Գրիգորյանը՝ այդպես էլ նրան չհաջողելով համայնքում իշխանություն ստանձնել: Օգուտ չտվեցին նաև օրեր շարունակ տևած բողոքի ակցիաները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter