
Ապօրինի վաճառված 15 հա անտառը չվերադարձվեց Ծաղկաձորին․ տեղում Radisson հյուրանոց կկառուցվի
Ծաղկաձորում նախատեսվում է Radisson խմբի հյուրանոցային համալիր կառուցել։ Համալիրը գործելու է Radisson Hotel Group միջազգային բրենդի հավատարմագրված կառավարման ենթակայությամբ։ 15 հեկտար հողամասում հյուրանոցի կառուցումը նախաձեռնել է «Քեյջիէմ» ՍՊԸ-ն է։
«Հետք»-ն ուսումնասիրել է հյուրանոցի կառուցման ծրագրին առնչվող փաստաթղթերը և պարզել, որ կառուցապատվելիք հողամասը տարիներ առաջ ապօրինի սեփականաշնորհված անտառային հողերից մեկն է։ Ավելին, հողամասը ձեռք բերողների ցանկում է եղել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնազորի նախկին ղեկավարը, ապա հողը փոխանցել է Աբրահամյանների հետ կապ ունեցող բիզնեսներից մեկի բաժնետիրոջը։
«Քեյջիէմ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքն այդ տարածքի նկատմամբ գրանցվել է 2023թ․ օգոստոսի 14-ին կնքված առքուվաճառքի տարաժամկետ վճարման պայմանագրի հիման վրա։ 2023 թ․-ին հիմնադրված ՍՊԸ-ի միակ բաժնետերը Թանգինե Տեր-Պողոսյանն է։ Ընկերության բաժնետոմսերը նրան է փոխանցվել Միքայել Կոնստանտինի Մանուկյանից։
Ինչպե՞ս է սեփականաշնորհվել 15 հա անտառապատ հողը
15 հեկտար հողամասը «Քեյջիէմ» ՍՊԸ-ին սեփականությունը դառնալուց առաջ պատկանել է Ռուզաննա Ասուլյանին, որը Միքայել Մանուկյանի հետ նույն հասցեում է հաշվառված (հավանաբար ընտանիքի անդամներ են): Հողամասը Ռուզաննա Ասուլյանը ձեռք է բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանից 2009 թ․-ին։ Ի դեպ, Ռուզաննա Ասուլյանը Հովիկ Աբրահամյանի մերձավորներից մեկի՝ Արտաշատի նախկին փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանի հետ համատեղ ընկերություն է ունեցել։
Վերը նշված և այլ անտառային հողերի ապօրինի սեփականաշնորհման մասին «Հետքը» գրել էր 2018 թ․-ին։ Ծաղկաձորի անտառներից ապօրինի սեփականաշնորհվել էր նաև կառուցապատվելիք 15 հա տարածքը։ Այսպես, 2007 թ․-ի հոկտեմբերին այդ ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է Կառավարության մի որոշում, որով Հրազդան համայնքին պատկանող 19.2 հա անտառային կատեգորիայի հողամասը փոխադրվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա։ Որոշմամբ անտառային հողերի կատեգորիան փոխվել է։ Այդ որոշումից ամիսներ անց 15 հեկտար հողամասը Հրազդան համայնքի ղեկավարը աճուրդով վաճառելուց առաջ որոշել է հողամասի գինը սահմանել կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով։ Հողամասը ձեռք բերած առաջին քաղաքացին այն փոխանցել է Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանին, որն էլ մեկ տարի անց՝ 2009 թ․-ին, հողամասը վաճառել է Ռուզաննա Ասուլյանին։ Ազգային ժողովի կողմից օրենսդրական փոփոխությունից հետո 15 հեկտար հողամասը Հրազդան համայնքի տարածքից հանվել և փոխադրվել է Ծաղկաձոր համայնքի տարածք։ Ծաղկաձորում անշարժ գույքի գինը գրեթե հավասար է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքի գնին։
Անտառն այդպես էլ չվերադարձվեց Ծաղկաձոր համայնքին
Ծաղկաձորում 50 հեկտար անտառապատ հողամասերի ապօրինի վաճառքի մասին «Հետքի» հրապարակումից հետո Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց։ Նախաքննության ժամանակ հաստատվեց հողերի ապօրինի օտարման փաստը, սակայն հանցագործության համար օրենքով սահմանված վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական գործը կարճվեց։ Հովիկ Աբրահամյանը նախաքննության ժամանակ տված ցուցմունքում նշել է․ «Ես իմ պաշտոնական դիրքը չեմ չարաշահել»։
2007-2008 թթ․-ին անտառների մի մասը վաճառվել էր Հրազդան համայնքի ղեկավարի որոշումներով, մյուս մասը՝ Կոտայքի մարզպետի։ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում դատարան է դիմել և մի շարք անտառապատ տարածքներ արդեն վերադարձրել է պետությանը, իսկ Հրազդան համայնքը տապալել է անտառները համայնքին վերադարձնելու գործընթացը։ Հրազդան համայնքն այս հողամասի մասով դատարան հայց չի ներկայացրել, որպեսզի այն վերադարձնի համայնքին։ Գլխավոր դատախազությունն էլ, 2023 թ.-ից ունենալով նաև համայնքային շահերի պաշտպանության շրջանակում հայց հարուցելու իրավասություն, նույնպես դատարան չէր դիմել։
Բացի այդ, նշված հողամասը՝ որպես ենթադրյալ ապօրինի ծագմամբ գույք, ներառված չէ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներին վերաբերող՝ ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման մասին Դատախազության հայցում։ Գրավոր հարցմամբ փորձեցինք Դատախազությունից պարզել, թե ի՞նչ գործողություններ է ձեռնարկել համայնքի շահերը պաշտպանելու լիազորություն ստանալուց հետո։ Հայտնեցին, որ Հրազդան համայնքի կողմից հայցեր չներկայացնելու մասին «Հետք»-ի հրապարակման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ Դատախազությունն առանձին հայցերով դիմել է դատարան։ ««Հետք» էլեկտրոնային թերթի հրապարակման հիման վրա նախաձեռնված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի իրավասու պաշտոնատար անձանց կողմից Հրազդան համայնքում օրենքի պահանջների խախտմամբ կազմակերպված աճուրդներով օտարված որոշ հողատարածքների աճուրդներն անվավեր ճանաչելու պահանջով հայցեր չեն ներկայացվել Դատարան՝ ձախողելով հողատարածքները համայնքին վերադարձնելու գործընթացը:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության զեկուցագրի հիման վրա նշված հանգամանքները պարզելու նպատակով նախաձեռնվել է քրեական վարույթ և միաժամանակ, նկատի ունենալով, որ «Դատախազության մասին» օրենքով Դատախազությանը 2023 թվականից վերապահվել է համայնքային շահի պաշտպանությամբ հանդես գալու լիազորություն, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ընդհանուր 22 հա մակերեսով հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու վերաբերյալ 4 հայց»,- հայտնել են Դատախազությունից:
Դատական տեղեկատվական համակարգից էլ տեղեկանում ենք, որ Դատախազությունը Հովիկ Աբրահամյանի թիկնապահի ձեռք բերած 15 հա անտառը վերադարձնելու նպատակով 2025 թ․-ի մարտի 14-ին դիմել է Հակակոռուպցիոն դատարան։
Ովքե՞ր են Radisson հյուրանոցը կառուցողները
Հողամասի ներկայիս սեփականատեր «Քեյջիէմ» ՍՊԸ-ի բաժնետեր Թանգինե Տեր-Պողոսյանը հաշվառված է Կոնստանտին Գուրգենի Մանուկյանի հետ, որը «Քեյջիէմ» ՍՊԸ-ի առաջին բաժնետիրոջ՝ Միքայել Մանուկյանի հայրն է։ Հիշեցնենք՝ Միքայել Մանուկյանն էլ հաշվառված է Ռուզաննա Ասուլյանի հետ՝ նույն հասցեում։ Կոնստանտին Մանուկյանը քրեական հեղինակություն, ՌԴ-ում «օրենքով գող» ճանաչված Զախարի Քալաշովի (մականունը՝ Շաքրո Մալադոյ) մտերիմ մարդկանցից է։ Կոնստանտին Մանուկյանը 2024 թ.-ին Ինտերպոլով հետախուզվում էր, սակայն ըստ Ինտերպոլի կայքի՝ հետախուզում այս պահին չկա։ Կոնստանտին Մանուկյանը կապված է նաև Ռուզաննա Ասուլյանի հետ, որից էլ անտառապատ հողամասը ձեռք է բերել «ՔեյջիԷմ» ՍՊԸ-ն: Համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի՝ կառուցվող համալիրը նախատեսված է հանգստի, ժամանցի, սպորտի համար, որտեղ ընդգրկված է հյուրանոցային մասնաշենքը, որն ունենալու է 8 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ, հանգստյան տնակներ՝ քոթեջներ, բացօթյա լողավազան, այգի, սպորտային գոտի, ավտոկայանատեղի, արհեստական լճակ և այլ օժանդակ շինություններ։
Հողամասի չափը 15 հա է։ Ըստ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացրած նախագծի՝ ողջ տարածքի 40 հազար քմ-ը (այսինքն՝ 4 հա-ն) անտառածածկ է, 20 հազար քմ-ն՝ (2 հա) թփածածկ։
Նախատեսվող գործունեության ընթացքում նախնական պլանավորվում է մոտ 40 ծառաթփերի կտրում, որոնց փոխարեն ձեռնարկողը համայնքի հատկացրած վայրում խոստանում է իրականացնել ծառատունկ՝ հնգապատիկ ավել քանակով, կստանձնի նաև դրա խնամքը։
Կառուցապատումից ազատ տարածքում նախատեսվում է իրականացնել սիզամարգերի և արահետների կառուցում՝ համաձայն կանաչապատման նախագծի։ Անտառապատ տարածքներում կստեղծվի միայն արահետ՝ հողային անցումով, առանց քարի և բետոնի կիրառման։
«Քեյջիէմ» ՍՊԸ-ի տնօրեն Ռուդոլֆ Գրիգորյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ և հարցնել՝ արդյոք մտավախություն չունեն տարածքի նկատմամբ, որը հնարավոր է վերադարձվի պետությանը։ Ռուդոլֆ Գրիգորյանը պատասխանեց, որ իրենք ոչ մի կապ չեն տեսել Հովիկ Աբրահամյանի հետ և նման մտավախություն չունեն։ Այլ հարցերի Ռուդոլֆ Գրիգորյանը չցանկացավ պատասխանել։
Մեկնաբանել