
Մեկ տարի ժամկետով 9 839 հատ տրանսպորտային փաթեթ է վաճառվել
Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստում «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը ներկայացրեց, թե այս տարվա հունվարի 1-ից մինչև մարտի 10-ը ընկած ժամանակահատվածում որքան եկամուտ է ստացվել, քանի տոմսային փաթեթ է վաճառվել և այլն։
Ըստ քաղաքապետարանի հրապարակած տվյալների՝ նշված ժամանակահատվածում վաճառվել է 17 մլն 743 հազար 372 տոմս, որի հասույթը կազմել է 2 մլրդ 539 մլն դրամ։ Վավերացվել է 19 մլն 616 հազար 28 տոմս։ Քաղաքացիների 75%-ը գերադասել է օգտվել QR-ով ուղետոմսերից, 16%-ը վճարել է բանկային քարտերի միջոցով, իսկ 9%-ը տրանսպորտային փաթեթներով։ Տրասնպորտային տեսակներից ամենաշատը օգտվում են ավտոբուսներից՝ 76%, երկրորդ տեղում մետրոն է՝ 20%, երրորդ տեղում տրոլեյբուսը՝ 4%:
Քաղաքապետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ 213 հազար 21 տրանսպորտային փաթեթ է վաճառվել։ Ամենաշատը վաճառվել է 10 ուղևորության համար նախատեսված փաթեթը՝ 105 հազար 635, երկրորդ տեղում 30-օրյան է՝ 58 հազար 29, երրորդ ամենաշատ վաճառվածը 3 ժամ տևողությամբ տոմսը՝ 29 հազար 981։ Մյուս տրանսպորտային փաթեթները չեն գերազանցել 10 հազարը։
Փաթեթային տոմսերից 61 հազար 609-ը արտոնություններով են։ Այս թվի մեջ է մտնում նաև 29,854 հատը, որոնք «1 ամիս անվճար երկարաձգում» ակցիայի շրջանակներում անվճար տրամադրված տոմսերն են, ևս 31 հազար 755 հատ վաճառվել են զեղչով կամ տրամադրվել են անվճար։
Տրանսպորտային փաթեթների համար սահմանված զեղչեր են՝ 20% դպրոցականների համար, 20%` անապահովության նպաստառուների համար, 30%՝ թոշակառուների համար և 15% ուսանողների համար։ Զեղչից ամենաշատը օգտվել են թոշակառուները՝ 10 հազար 948, հետո ուսանողները՝ 3 հազար 59։
16 հազար 153 տրանսպորտային փաթեթ վեց արտոնյալ խմբի տրամադրվել է անվճար։ 8 հազար 607 տոմս տրամադրվել է Ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում և հաշմանդամություն (1-ին և 2-րդ խումբ) ունեցող անձանց։ Մյուս խմբերի վերաբերյալ տե՛ս ինֆոգրաֆիկայում։
Մեկնաբանել