HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Բաքվի դատարանում հարցաքննվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը

Մարտի 17-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։ Նիստին շարունակվել է հայ գերիների հարցաքննությունը։

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:

Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ դատական ​​նիստին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին հարցեր են ուղղել դատախազները, տուժողների ներկայացուցիչները և նրանց պաշտպանները։

Պատասխանելով Ադրբեջանի գլխավոր դատախազության պաշտպանության վարչության պետ Նասիր Բայրամովի հարցերին՝ Լ. Մնացականյանը հայտնել է, որ 1992 թվականին զինվորական ծառայության է անցել Արցախում և նույն թվականի հոկտեմբերի 2-ին վիրավորվել է մարտի դաշտում։ 1993 թվականից մինչև 2012 թվականը շարունակել է իր զինծառայությունը Արցախի պշտպանության բանակի տարբեր պաշտոններում, որից հետո նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 2015 թվականին նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար-բանակի հրամանատար։

Նա նշել է, որ Սեյրան Օհանյանը, ով հետագայում նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար, նույնպես զբաղեցրել է տարբեր պաշտոններ Արցախում։ Իսկ մինչ Արցախում իր ստանձնած պաշտոնները, նա եղել է 366-րդ գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարը։

Լևոն Մնացականյանն ասել է, որ Արցախի պաշտպանության բանակի բարձր պաշտոնների նշանակումների մասին որոշումներ են կայացվել Հայաստանում։ Փոխգնդապետի և բարձր կոչումներով պաշտոնների նշանակումներն իրականացրել են Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը և նախագահը։ «Որպես բանակի հրամանատար՝ ես կարող էի պաշտոններում նշանակել մայորի և դրանից ցածր կոչումով մարդկանց, ինչպես նաև կարող էի մայորից ոչ բարձր կոչումներ շնորհել», - ասել է նա։

Նա հավելել է, որ Արցախի պաշտպանության բանակում ֆինանսական հարցերը լուծել է ՀՀ ՊՆ-ն, իսկ զենք-զինամթերքի ապահովումն ամբողջությամբ իրականացվել է հայկական զինված ուժերի կողմից։

Պատասխանելով գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևի հարցերին՝ Լ. Մնացականյանը հայտնել է, որ 2015 թվականի հունիսին ՀՀ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշանակվել է Արցախի պաշտպանության նախարարի-բանակի հրամանատարի պաշտոնում։ Նախ ՀՀ այդ ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը առաջարկել է իր թեկնածությունն այդ պաշտոնին, ապա Սերժ Սարգսյանը հավանություն է տվել դրան։

Լ. Մնացականյանի խոսքով, Ս.Սարգսյանն իրեն ընդունել է իր նշանակման կապակցությամբ։ «Հանդիպման ժամանակ նա ինձ ասաց, որ սա շատ կարևոր պաշտոն է»,- հավելել է Լևոն Մնացականյանը։

Նա հայտարարել է, որ Արցախում ծառայած և ՀՀ քաղաքացիների կողմից կատարված ռազմական հանցագործությունների քննությունը վարում է Հայաստանի ռազմական ոստիկանությունը, իսկ նախաքննությունը՝ Հայաստանի զինվորական դատախազությունը։

Լ.Մնացականյանը հայտնել է, որ ամեն տարի Հայաստանից 7-8 հազար ժամկետային զինծառայողներ են ուղարկվել պարտադիր զինվորական ծառայության Արցախում։ Նրա խոսքով՝ տարին երկու անգամ եղել է զորակոչ և յուրաքանչյուր զորակոչի ժամանակ 3500-4000 ՀՀ քաղաքացի է բերվել Արցախ։ Արցախի բանակում ծառայողների մոտ 70 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են եղել, իսկ մնացած 30 տոկոսը՝ ԼՂՀ քաղաքացիներ։

Լևոն Մնացականյանը նաև նշել է. «Ծառայության ընթացքում նրանց միջև տարբերություն չի դրվել, նրանք եղել են նույն հրամանատարության ներքո և կրել են նույն զինվորական համազգեստը»: Նա հայտարարել է, որ Արցախում  «Իսկենդեր-Մ», «Տոչկա Ու» և «Սմերչ» զինատեսակներ չեն եղել։

Նա նաև պատասխանել է դատախազների հարցերին, թե պատերազմի ժամանակ «ո՞վ է հրաման տվել Գյանջայում, Բարդայում և այլ շրջաններում հրթիռներ արձակել»։ Լևոն Մնացականյանն ասել է, որ նման կրակ բացելու հրամանը կարող էր տալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Հարցին՝ եթե գլխավոր շտաբի պետը կարող էր հրամաններ տալ, ապա ո՞ւմ հետ պետք է համաձայնեցներ, Լ. Մնացականյանը պատասխանել է. «Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի պետը հաշվետու է մեկ անձի՝ երկրի ղեկավարին»։ Հարցին, թե երկրի ղեկավար ասելով՝ ո՞ւմ նկատի ունի, Լևոն Մնացականյանը պատասխանել է. «Հայաստանի վարչապետին, այն ժամանակ գլխավոր շտաբի պետը Օնիկ Գասպարյանն էր, իսկ վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը»։

Լևոն Մնացականյանն ասել է, որ Արցախի պաշտպանության նախարար եղած ժամանակ ինքը Արցախի նախագահին չի զեկուցել որևէ փոփոխության, բարեփոխումների, իրադարձությունների մասին։ «Ընդհանուր շփումներ կարող էին լինել, բայց ոչ ավելին։ Ես զեկուցել եմ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբին»,- նշել է նա։

Նա ասել է, որ 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ ինքը ներկայացել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ և Արցախի ղեկավարությանը պաշտոնապես չի զեկուցել ոչինչ։ Նրա խոսքով՝ բանակի զարգացման պլանը և այլ փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և հաստատել Հայաստանի ղեկավարը, իսկ Արցախի նախագահը իրավասություն չի ունեցել այս հարցում։

Այնուհետեւ ուսումնասիրվել են Լևոն Մնացականյանի հետ կապված փաստաթղթեր։ Պետական ​​մեղադրողն ասել է, որ հայերենով փաստաթղթերի հետազոտությամբ հաստատվել է Լևոն Մնացականյանի ցուցմունքը։ Լևոն Մնացականյանը նաև ասել է, որ Ռուբեն Վարդանյանին ճանաչում է մոտավորապես 2005-2008 թվականներից։

Դատավարությունը կշարունակվի ապրիլի 3-ին։ Հաջորդ դատական ​​նիստին ևս կշարունակվի հայ գերիների հարցաքննությունը։

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալները 15-ն են` Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և ևս 8 գերիներ՝ Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան։ 

15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 ( խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն)), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական ​​կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվում է առանձին վարույթով:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին և Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։

Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter