HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Քաղաքային, քաղաքական, թե աշխարհաքաղաքական ընտրություններ. ինչ օրակարգով են Գյումրու ընտրություններին մասնակցում քաղաքական ուժերը

Մարտի 15-ին պաշտոնապես մեկնարկեց Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Սակայն ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերը քարոզարշավն ավելի վաղ էին սկսել։ 

Մարտի 5-ին ավարտվեց ընտրությունների առաջադրման գործընթացը։ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնացելու հայտ են ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստանի կոմունիստական», «Ապրելու երկիր», «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական», «Դեմոկարտական այլընտրանք» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները, «Մայր Հայաստան», «Եվրադաշինք» և «Մեր քաղաքը» դաշինքները մարտի 30-ին կպայքարեն Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում իշխելու համար։

«Հետքը» սկսում է ներկայացնել ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին։

Ինչո՞ւ է ընտրությունն արտահերթ

Գյումրիում նախորդ ավագանու ընտրությունները տեղի ունեցան 2021 թվականի հոկտեմբերի 17-ին։ Ընտրությունների արդյունքներով ոչ մի ուժի չհաջողվեց հավաքել ընտրողների 50%-ի ձայները։ 

Այդ պատճառով ամենաշատ ձայներ հավաքած «Բալասանյան դաշինքը» և «Քաղաքացիական պայմանագիրը» կոալիցիա կազմեցին, թեև «Բալասանյան դաշինքը» մինչ ընտրությունները բացառել էր ՔՊ-ի հետ համագործակցությունը։

«Բալասանյան դաշինքը» և «Քաղաղացիական պայմանագիրը» համատեղ կառավարեցին համայնքը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 6-ը, երբ ՔՊ-ն հայտարարեց համագործակցության հուշագիրը խզելու մասին։

2024 թվականի հոկտեմբերի 28-ին Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Նրա հետ մանդատները վայր դրեցին նաև ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության մյուս անդամները։

Վարդգես Սամսոնյանի հրաժարականից և «Բալասանյան դաշինքի» անդամների մանդատները վայր դնելուց հետո «Քաղաքացիական պայմանագիրը» դարձավ ավագանու ամենամեծ խմբակցությունը։ 

Նոյեմբերի 8-ին «Ազատություն ռադիոկայանին» տված հարցազրույցում ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն ասել էր, որ ավագանու կազմից համայնքապետի թեկնածու չեն առաջադրելու և գնալու են արտահերթ ընտրությունների ճանապարհով։

Այս հայտարարությունից մի քանի շաբաթ անց՝ նոյեմբերի 26-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  առաջիկայում օրենսդրական փոփոխություններ են իրականացնելու, որը հնարավորություն կտա Կառավարությանը Գյումրիում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։

ՔՊ-ում որոշեցին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի իրենց թեկնածուին ընտրելու համար նախնական ընտրություններ՝ փրայմերիզ անցկացնել։ 

Դեկտեմբերի 8-10-ը անցկացված նախնական ընտրությունների արդյունքում ամենաշատ՝ 253 ձայնը ստացավ անկուսակցական Սարիկ Մինասյանը։ Դեկտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը Մինասյանին նշանակեց Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Գյումրու արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցի ամենամեծ՝ 99 հոգանոց ցանկով։ Ինչպես նախապես հայտարարվել էր, ցուցակում ընդգրկվել են փրայմերիզում պարտված բոլոր մասնակիցները՝ Լևոն Անանյանը, Դավիթ Առուշանյանը, Շավարշ Արամյանը, Էմմա Բարսեցյանը, Վահագն Մկրտչյանը և Կարեն Սարուխանյանը։

ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը մասնագիտությամբ քաղաքագետ է։ 2018-ի մարտից մինչև 2019 թվականի հունվարը զբաղեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետի պաշտոնը։ 2018թ. դեկտեմբերի 9-ին Մինասյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: 2022 թվականի հուլիսի 8-ից մինչև Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը՝ 2024 թվականի դեկտեմբեր 13-ը, զբաղեցրել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնը։

Բացի Սարիկ Մինասյանից «Քաղաղացիական պայմանագրի» նախընտրական ցուցակի առաջին եռյակում ներառված են նաև Վահագն Մկրտչյանը և Էմմա Բարսեղյանը։ 

Վահագն Մկրտչյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է։ Նա 2021 թվականից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի մարտ ամիսը Մկրտչյանը Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է եղել։ Մոտ 9 ամիս էլ Մկրտչյանը զբաղեցրել է Գյումրու համայնքապետի տեղակալի պաշտոնը։ Նա նաև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականն է։ 

Էմմա Բարսեղյանը տնտեսագետ է, սովորել է Գյումրու պետական տեխնիկական քոլեջում, ապա՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։ 2021 թվականի դեկտեմբերից սկսել է դասավանդել նույն համալսարանում։ 2022 թվականի սեպտեմբերից Էմմա Բարսեղյանը աշխատանքի է անցել Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնում որպես ավագ մասնագետ։ Բարսեղյանը ՔՊ-ի Շիրակի մարզային երիտասարդական կառույցի քարտուղարն է։

«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում ընդգրկված են նաև մանկապարտեզների, դպրոցների, պոլիկլինիկաների, արվեստի դպրոցների, մարզպետարանի աշխատակիցներ, համայնքային ծառայողներ։

«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագիրը բաղկացած է 7 կետից։ ՔՊ-ն խոստանում է ընտրություններում հաղթելու դեպքում անվճար դարձնել համայնքային մանկապերտեզները, վերանայել քաղաքի գլխավոր հատակագիծը, տնակներում ապրողներին ապահովել բնակարաններով, լուծել աղբահանության հարցը և բրենդավորել Գյումրի համայնքը։

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք

Քվեաթերթիկում 6-րդը «Հանրապետություն», «Հանուն հանրապետության» և «Հայաստանի եվրոպական» կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Եվրադաշինքն» է։ Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին «Եվրադաշինքը» ներկայանում է 25 հոգանոց ցուցակով։

Ցուցակի առաջին համարը անկուսակցական, լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է։ Դաշինքի ցուցակի երկրորդ համարը փաստաբան, Գյումրու Պրոգրես համալսարանի դասախոս Գայանե Գևորգյանն է։ 

«Եվրադաշինքի» ցուցակի առաջին եռյակը եզրափակում է Անուշ Կարապետյանը։ Նա ընտանեկան բուժքույր է Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայում։ 

Դաշինքն ընտրություններին մասնակցում է «Ձեր Լևոնը» և «Գյումրի. արժանապատվության ընտրություն» կարգախոսներով։

«Եվրադաշինքի» անդամները Գյումրու ընտրությունների մեջ աշխարհաքաղաքական ենթատեքստ են տեսնում։ 

«Գյումրիում մեր հաջողությունը կարող է շատ լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի վրա։ Կարծում եմ՝ Գյումրիի ընտրությունները կարող են օգնել և նպաստել, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հեռանկարը շատ ավելի հաստատուն և շատ ավելի հիմնավոր քայլերով առաջ գնա»,- «1in.am»-ին տված հարցազրույցում ասել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

«Գյումրին Եվրոպական միությանը մերձենալու ամենամոտ սահմանն է»,- հավելում են  «Եվրադաշինքի» ղեկավարները։

«Եվրադաշինքի» նախընտրական ծրագրում հատուկ կետ կա ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին։ Լևոն Բարսեղյանն ու իր թիմը Գյումրիում իշխանության գալուց հետո խոստանում են աշխատանք տանել ՀՀ կառավարության հետ, որպեսզի 102-րդ ռազմաբազան սկսի գույքահարկ վճարել համայնքին։

Գյումրիի զարգացման 12 կետից բաղկացած նախընտրական ծրագրում անդրադարձ կա նաև քաղաքի համաչափ զարգացմանը, ՀՈԱԿ-ների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, զբոսաշրջության խթանմանը և արտաքին կապերի զարգացմանը։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն

Սուրեն Սուրենյանցի ղեկավարած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Գյումրու համայնքապետի թեկնածուն անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանն է։ 

Ղարաղազարյանը գործարար է, մարզիկ։ Նա արդեն մեկ անգամ ունեցել է Գյումրու ավագանիում աշխատելու փորձ։ 2016 թվականին Արտյոմ Ղարաղազարյանը ընտրվել է ավագանու անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։ 

2018-ի մայիսին նա հեռացվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից այդ ժամանակ Գյումրու քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Սամվել Բալասանյանի դեմ սկսված անվստահություն հայտնելու նախաձեռնությանը միանալու համար։ Խմբակցությունից հեռացվելուց հետո Ղարաղազարյանը վայր չի դրել մանդատը և շարունակել է աշխատանքն ավագանիում մինչև 2021 թվականը։

Կուսակցության երկրորդ համարը նույնպես գործարար է՝ Գագիկ Ադամյանը։ Իսկ երրորդ համարը՝ Սեդա Խաչատրյանը, ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, չի աշխատում։ «Դեմոկրատական այլընտրանք»-ը ընտրություններին մասնակցում է ամենափոքր՝ 23 հոգանոց ցուցակով։

«Դեմոկրատական այլընտրանք»-ը քվեաթերթիկում 7-րդն է։ Կուսակցությունը Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է «Ճիշտ քաղաք, ճիշտ Գյումրի» կարգախոսով։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ Գյումրու ընտրություններն ունեն ոչ միայն համայնքային, այլև համապետական նշանակություն։ 

«Այս ընտրությունները, անշուշտ, ունեն նաև քաղաքական շեշտված ենթատեքստ։ Եթե մենք կարողանանք Գյումրիում պարտության մատնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ապա ամբողջ երկրում կսկսվի փոփոխությունների մի ամբողջ շրջան»,- ասում է Սուրենյանցը։

«Հետքը» առաջիկայում շարունակելու է ներկայացնել Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերին և նրանց ծրագրերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter