
Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դատավարությունը
Մարտի 18-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարություններն ու դատավարության այլ մանրամասները։
Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանի պաշտպան Ավրահամ Բերմանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով պայմաններ ստեղծել նիստի արձանագրությանը և դրան կից ձայնագրությանը ծանոթանալու համար։ Մեղադրող կողմը չի առարկել միջնորդության դեմ։
Դատավոր Զեյնալ Աղաևը, բավարարելով միջնորդությունը, ասել է, որ Ռուբեն Վարդանյանին և պաշտպանին հնարավորություն կտրվի կրկին ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը։
Այնուհետև հարցաքննվել են գործով շուրջ 11 «տուժողներ»։ Նրանք ասել են, որ Ռուբեն Վարդանյանին գիտեն են ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի միջոցով և պատմել են, թե իբր պատերազմի ժամանակ իրենց զինվորական ծառայության ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել Արցախի տարածքում։
«Տուժողներից» յուրաքանչյուրը Ռուբեն Վարդանյանի համար առավելագույն պատիժ է պահանջել։ Այնուհետև հրապարակվել են մարտի 11-ին տեղի ունեցած դատավարության ընթացքում ցուցմունք տված «տուժողների» դատաբժշկական փորձաքննության արդյունքները։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 1-ին։
Նշենք, որ մարտի 13-ին Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու ձայնային ուղերձ էր փոխանցել. մեկը խնդրել էր հրապարակել նույն օրը, հաջորդը՝ կիրակի։ Առաջին ուղերձով Վարդանյանը հայտնել էր, որ դադարեցնում է հացադուլը։ «Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի. ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ, ցույց տալ, որ այստեղ միայն ինձ չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը, ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում, այլ չհեռանալ»,-նշել է Ռուբեն Վարդանյանը:
Իսկ երկրորդ ուղերձով նա անձնական կյանքից դրվագ էր պատմել։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել է Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմա-քաղաքական մյուս ղեկավարների գործից և քննվում է առանձին վարույթով։ Նրան առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանը իր գործով առաջին նիստից առաջ՝ հունվարի 16-ին, ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով ուղերձ էր փոխանցել, որում նշել էր, որ մինչև հիմա իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված։ Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Վարդանյանը պահանջում է բաց, հրապարակային դատաքննություն։
Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության
Մեկնաբանել