
«Տղամարդկանց սպանում էին իրենց կանանց ու երեխաների աչքի առաջ»,- ասում է ալավի կինը
Երեկոյան Սիրիայի Լաթաքիա քաղաքի փողոցները ամբողջապես դատարկ են. երկրի խոշորագույն նավահանգիստը հիմա, կարծես, ուրվականների բնակավայր լինի։ Այսպես է ավարտում հեռախոսազրույցը մեր արաբ զրուցակից Ջամիլը (անունը փոխված է), որը նկարագրում էր Միջերկրական ծովի ափին գտնվող Լաթաքիայի պատկերը ալավիների զանգվածային սպանություններից հետո։
Թե՛ Ջամիլը, թե՛ մեր մյուս զրուցակիցները անվտանգային նկատառումներով խնդրել են չհրապարակել իրենց անուն-ազգանունները:
Լաթաքիայի բնակիչ. «Կատարվածը ռազմական հանցագործություն է»
Այն բանից հետո, երբ Սիրիան 24 տարի ղեկավարած նախագահ Բաշար ալ Ասադը ընդդիմադիր ուժերի ռազմական գրոհի ֆոնին 2024-ի դեկտեմբերին լքեց երկիրն, ու ընդդիմությունն իր ձեռքը վերցրեց իշխանությունը, երկրում ներքաղաքական լարվածությունը չթուլացավ:
Մարտի 6-ին նոր իշխանությունը հայտարարեց, որ Ասադին հարող եւ ընդդիմություն դարձած խմբերից մեկը հարձակում է սկսել Լաթաքիայում: Դրան ի պատասխան՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները ավիահարվածներ հասցրին Լաթաքիայի նահանգի Բեյթ Անա գյուղին: Այս բնակավայրում բախումների ժամանակ կառավարական ուժերը զոհ ու վիրավորներ տվեցին: Ալավի առաջնորդները, ի պատասխան ավիահարվածների, խաղաղ բողոքի ցույցերի կոչ արեցին:
Ալավիները շիա իսլամի առանձին ուղղության հետեւորդներ են: Նրանք հիմնականում բնակվում են Սիրիայի արեւմուտքում՝ Լաթաքիայի եւ Տարտուսի նահանգներում, որոնց ափերը ողողում է Միջերկրական ծովը: Ասադների ընտանիքը եւս ալավի է:
Մարտի 6-ին բախումները շարունակվել են Լաթաքիայի մերձակայքում: Զոհեր են տվել թե՛ կառավարական, թե՛ Ասադին հարող ուժերը, գրանցվել են նաեւ քաղաքացիական զոհեր: Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR), որը գործում է Միացյալ Թագավորությունում, այս բախումներն անվանել էր Ասադի վարչակարգի անկումից հետո ամենաարյունալին:
Ընդ որում՝ մինչ այդ՝ 2025 թվականի հունվարին, SOHR-ն արդեն իսկ արձանագրել էր ալավիների հանդեպ զինված բռնության եւ արտադատական սպանությունների դեպքեր:
«Շրջանում, որտեղ ապրում եմ, մարդիկ շատ պարզ եւ խաղաղասեր են»,- ասում է «Հետքի» զրուցակից, Լաթաքիայի բնակիչ Ջամիլը, որն ալավի չէ, բայց քաղաքում ապրում է նրանց հետ կողք-կողքի։ Նա նկատում է, որ մեդիան սեւեռվել է իշխանության ընդդիմադիրների կողմից զենք վերցնելու վրա, այնինչ վերջիններս ոչ միայն շատ քիչ են եղել, այլեւ ընդամենը ինքնապաշտպանության են դիմել:
Ըստ Ջամիլի՝ մարտի 7-ի առավոտյան Հայաթ Թահրիր ալ Շամ խմբավորման զինյալները մտել են Լաթաքիայի այն թաղամաս, որտեղ ինքն է ապրում։ Թաղամասում մի քանի հոգի զենք է օգտագործել՝ օդ կրակելով՝ ի նշան այն բանի, որ իրենք այդտեղ են եւ պատրաստ են ինքնապաշտպանվել։ Հետո սկսել է փոխհրաձգություն: Թաղամաս մտած զինյալները սկսել են կրակել տղամարդկանց վրա, պահանջել բնակիչների մեքենաների բանալիները, բացել խանութները, որտեղից գումար էին գողանում։ Մարդիկ վախենում էին փողոց դուրս գալ։
Հայաթ Թահրիր ալ Շամը (HTS), որի առաջնորդը Սիրիայի ներկա նախագահ Ահմեդ ալ Շարան էր (նախկինում առավել հայտնի էր ռազմական կեղծանունով՝ Աբու Մուհամադ ալ Ջուլանի), ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ու մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Միացյալ Թագավորության կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Սուննի իսլամի հետեւորդ այս խմբավորման առաջնորդությամբ ընդդիմադիր ուժերը 2024-ի տարեվերջին տապալեցին ալավի Ասադի վարչակարգը: 2025-ի հունվարին, երբ Ահմեդ ալ Շարան հռչակվեց Սիրիայի անցումային փուլի նախագահ, հայտարարվեց նաեւ Թահրիր ալ Շամի եւ այլ խմբավորումների կազմալուծման ու դրանց՝ այդուհետ պետական կառույցների մաս կազմելու մասին:
Այդուհանդերձ, «Հետքի» զրուցակիցները ընդգծել են ալավիների սպանությունների մեջ հենց Թահրիր ալ Շամի զինյալների մասնակցությունը:
«Քաղաքից դուրս՝ գյուղերում, սարերում իսլամական խմբավորման տարբեր զինյալներ բարբարոսաբար են վարվել մարդկանց հետ։ Սպանել են շատերին՝ ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց ու երեխաների։ Դրա մասին բազմաթիվ տեսանյութեր կան»,- նշում է Ջամիլը։
Մարտի 8-ին HTS-ի մեկ այլ խումբ է մտել նրանց թաղամաս։ Ըստ մեր զրուցակցի՝ այս խումբն է՛լ ավելի խիստ է վարվել մարդկանց հետ։ Ջամիլն այդ ժամանակ ընկերոջ հետ փողոցում է եղել։ Զինյալները նրանց կանգնեցրել են ու սկսել հարցաքննել։ Նախ հարցրել են, թե արդյոք ալավի են, հետո վերցրել են հեռախոսներն ու նայել լուսանկարները, ստուգել սոցիալական հարթակները, նամակագրությունը։ Նայելու ընթացքում նաեւ ջնջել են լուսանկարները։ Ջամիլի ընկերը պարանոցին դաջվածք ուներ, ինչի համար զինյալները ցանկացել են ծեծել նրան։ «Ընկերս, բարեբախտաբար, իսլամիստների մենթալիտետը լավ գիտեր, խոսեց նրանց հետ, հասկացան։ Ասաց՝ այո, ալավիների գյուղից եմ, ասացին՝ ի՞նչ է անում ընտանիքդ այնտեղ։ Հետո մի ուրիշ զինյալ եկավ եւ, մեզ ցույց տալով դիմացի բարձրահարկ շենքի պահակակետը, ասաց՝ տեսնո՞ւմ եք այս շենքը, կարող եմ ռումբ գցել եւ փոշիացնել այն. այստեղ մեծամասամբ ալավիներ են ապրում»,- հիշում է Ջամիլը։ Զինյալները, ըստ «Հետքի» զրուցակցի, Ասադի ռեժիմն ընդհանրացնում են ալավիների հետ՝ թիրախավորելով վերջիններիս։
«Փողոցներում դիեր էին փռված։ Իմ բնակարանից 200 մետրի վրա դի կար: Ես 5 դի եմ տեսել տանս մոտ, չգիտեմ՝ զինվա՞ծ, թե՞ քաղաքացիական անձինք էին: Բայց, դժբախտաբար, ամենուր քաղաքացիական զոհերը շատ էին»,- նկատում է Ջամիլը:
Նա ընդգծում է, որ Լաթաքիայում մարդիկ խաղաղասեր են, եւ սիրիական ափում ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նման բան տեղի կունենա՝ ջիհադիստների կոչով ալավիներին կսկսեն սպանել։ «Մենք հասկանում ենք, որ խաղաղություն չկա, ու մարդկանց կարող են իրար դեմ հանել, երբ ցանկանան։ Ներկա ռեժիմը գիտի այս մասին: Չափազանց բարդ իրավիճակ է։ Նրանք մեդիան են օգտագործում, որ հանրային կարծիք ձեւավորեն, բայց ամենուր կան նրանց արարքների մասին տեսանյութեր»,- ասում է դեպքերի ականատես Ջամիլը։
Մեր զրույցը տեղի է ունեցել մարտի 12-ին։ Այդ ժամանակ թաղամասում, որտեղ ապրում է Ջամիլը, ջուր ու հոսանք չկար, խանութները փակ էին։
-Ինչպե՞ս եք լուծում սննդի հարցը:
-Փորձում ենք հնարավորինս քիչ ուտել։ Չգիտենք, թե դեռ քանի օր է տեւելու այս վիճակը։ Հիմա բռնությունն ավելի քիչ է, բայց չենք կարող ասել՝ ինչ կլինի հետո։ Սոցմեդիայում ջիհադիստներն իրար կոչ են անում տեսանյութեր չնկարել. ում ուզում են, թող սպանեն կամ ինչ ուզում են, թող անեն, բայց չնկարեն,- ասում է «Հետքի» զրուցակիցը։
Մեր զրույցի նախորդ օրը Ջամիլը 2 կմ քայլել ու 3 ժամ հերթ էր կանգնել, որ հաց գներ։
Իսկ թե ինչպես են հեռախոսները լիցքավորում, երբ հոսանք չկա, ասում է՝ Հալեպից մեկը արեւային վահանակներ ունի, թույլ է տալիս, որ մարդիկ օգտվեն:
-Ի՞նչ եք մտածում ներկա վիճակի մասին:
-Հեշտ հարց չեք տալիս: Ես փոքր հույս ունեմ, որ Լաթաքիայում շուտով ավելի հեշտ կլինի մարդկանց համար։ Մենք չպետք է մոռանանք զոհերի, քաղաքացիական զոհերի մասին։ Պետք է բարձրաձայնենք այս ջարդի մասին։ Կատարվածը ռազմական հանցագործություն է, եւ կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Նրանք պետք է կանգնեն արդարադատության առաջ,- նշում է Լաթաքիայի բնակիչը։
«Միայն մեր գյուղում 65 հոգու են սպանել»
«Եթե մեր զրույցը լիներ 3 օր առաջ, չէի կարող խոսել,- զրույցի սկզբում ասում է Սառան (անունը փոխված է), ապա շարունակում,- առաջին հերթին կուզեի ասել, որ ես մի գյուղից եմ, որը ջարդերի վկան է։ Նախ թույլ տվեք իմ ցավակցությունները հայտնել այն մարդկանց, որոնք զոհ դարձան այս ողբերգությանը, այն քաղաքացիներին, որոնք այս զարհուրելի սպանդի զոհ դարձան»։
Սառան ու նրա ընտանիքը ալավիներ են, ապրում են Լաթաքիայի նահանգում: Նա խնդրել է անունը չհրապարակելուց բացի՝ չնշել նաեւ բնակության վայրը՝ անվտանգությունից ելնելով։
Ասում է՝ իրադարձություններն սկսվեցին այն բանից հետո, երբ մարտի 6-ին Ասադի ռեժիմի նախկին ուժերը սպանեցին ընդհանուր անվտանգության մի քանի աշխատակիցների, ինչին հետեւեց ալավիների թիրախավորումը:
«Կներեք, ես մի քիչ նյարդային եմ, որովհետեւ այս դեպքերի մասին պատմելն ինձ տխրեցնում է։ Սիրիայում ընդհանուր մոբիլիզացիա հայտարարվեց ալավիների դեմ: Մեծ թվով ջիհանդիստներ էին, չեմ հավատում, որ Սիրիայի ժողովուրդը կարող էր դա անել: Ոչ թե ենթադրում եմ, այլ գիտեմ, որ օտարերկրացիներ են կատարողը: Չեմ հավատում, որ սիրիացի մարդիկ երբեւէ կարող են սպանել սիրիացի մարդկանց: Դրանք վարձկաններ էին: Գիտեմ, որ որոշ մարդիկ ատում են ալավիներին անցյալի վատ փորձի պատճառով, նկատի ունեմ Ասադի ռեժիմը»,- նշում է Սառան։
Նրա խոսքով՝ ջիհադիստները կատարել են ամենասարսափելի հանցագործությունները՝ սպանելով հարյուրավոր մարդկանց: Նկատում է, որ զոհերից շատերը եղել են իրենց տներում, չզինված։ Սա ապացուցող լուսանկարներ ու տեսանյութեր կան։
«Դա միայն ալավիների դեմ չէր, այլ նաեւ քրիստոնյաների ու սուննիների: Նրանք չէին հարցնում՝ քրիստոնյա՞ ես, ալավի՞, թե՞ սուննի, պարզապես սպանում էին բոլորին՝ երեխա, կին, տղամարդ»,- պատմում է ալավի կինը։
Նրա հայրենի գյուղում, որտեղ ընտանիքն է ապրում, զինյալները սպանել են 65 հոգու։ Գյուղի բնակիչները վախենում են խոսել կատարվածի մասին։ Նրանք ջարդի տեսանյութեր ու նկարներ ունեին, բայց ջիհադիստները ստիպել են ջնջել դրանք։ «Նրանք ներխուժում էին տներ, որոնում այդ նյութերը հեռախոսների մեջ, եւ եթե հանկարծ ինչ-որ մեկը նկարել էր կատարվածը, սպանում էին այդ մարդուն՝ վերցնելով հեռախոսը: Այդպիսով՝ բոլորը, այդ թվում՝ իմ ծնողները, ջնջեցին իրենց նկարած վիդեոներն եւ նկարները»,- պատմում է «Հետքի» զրուցակիցը։
65 զոհերի թվում եղել են նրա հարեւաններն ու ընկերները։
-Լսեք, թե Ձեզ ինչ կպատմեմ։ Դա ինձ պատմել է քույրս։ Չգիտեմ՝ մյուս գյուղերում ինչպես է եղել: Ձեզ պատմում եմ, թե ինչ է պատահել իմ ընտանիքի հետ: Նախ հարյուրավոր մեքենաներ եկան մեր գյուղ, եւ սկսեցին սպանել մարդկանց։ Տղամարդկանց սպանում էին իրենց կանանց ու երեխաների աչքի առաջ: Այնուհետ սկսել են տները հետախուզել, ինչ արժեքավոր իր տեսնում էին՝ ոսկի կամ գումար, գողանում էին, հետո անցնում մեքենաների գողությանը: Ընդ որում՝ դա մի անգամ չէին անում: Ծնողներիս տուն երեք անգամ ներխուժել են ու հետախուզել: 4 եղբայր ունեմ, եթե նրանք չփախչեին, նրանց եւս կսպանեին: Ես փորձում եմ ուժեղ լինել: Հիմա խոսում եմ, որովհետեւ արդարության պահանջ ունեմ։
-Ինչո՞ւ այս ամենը տեղի ունեցավ, նկատի ունեմ սպանությունները, ճնշումները:
-Պետք է ազնիվ լինեմ: 11 տարի առաջ Ասադի ռեժիմը կատարեց ամենասարսափելի հանցագործությունը սուննիների հանդեպ, ու մենք բոլորս դա գիտենք: Հիմա նրանք վրեժխնդիր են լինում եւ նույնն են անում, որովհետեւ դրա հնարավորությունն ունեն ու մտածում են, որ այն ժամանակ բանակի անդամները միայն ալավիներ են եղել, բայց այդպես չէ: Նրանք քաղաքացիական մարդկանց են սպանել: Եթե նախկին զինվորականների էին փնտրում, թող վերցնեին նրանց, այլ ոչ թե մեծ թվով քաղաքացիական անձանց սպանեին: Այդ մարդիկ իրենց կյանքով վճարեցին մի բանի համար, որ չեն գործել։ Ահա թե ինչ եղավ,- մանրամասնում է ալավի Սառան։
Նրա հետ մենք զրուցել ենք մարտի 13-ին: Ասում է՝ ամբողջ Լաթաքիայում երեք օր խմելու ջուր չկար, իսկ մինչեւ մեր զրույցը՝ նաեւ հոսանք։ Ընդհանուր անվտանգության աշխատակիցներն առաջին անհրաժեշտության ապրանքներ են մատակարարել՝ ջուր, սնունդ, դեղորայք, բայց այդ ամենն, ըստ Սառայի, գյուղերում բացակայում է։ «Ջիհադիստները գողացել են խանութների ապրանքները, հետո հրդեհել դրանք: Իմ գյուղում 5-6 խանութ կար, բոլորը թալանել են։ Գողացել են մեքենաները, իսկ այն մեքենաները, որոնք չեն կարողացել գողանալ, հրդեհել են: Մեր գյուղում ալրաղաց ունեինք, դա եւս վառել են: Այս ամենը արել են ոչ միայն իմ գյուղում, այլեւ մյուսներում: Մի անձնական դրվագ պատմեմ. ջիհադիստներից մեկը մեր տուն էր մտել ու հորս ասել՝ մեքենադ կտա՞ս, թե՞ ջարդենք: Հայրս, իհարկե, տվել է մեքենան»,- պատմում է Սառան։ Այս դրվագից հետո լռում ենք։ Խոսակցությունը ծանր է։
«Բոլոր ալավիները, այդ թվում՝ ես, միայն խաղաղություն ենք ուզում: Բաշար Ասադն այլեւս նախագահ չէ, եւ մենք շատ ուրախ էինք ու պայծառ ապագա էինք տեսնում: Ասադին գահընկեց անելուց հետո սոցմեդիայում ալավիների դեմ գրառումները պետք է դադարեցվեին։ Կարծում եմ՝ այս ջարդի պատճառներից մեկը նաեւ դա էր»,- նշում է «Հետքի» զրուցակիցը։
Սառան շեշտում է, որ ալավիները վրեժ չեն ցանկանում, այլ միայն խաղաղություն, մյուս կողմից՝ նրանց ցանկությունն արդարարության հաստատումն է ու դեպքերի արդար քննությունը, ինչպես նաեւ Սիրիայից օտարերկրացի վարձկանների արտաքսումը։
«Գիտեմ, որ հիմա շատ զգացական եմ խոսում, եւ միակ բանը, որ ցանկանում եմ, խաղաղությունն է: Ես երբեք չեմ սովորեցնի իմ որդուն այդպես վարվել որեւէ մեկի հետ՝ ալավի, սուննի, թե քրիստոնյա լինի։ Բոլորս մարդ ենք, եւ դա է էականը: Գիտեմ, որ խաղաղությունը ժամանակ է պահանջում, գուցե հարյուրավոր տարիներ: Բայց մի օր կլինի: Հուսով եմ»,- ասում է նա։
Ըստ անկախ գնահատականների՝ մարտին սպանվել է 1157 քաղաքացիական անձ
Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի (SOHR)՝ մինչեւ փետրվարի 23-ը կրոնական հիմքով Սիրիայում սպանվել էր ավելի քան 250 մարդ (ըստ ամենայնի, SOHR-ը նկատի է ունեցել ալավիներին): Իսկ մարտի 6-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով սպանվել է 1157 քաղաքացիական անձ եւ 259 զինված ալավի: Իրենց հերթին կառավարական ուժերը կորցրել են 273 հոգու:
Մարտի 7-ին Սիրիայի նոր նախագահ Ահմեդ ալ Շարան հայտարարել էր. «Երբ մենք կոմպրոմիսի ենք գնում մեր էթիկայի հարցում, իջեցնում ենք մեզ մեր թշնամու մակարդակին: Ընկած ռեժիմի մնացորդները սադրանքներ են փնտրում, որոնք կբերեն խախտումների, որոնց հետեւում էլ նրանք կարող են ապաստան փնտրել»: Ավելի ուշ նա հայտարարել էր, թե «ընկած ռեժիմի մնացորդները» այլ ելք չունեն, քան անմիջապես հանձնվելը, քանի որ ինքը երդվել է պատասխանատվության ենթարկել «ցանկացածին, ով ներգրավված է քաղաքացիական բնակչության արյունահեղության մեջ»: Դրանից հետո ալ Շարան հայտարարել էր, թե վայրագությունների բոլոր մեղավորները կպատժվեն՝ միաժամանակ չմոռանալով մեղադրել Ասադին հարող ուժերին եւ «օտարերկրյա ուժերին», որոնք իբր փորձում են նոր բախումներ հրահրել Սիրիայում ու երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ՝ «նպատակ ունենալով պառակտել այն եւ ոչնչացնել դրա միասնությունն ու կայունությունը»:
«Մենք դատապարտում ենք Սիրիայի կառավարությանը՝ հյուսիսային Սիրիայի ջիհադիստների կողմից ծովափնյա շրջաններում ցեղասպանությունը թույլ տալու համար,- «Հետքի» հետ զրույցում ասում է ալավի Սառան,- մենք վախենում ենք, որ դա նորից կկրկնվի, եւ ես չեմ ակնկալում, որ որեւէ մեկը կկարողանա կանգնեցնել այն, եթե դա տեղի ունենա։ Ուստի, մենք կոչ ենք անում մյուս երկրներին ձեռնարկել համապատասխան գործողություններ։ Մենք չենք ուզում արմատական պետություն։ Մենք իսկապես խաղաղություն ենք ուզում։ Հատուցում ենք ուզում բոլորից, ովքեր բռնության են ենթարկել սիրիական ափը»։
«Ջարդերը դադարել են, բայց սպանություններն ու թալանը շարունակվում են»
«Հետքի» երրորդ զրուցակիցը, որը խնդրեց չհրապարակել իր անուն-ազգանունն ու բնակության վայրը, քաղաքացիական ակտիվիստ է, ազգությամբ արաբ, բայց ոչ ալավի։ Նրան պայմանական կանվանենք Ահմեդ:
Վերջինիս դիտարկմամբ՝ 2024-ի դեկտեմբերին Ասադի ռեժիմի տապալումից եւ իշխանության վրա Հայաթ Թահրիր ալ Շամի (HTS) վերահսկողություն հաստատելուց հետո նոր կառավարությունը ձգտում էր պարտադրել անվտանգություն եւ խտրականության բացակայություն: Սակայն, ըստ Ահմեդի, ելնելով HTS-ի ծայրահեղական գաղափարախոսությունից, դրա մարտիկները միշտ չէ, որ հավատարիմ են եղել ղեկավարության հրահանգներին։
Ըստ «Հետքի» զրուցակցի՝ սիրիական ափը համարվում է Ասադի վարչակարգին հավատարիմ շրջան, չնայած տասնամյակների ընթացքում այս հատվածը տնտեսական ու քաղաքական առումով մարգինալացվել է, ինչն էլ մարդկանց ստիպել է միանալ բանակին: Նախկինում տարածված արատավոր բարքերից Ահմեդն առանձնացնում է կրոնական հողի վրա մարդկանց իրավունքների շարունակական խախտումները, մասնավորապես՝ քաղաքացիներին իրենց կրոնի մասին հարցաքննելը, վիրավորելը, նրանց համոզմունքները ծաղրելն ու աշխատանքից հեռացնելը: Մյուս կողմից, ըստ Ահմեդի, նոր իշխանությունը չընտրեց անցումային արդարադատության ուղին, հասարակությանը կամ այլ քաղաքական ուժերի չներգրավեց անցումային գործընթացում, փոխարենը մոբիլիզացրեց ծայրահեղական խմբավորումներին, որոնք ունեն քրեական անցյալ եւ վրեժխնդրություն փնտրող կամավորներ՝ հարձակում սկսելով սիրիական ափերի վրա: Մեր զրուցակիցը նշում է, որ սրանց թվում կան սիրիական եւ օտարերկրյա ջիհադիստական խմբեր, տարբեր ծագումնաբանություն ունեցող մարտիկներ:
Ահմեդն ասում է, որ երկու օր շարունակ ջարդեր են իրականացվել սիրիական ափամերձ ալավիական գյուղերում եւ քաղաքներում, ինչի հետեւանքով զոհվել է ավելի քան 1500 մարդ։ Մարդիկ սպանվել են կրոնական հողի վրա սարսափելի դաժանությամբ: Այրվել են գյուղեր, կողոպտվել է մարդկանց ունեցվածքը: Մի շարք շրջաններ, ինչպիսիք են Լաթաքիան (Latakia), Ջաբլեն (Jableh), Բանիյասը (Baniyas), ականատես են եղել զանգվածային սպանությունների:
«Այս վայրագությունները հազարավոր մարդկանց տեղահանեցին, իսկ մյուսներին քշեցին դեպի ափամերձ լեռները, որտեղ նրանք ապրում են շարունակական սպանությունների եւ ջարդերի վախով, առանց սննդի եւ դեղորայքի: Շատ կրթված անհատներ, ակտիվիստներ, բժիշկներ, մտավորականներ սպանվեցին իրենց ընտանիքների աչքի առաջ, իսկ բնակիչները ստիպված եղան մի քանի օր մնալ դիակների մոտ»,- մեզ հետ նամակագրության ընթացքում հայտնել է Ահմեդը։
«Ստեղծված իրավիճակը աղետալի է։ Կառավարությունը փաստահավաք հանձնաժողով է ստեղծել, սակայն բնակիչները չեն վստահում դրան շարունակվող սպանությունների եւ անկախության երաշխիքների բացակայության պատճառով։ Ջարդերը դադարել են, բայց սպանություններն ու թալանը շարունակվում են, եւ կառավարությունը չի վերահսկում ծայրահեղական խմբավորումները, որոնք հրամաններ են ստանում իրենց առաջնորդներից։ Երկու օր առաջ սպանվել է 94, երեկ՝ 24 մարդ»,- մարտի 15-ին մեզ փոխանցել է արաբ քաղակտիվիստը։
Նրա փոխանցմամբ՝ Լաթաքիայի մոտ գտնվող ալ Մուխթարիա գյուղի ջարդից 8 օր անց փաստագրվել են կրոնական հողի վրա սպանված 148 զոհերի անունները: Բնակիչների անվտանգությունը վերականգնված չէ, հրդեհներն ու թալանը շարունակվում են։ Փրկվածները տեղահանված են եւ կարիք ունեն մարդասիրական օգնության, հոգեբանական աջակցության ու իրենց կորուստները սգալու հնարավորության:
«Անբավարար մարդասիրական արձագանք կա, իսկ իշխանամետ հռետորաբանությունը հերքում կամ արդարացնում է տեղի ունեցածը: Սիրիայում ալավիները խաղաղ համայնք են՝ արժանի պաշտպանության եւ արժանապատիվ կյանքի։ Նրանք մեղավոր չեն նախկին ռեժիմի ղեկավարի պատկանելության մեջ, բայց կոլեկտիվ պատժվում են ծայրահեղական կառավարության կողմից, որին աջակցում են արաբական եւ տարածաշրջանային պետությունները»,- ասում է «Հետքի» արաբ զրուցակիցը։
Լուսանկարներում՝ Սիրիայի կառավարական ուժերի ներկայացուցիչները, աղբյուրը՝ syriahr.com
Մեկնաբանել