HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արա, պա ստի պեն կինի՞». բեմում է «Դիզակ Արտ»-ի թատերախումբը

Մարտի 13-ին Հենրիկ Մալյանի անվան թատրոնի հանդիսատեսը հիմնականում արցախցիներ էին. եկել էին «Արա, պա ստի պեն կինի՞» (Արա, բա այսպիսի բան կլինի՞) ներկայացմանը։ Դերասանները «Դիզակ Արտ» մշակութային ՀԿ-ի արցախցի սաներն էին:

«Դիզակ Արտ»-ը 2021 թվականին Հայաստանում հիմնադրել են հադրութցի երեք կանայք։ Նպատակը Արցախից տեղահանված երեխաների մշակութային ինքնության պահպանումն է:

«Դիզակ Արտ»-ի երեք հիմնադիրներից մեկը Հադրութի շրջանի Տող գյուղից Երազիկ Հայրիյանն է։ Նա մինչև 2020 թվականի արցախյան պատերազմը եղել է Հադրութի վարչակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչը։ Հադրութից տեղահանվելուց հետո Երևանում ընկերների հետ հիմնել են «Դիզակ Արտ» մշակութային կազմակերպությունը։ Կենտրոնը մշակութային կրթություն էր տալիս սկզբում Հադրութի, Շուշիի շրջանների երեխաներին, իսկ 2023 թ.-ին արցախցիների ամբողջական տեղահանությունից հետո կենտրոնի ծրագրերում ընդգրկված են երեխաներ Արցախի բոլոր շրջաններից։

«Քանի որ մենք մեր հետ կարողացանք բերել միայն ոչ նյութական մշակութային ժառանգությունը, մեր կենտրոնի նպատակը արցախյան ասույթները, մեր բարբառները, մեր սովորույթները, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն է։ Կենտրոնը ունի մասնաճյուղ Աբովյան քաղաքում եւ Երեւանում։ Մենք հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որ ամեն մարզում ունենանք մեր կենտրոնը, մեր մշակութային համայնքը եւ կարողանանք էդ մշակութային համայնքն այդ կերպ պահպանել։ Դիզակ Արտը այսօր ունի ժողգործիքների համույթ, ազգային երգ, պար, նկարչություն, թատրոն, կիրառական արվեստ»,- պատմում է Երազիկը։

Մինչեւ 2023 թ.-ը «Դիզակ Արտ»-ին ֆինանսապես աջակցում էր Արցախի կառավարությունը։ 2023-թ.-ից հետո այն փոքր դրամաշնորհների եւ անհատ բարերարների միջոցով է փորձում գոյատեւել։ Այս պահին «Դիզակ Արտ»-ը չունի կայուն ֆինանսավորում, բայց շարունակում է աշխատանքները։

«Թիմում բոլորը գաղափարի շուրջ են հավաքվել, եւ անկախ նրանից մենք այսօր ունենք ֆինանսական օգնությունը, թե ոչ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Վստահ ենք, որ բարի մարդիկ, կազմակերպությունները կկանգնեն մեր կողքին, եւ մենք կշարունակենք մեր գործունեությունը։ Ավելի հաճախ ենք միջոցառումներ կազմակերպում, որ մեր մասին ավելի շատ իմանան։ Այդ միջոցառումներից է նաև «Արա, պա ստի պեն կինի՞» ներկայացումը»,- պատմում է Երազիկը:

Հենրիկ Մալյանի անվան թատրոնում բեմադրված «Արա, պա ստի պեն կինի՞» ներկայացումն արցախցի գրող Ալեքսանդր Մանասյանի համանուն սիրային կատակերգության բեմադրությունն է։

Թատերախմբի դերասաններից է 14-ամյա Աննան, ով Հադրութի շրջանի Տող գյուղից է։

«Դիզակ Արտը իմ համար փոքր Արցախն է, «Արա, պա ստի պեն կինի՞» ներկայացման մեջ ես խաղում գլխավոր դերը։ Իրականում էստեղ երկրորդական, առաջնային դեր չկա, բոլորը գլխավոր դերասաններ են։ Ամեն մեկն իր համն ու հոտը ունի, առանց մեկի չի կարող լինել ամբողջը։ Շատ մեծ դեր ունի ընկեր Սրբուհին՝ իր տանջանքը, համբերությունը»,- պատմում է Աննան։

Թատերախմբի ղեկավար Սրբուհի Բալայանը Հադրութի շրջանի Այգեստան գյուղից է։ Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը` Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցը։

«Քանի, որ վարպետս լավագույն ռեժիսորներից է, սերը ռեժիսուրայի հանդեպ միշտ եղել է։ 2020թ.-ի արցախյան պատերազմից հետո երբ Երևանում բացվեց «Դիզակ Արտը», ընկեր Երազիկը կանչեց և ասաց, որ որոշել են արցախցի երեխաների հետ թատերախումբ ստեղծել։ Եկա, տեսա երեխաներին, ես իրենց սիրահարվեցի, իրենք՝ ինձ»,- պատմում է Սրբուհին:

Թատերախումբը, ինչպես «Դիզակ ԱՐՏ»-ի մյուս խմբակները, արցախցիների մշակութային ինքնության պահպանման, զարգացման և տարածման առաքելություն ունի։ Ներկայացումները արցախյան բարբառով են, այստեղ նույնիսկ Թումանյանն է հնչում Հադրութի բարբառով։

«Սկզբում խաղացանկում Թումանյանի ստեղծագործություններն էին՝ փոխադրած Արցախի բարբառով։ Պատկերացնում եմ Թումանյանը ոնց կուրախանար, եթե տեսներ այդ ներկայացումը։ Հետո բեմադրել ենք Անդերսենի «Արքան մերկ է» ստեղծագործությունը։ Արցախյան թեմայով երեխաների հետ բեմադրել ենք «Ես շուռ եմ տալիս աշխարհը» ներկայացումը»,- պատմում է Սրբուհին։

«Ես շուռ եմ տալիս աշխարհը» բեմադրության հիմքում Լեռ Կամսարի «Վերջնական Հայաստանը» և «Քարտեզի առջև» պատմվածքներն են։ Այն վավերագրություն է, որտեղ թատերախմբի երեխաները պատմում են իրենց զգացողությունները, հիշողությունները պատերազմի, Արցախի մասին։

«Այս ներկայացման հանդիսատեսի տարիքային սեգմենտը շատ մեծ էր` երեխեքից մինչեւ մեծեր։ Այն պատերազմի մասին էր, բայց երեխաների շուրթերից հնչող հումորային պատմություններով։ Ես հիշում եմ` մենք ունեինք հանդիսատես, տարիքով մեծ տղամարդ էր, ով վերջում նստած բարձր լաց էր լինում։ Իհարկե, այդ ներկայացումը չէինք արել, որ լացեն։ Ուղղակի երևի այդ մարդը էս 5 տարվա մեջ առաջին անգամ էդ օրն է լացել, ինքը ո՛չ տնից դուրս գալուց է լացել, ո՛չ իր կնոջը տեղափոխելուց է լացել։ Մեր ներկայացումը նրանց համար էր, ովքեր ունեն ասելու բան, բայց չեն կարում ասեն, ու իրանց փոխարեն էդ մեծ գործը անում են երեխաները»,- պատմում է Սրբուհին և ավելացնում, որ պատերազմից հետո «Դիազակ Արտ»-ի երեխաները իրեն էլ են օգնել հաղթահարել բաներ, որոնք չէր կարող հաղթահարել միայնակ։

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter