HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ադրբեջանական ինքնաթիռները շարունակում են իսրայելական ավիաբազայից բեռ տեղափոխել Բաքու

Ադրբեջանական Silk Way Airlines բեռնափոխադրող ավիաընկերության թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» ավիաբազա նորություն չեն, բայց առավել ուշագրավ է այս թռիչքների ինտենսիվության ու Բաքվի ռեժիմի ռազմական ագրեսիվ գործողությունների համընկնումը:

Այս հանգամանքը 2023 թ. մարտին արձանագրել էր իսրայելական Haaretz օրաթերթը՝ նկատելով, որ «Օվդան» Իսրայելի միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով պայթուցիկներ են ներմուծվում այդ երկիր կամ այնտեղից արտահանվում: Իսկ Ադրբեջանը իսրայելական ռազմամթերքի հիմնական գնորդներից է, եւ Իսրայելը հատկապես 2016-ից հետո համարվում է Բաքվի ռեժիմի առանցքային ռազմական մատակարարը: 

Նախորդ հոդվածում անդրադարձել էինք 2016-2024 թթ. Silk Way Airlines-ի բեռնատարների՝ Իսրայելից դեպի Ադրբեջան թռիչքներին, որոնց թիվը կանոնավոր աճել է այն ժամանակ, երբ Ալիեւի ռեժիմը հերթական ռազմական ագրեսիան է սանձազերծել Արցախի եւ/կամ Հայաստանի դեմ:

Հատկանշական է, որ չնայած 2024 թվականը հայ-ադրբեջանական զինված բախումների առումով պասիվ տարի է եղել, այդուհանդերձ, 2020-ից հետո առաջին անգամ հենց նախորդ տարի է ադրբեջանական բեռնատարների՝ «Օվդայից» տարեկան թռիչքների թիվը հատել 20-ի շեմը: Եթե պատերազմական 2020-ին Silk Way Airlines-ի օդանավերը 26 անգամ էին «Օվդայից» թռել Ադրբեջան, ապա 2024-ին դա արել են 23 անգամ:

Նկատենք, որ հատկապես նախորդ տարեվերջին Ալիեւն ու նրա ենթակաները հերթական անգամ աչքի ընկան ագրեսիվ հռետորաբանությամբ, հակահայկական հայտարարություններով, սպառնալիքներով: Այդ ֆոնին պատահական չէր նաեւ «Օվդա» ավիաբազայից դեպի Ադրբեջան բեռնատար թռիչքների կտրուկ աճը: Միայն 2024 թ. դեկտեմբերին «Հետքն» արձանագրել է այդպիսի 6 չվերթ, այնինչ դրան նախորդած 11 ամիսների ընթացքում առավելագույն ամսական ցուցանիշը եղել է 4-ը (հուլիսին):

Շարունակելով հետեւել Silk Way Airlines-ի բեռնատարների «Օվդա»-Ադրբեջան թռիչքներին՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին flightradar24.com կայքի միջոցով մենք հաշվել ենք նմանատիպ 6 չվերթ: Ընդ որում՝ պարտադիր չէ, որ «Օվդայից» մեկնող ինքնաթիռները վայրէջք կատարեն հենց Բաքվում (դրանք երբեմն իջնում են Գյանջայում), սակայն 2025 թ. առաջին եռամսյակում դրանք իջել են միայն Բաքվում:

Ընդգծենք, որ մենք առանձնացրել ենք միայն «Օվդայից» մեկնող թռիչքները, չնայած որ Silk Way Airlines-ը հետադարձով թռիչքներ է կատարում նաեւ դեպի Թել Ավիվ ու Էյլաթ:

Haaretz-ի տեղեկացմամբ՝ պայթուցիկների տեղափոխումը Իսրայելի գլխավոր՝ Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի միջոցով արգելված է, քանի որ այն գտնվում է խիտ բնակեցված գոտում: Փոխարենը «Օվդան» երկրի հարավային անապատային հատվածում է՝ Էյլաթ քաղաքից մոտ 45 կմ հյուսիս: 1980 թ. կառուցված «Օվդան» նախկինում ոչ միայն ռազմական ավիացիային էր ծառայում, այլեւ ընդունում էր քաղաքացիական չվերթեր՝ սպասարկելով Էյլաթ քաղաքն ու հարակից բնակավայրերը: Սակայն 2019 թվականից, երբ բացվեց Էյլաթի նոր օդանավակայանը (ուղեւորահոսքով այն երկրորդն է «Բեն Գուրիոնից» հետո), «Օվդան» մնաց բացառապես որպես ռազմական աերոդրոմ՝ ավիաբազա:

Այսպիսով՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Silk Way Airlines-ի բեռնատարները Բաքու-«Օվդա»-Բաքու երթուղով չվերթեր են կատարել հետեւյալ քանակով.

հունվար - 3
փետրվար - 2
մարտ - 1

Ընդգծենք, որ «Օվդայից» Ադրբեջան մեկնելիս Silk Way Airlines-ի ինքնաթիռները հատում են Կիպրոսի, Թուրքիայի ու Վրաստանի օդային տարածքները (տես ստորեւ):

26.02.2025 - 4K-AZ102-ի «Օվդա»-Բաքու չվերթը (չվերթի համարը՝ ZP4672)

Հավելենք, որ ադրբեջանական ավիաընկերությունը շահագործում է «Իլ-76ՏԴ» տիպի բեռնափոխադրողներ, սակայն վերոնշյալ բոլոր 6 չվերթերն իրականացրել է 4K-AZ102 գրանցումով ինքնաթիռը:

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Լուսանկարում՝ 4K-AZ102-ը Բաքվից ժամանում է Թել Ավիվ, 05.11.2024, աղբյուրը՝ jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter