HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բողոքի երթ. ոստիկանության բաժնում բռնության ենթարկված Տիգրան Ուլուբաբյանի փաստաբանի դեմ հաղորդումներ են կորզվում

Այսօր Քննչական կոմիտեի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում 2025թ. մարտի 15-ին Ոստիկանության Վանաձորի բաժնում ենթադրաբար բռնության ենթարկված Տիգրան Ուլուբաբյանն ու մի խումբ քաղաքացիներ, իրավապաշտպաններ և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ: Մասնակիցները Քննչական կոմիտեի շենքի մոտից քայլերթով շարժվում են դեպի Ներքին գործերի նախարարություն՝ «արդարություն», «ոչ ամենաթողությանը», «ոչ խտրականությանը» վանկարկումներով:

Տիգրանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոման Երիցյանն ասաց, որ ակցիաների նպատակն է ցույց տալ, որ Ուլուբաբյանը միայնակ չէ: Բացի այդ, եթե նախկինում կարծում էր, որ իրավապահ մարմիններում բռնությունը կամ խտրական վերաբերմունքը կապ չուներ այդ անձանց արցախցի լինելու հետ, ապա հիմա համոզվում է, որ հենց այդ հանգամանքով է պայմանավորված: Իր նկատմամբ նույնպես իրավապահ մարմինները ճնշումներ են սկսել գործադրել: 

Հիշեցնենք, որ Տիգրանի բարեկամներից մեկը ավազակային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո 29-ամյա Տիգրանին երկու օր՝ մարտի 14-ին և 15-ին, հրավիրել են Ոստիկանության Վանաձորի բաժին, Քննչական կոմիտե՝ ասելով, թե կապ ունի ավազակային հարձակման հետ: Սակայն վերջին այցի ժամանակ, Տիգրանի պնդմամբ, Ոստիկանության բաժնում ծեծել են իրեն, փորձել նվաստացնել ու հայհոյել:

Տիգրանը Արցախից բռնի տեղահանվել է 2023թ․-ին։ Նրա եղբայրը զոհվել է 2017թ․-ին՝ Արցախում ադրբեջանցիների դիվերսիոն հարձակման ժամանակ։ Հայրը նույնպես զոհվել է, մայրը՝ մահացել: Նրանք հուղարկավորված են Արցախում։ Տիգրանը Վանաձորում ապրում է միայնակ, վարձակալած տանը։

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ Ներքին գործերի նախարարությունը Քննչական կոմիտեի հետ համատեղ մեծ արշավ է սկսել իր դեմ՝ ոստիկանական խոշտանգումների մասին բարձրաձայնելուց և այդ մասով Քննչական կոմիտեի վարած նախաքննությունը քննադատելուց հետո։ Նրա դիտարկմամբ՝ իր դեմ փորձում են հաղորդումներ կորզել վստահորդներից, որ մեղադրանք առաջադրեն: Շատերը հրաժարվել են հաղորդում տալ, սակայն մեկ կին հաղորդում է ներկայացրել: Նա հայտնել է, թե փաստաբան Երիցյանն իրենից խարդախությամբ մեծ գումար է վերցրել։ Այդ հաղորդումն արդեն Ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ռոման Երիցյանի պնդմամբ՝ այդ կնոջ հետ հանդիպել է, հասկացել է, որ մոլորության ազդեցության տակ է հաղորդում ներկայացրել: Կինը պատրաստ է ներկայանալ քննչական մարմիններին և պարզաբանումներ ներկայացնել, որ որևէ խնդիր չի ունեցել փաստաբանի հետ, վերջինիս հետ ունի լավ հարաբերություններ:

Ինչ վերաբերում է բռնության ենթարկված Տիգրան Ուլուբաբյանին, ապա Ռոման Երիցյանն ասում է, որ պատշաճ քննություն չի իրականացվում: Տիգրանը մատնացույց է անում կոնկրետ անձանց՝ խնդրելով վերջիններին հարցաքննել, քանի որ կապ ունեն իրեն ծեծելու և նվաստացնելու հետ, սակայն Քննչական կոմիտեն քայլեր չի ձեռնարկվում: Ավելին՝ նույնիսկ նրանց լիազորությունները չի կասեցվում և շարունակում են աշխատել:

Բողոքի ակցիայի ժամանակ Ռ. Երիցյանը պատմեց, որ Տիգրանի հետ Վանաձորի ոստիկանների առերես հարցաքննությունների ժամանակ իրեն թույլ չեն տվել հեռախոսով ներկայանալ հարցաքննությանը, սակայն ոստիկանների փաստաբաններին թույլ են տվել: Ռոմանը նաև նկատել է, որ հարցաքննության իրենց հերթին սպասող ոստիկանները Քննչական կոմիտեի պաշտոնյաների սենյակում ծխել են, սուրճ խմել, ինչը նշանակում է, որ Քննչական կոմիտեն ակնհայտ կողմնակալ վերաբերմունք ունի և ամենևին նպատակ չի հետապնդում օբյեկտիվ քննութուն իրականացնել, բացահայտել քաղաքացուն ծեծելու դեպքը:

Բողոքի ակցիային մասնակցող Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց, որ իշխանությունների վերաբերմունքը միայն բռնություններով չի սահմանափակվում, և Տիգրանի դեպքը եզակի չէ: Արցախցիների գրեթե բոլոր իրավունքներն են խախտվում, հատկապես այն անձանց, որոնք համաձայն չեն իշխանությունների վարած քաղաքականության հետ, բարձրաձայնում են Արցախը հանձնելու մասին: Սակայն, ըստ պատգամավորի՝ այնպես չէ, որ Հայաստանում միայն արցախցիների իրավունքներն են խախտվում: Քաղաքական հետապնդման են ենթարկվում նաև իշխանությունների ընդդիմախոսները:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter