
Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Վրաստանի ընտրանուց
Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 6-1 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Վրաստանի ընտրանուց։ Հանդիպումը այսօր՝ մարտի 23-ին, տեղի ունեցավ Թբիլիսիի Բորիս Պայճաձեի անվան «Դինամո Արենա» մարզադաշտում։
Խաղի հաշիվը բացվեց 4-րդ րոպեին․ Օթար Կիտեիշվիլիի հարվածից հետո գնդակը անդրադարձավ Վարազդատ Հարոյանից և հայտնվեց դարպասում։ Չուշացավ նաև երկրորդ գոլը։ 14-րդ րոպեին Վրաստանի առավելությունը կրկնապատկեց Ժորժ Միկաուտաձեն: 23-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գեորգի Չակվետաձեն՝ հաշիվը դարձնելով խոշոր։ 4 րոպե անց իր անվան դիմաց գոլ գրանցեց նաև Օթար Կիտեիշվիլին՝ 4-0: Խաղակեսի վերջին գոլն էլ 35-րդ րոպեին խփեց Ժորժ Միկաուտաձեն՝ երկրորդ անընդմեջ խաղում դուբլ գրանցելով։
Վրաստանի հավաքականը ևս մեկ պահ ունեցավ խաղակեսի վերջին րոպեին, սակայն Չակվետաձեի հարվածից հետո մեր հավաքականին օգնության հասավ ուղղահայաց դարպասաձողը, այնուհետև գնդակը դարպասն ուղարկել փորձեց Գեորգի Կոչորաշվիլին, սակայն հարվածը հետ մղեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։
Հայաստանի հավաքականը ընդմիջման գնաց Գեորգի Մամարդաշվիլիի պաշտպանած դարպասին այդպես էլ հարված չկատարած։
Երկրորդ խաղակեսը մեր տղաները վատ չսկսեցին։ 48-րդ րոպեին գեղեցիկ շրջադարձ հարվածով դարպասը գրավեց Էդգար Սևիկյանը։
Րոպեներ անց հրաշալի հնարավորություն ունեցավ նաև Տիգրան Բարսեղյանը, սակայն նրա հարվածից հետո գնդակի ուղղությունը շեղեց վրացի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին։
Առանց գոլի խաղադաշտից չհեռացավ նաև Խվիչա Կվարացխելիան՝ 63-րդ րոպեին հաշիվը դարձնելով 6-1: Խաղի մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին:
Հիշեցնենք՝ թիմերի միջև առաջին հանդիպումը Երևանում ևս ավարտվել էր Վրաստանի հաղթանակով՝ 0-3: Երկու խաղերի արդյունքում 9-1 հաշվով առավելության հասնելով՝ Վրաստանի հավաքականը Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկությունում B լիգայում հանդես գալու հնարավորություն ստացավ, իսկ մեր հավաքականը կխաղա C լիգայում։
Մեկնաբանել