HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նայելով անսահմանությանը․ տիեզերքի լուսանկարիչը

Տիեզերքը միշտ գրավում է մարդկանց, հետաքրքրություն առաջացնում, սակայն ժամանակակից աշխարհում տիեզերքի մասնիկները տեսնելու հնարավորությունը գնալով նվազում է՝ լուսային աղտոտվածության և օդում առկա մասնիկների պատճառով։ Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, աստղային երկինք տեսնելն, օրինակ, շատ դժվար է։ 

Բայց ոչ՝ Տիգրան Արզումանյանի համար։ Նա նույնիսկ իր պատշգամբից է փորձում տիեզերքը նկարել։ Այս տարվա հունվարին նա Ազատի ջրամբար էր գնացել՝ երկու մեծ աստղադիտակով․ մեկը՝ աստղեր նկարելու, մյուսը՝ մոլորակները տեսնելու։ Աստրոլուսանկարչությունը Տիգրանին հիշեցնում է ձկնորսությունը, որը նույնպես ոչ բոլորին է հետաքրքիր։

«Դու գնում ես, կարթը գցում ու ժամերով սպասում՝ կամ մի բան կստացվի, կամ՝ ոչ։ Բայց ոչ բոլորն են պատրաստ քնի հաշվին գնալ, նստել, սառչել ու ժամերով, երբեմն՝ օրերով նկարել։ Դա թե՛ մենակություն սիրողների, թե՛ բնության հետ կապ հաստատել ցանկացողների համար է», – ասում է նա։

Տիգրանի աստրոլուսանկարչական ճանապարհորդությունը սկսվեց մոտ երկու տարի առաջ, երբ ընտրեց իր առաջին սարքավորումը՝ տելեսկոպը։ Այդ ժամանակ դեռ սարքավորման հարաչափերին չէր տիրապետում ու սարքավորումն էլ ընտրել էր ըստ գույնի՝ կարմիրի, այն էլ՝ որովհետև կարմիրը ճոխ էր նայվում։ 

Տիգրանի առաջին տպավորիչ լուսանկարը պատկերում էր Հյուսիսային Ամերիկայի միգամածությունը․ հիմա, երբ նայում է նկարին, զարմանում է, թե ինչն էր այդքան տպավորել, բայց երկու տարի առաջ դա առաջին նկարն էր, որը դետալացված ցույց էր տալիս արեգակնային համակարգը։ 

«Էմոցիա էր, քանի որ ստացել էի մի նկար, որտեղ կարողացել էի տարանջատել գազերը, գազային կուտակումներն ու գունավորել ստացած պատկերը»,- ասում է Տիգրանը։

Աստղերը լուսանկարելու համար ոչ միայն լավ սարքավորումներ, այլև համառություն է պետք։ Միևնույն օբյեկտը նկարահանվում է ժամեր ու նույնիսկ օրեր շարունակ։ Հետո հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր կադրեր համադրվում են՝ աղմուկը նվազեցնելու և լուսային պատկերն առավելագույնս հստակ դարձնելու համար։ Սակայն, ինչպես նշում է Տիգրանը, մշակման գործընթացն ավելի երկար ու երբեմն հոգնեցուցիչ է. «Առաջին 5000 անգամը հետաքրքիր է, հետո՝ այլևս ոչ»։

Տիգրանը նկատել է, որ մարդիկ հիմնականում հետաքրքրվում են լուսանկարների գեղեցկությամբ, բայց ոչ՝ դրանց գիտական նշանակությամբ. «Սկզբում լուսաբանելու, կրթելու մեծ ամբիցիաներ կային, հետո հասկացա, որ բացարձակ հետաքրքրություն չկա։ Այսինքն՝ մանրամասն գրել, թե այս միգամածությունը ինչ հեռավորության վրա է, ինչ գազային բաղադրություն ունի՝ հետաքրքիր չէ մարդկանց։ Սիրուն է, նայում են, բայց ավելին հետաքրքիր չէ»։

Տիեզերքն անսահմանություն է, բայց միևնույն ժամանակ, եթե ամեն ինչ հնարավոր է, հնարավոր չի նաև ոչինչ։

«Մարդկությունը շատ կարճ կյանք ունի, շատ աննշան՝ Գալակտիկայում, շատ աննշան՝ Արեւի մոտ, ինչ-որ կյանք ենք, որը տիեզերական չափանիշներով մի քանի րոպե գուցե գոյություն ունի որպես տեսակ»,- ասում է Տիգրանը։

Լուսանկարները՝ Տիգրան Արզումանյանի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter