HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Քաղաքացու պնդմամբ՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մասնագետները ջրաչափը փոխելու պահին վնասել են այն, սակայն ընկերությունը տուգանել է բաժանորդին

2024 թ. հոկտեմբերին Լուսինե Թարախչյանը, հերթական անգամ պետք է նկարեր եւ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տեղամասային տեսուչին ուղարկեր իրենց ջրաչափի ցուցմունքը: Նկարելու պահին նկատել է, որ ջրաչափը վնասված է։ Զանգահարել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 1-85 հեռախոսահամարին և խնդրել, որ գան ու փոխեն այն։ Թարախչյանն ապրում է Երևան քաղաքում՝ Արգիշտի 11/3 հասցեում։

Ընկերությունից խնդրել են, որ նկարեն և ուղարկեն ջրաչափը՝ հասկանալու համար, թե ինչ վնասվածքի մասին է խոսքը։ Լուսինե Թարախչյանը կատարել է խնդրանքը։ Հաջորդ երկու ամիսներին «Վեոլիա Ջուր» ընկերությունից այդպես էլ չեն եկել ու չեն փոխարինել այն։ Այդ ընթացքում Լուսինեն, իր խոսքով, մի քանի անգամ զանգահարել է «Վեոլիա Ջուր» և խնդրել, որ ընկերության աշխատակիցները գան ու փոխարինեն կամ վերանորոգեն վնասված ջրաչափը։ Ի վերջո, դեկտեմբերին «Վեոլիա Ջուր» ընկերությունը մասնագետներ է ուղարկել նրանց բնակարան։ Վերջիններս եկել են ու հին ջրաչափը փոխարինել նորով։ Ջրաչափը փոխելու ընթացքում այն ընկել է մասնագետներից մեկի ձեռքից և ամբողջությամբ մասնատվել։

«Երբ երկու ամիս առաջ նկարում էի, որ ցուցմունքն ուղարկեմ, նկատել էի, որ ջրաչափը ֆիքսող պլաստմասե գլխիկը վնասվել, ընկել է։ Դե, բնական է, 2008-ից, երբ շենքում բնակարան էինք ձեռք բերել, այն չէր փոխվել, կարող էի սոսնձել և շարունակեինք օգտագործել, բայց մտածել էինք, որ կանչենք, գան փոխեն, ու մենք ինքներս ոչինչ չանենք, որ ջրաչափի աշխատանքը մեր միջամտությունից չխախտվի։ Երբ աշխատողներից մեկը տոպրակը պահում էր, մյուսը փորձում այն դնել տոպրակում, և ջրաչափն ընկավ ու կոտրվեց, հարցրի՝ բա ի՞նչ պիտի անենք, որ կոտրվել է, ասեց՝ մեկ է, եթե դնեինք տոպրակի մեջ, մինչև տեղ հասցնեինք, կոտրվելու էր, դուք կգնաք «Վեոլիա Ջուր», կասեք՝ ոնց է եղել, ասել են, կգնաք ձեր աչքի առաջ էլ կբացեն, կնայեն, կտեսնեք ինչ է, ոնց է»,-պատմում է Լուսինեն։ 

«Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները վնասված ջրաչափն ուղարկել են փորձաքննության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին»։ Այստեղ Լուսինեին ասել են, որ իրենք ուղղակի պետք է գրեն այն, ինչ տեսել են՝ կոտրված, վնասված ջրաչափ, մնացածը պետք է որոշի «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

Լուսինե Թարախչյանն այցելել է «Վեոլիա Ջուր» ընկերության Աբովյան 66ա հասցեի «Կենտրոն» տեղամաս։ Իր պատմելով՝ հանդիպել է տեղամասի տնօրենի օգնականին՝ Մինասյանին (անունը չի հիշում)։ Վերջինս ասել է, որ որոշումների մեծ մասը քաղաքացու օգտին չի։ «Ես ասացի, որ մենք այնքան բարեխիղճ էինք, որ հենց խնդիրը եղել է, միանգամից տեղյակ ենք պահել, բացի այդ, աշխատակցի ձեռքից է ընկել և վնասվել, բայց իր խոսքից էնպես հասկացա, որ մեծ սպասելիքներ չունենամ»,-պատմում է Լուսինեն։ Օրեր անց փորձագիտական կենտրոնը եզրակացություն է տվել։

Ըստ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի»՝ վնասվածքը տեղի է ունեցել արտաքին միջամտության հետևանքով, և քաղաքացին պարտավոր է վճարել 51 674 ՀՀ դրամ։ Այս մասին գրավոր ծանուցել են Լուսինե Թարախչյանի ամուսնուն՝ Էրիկ Վարդանյանին և ուղարկել լաբորատոր փորձաքննության պատասխանի պատճենը։

Էրիկ Վարդանյանը «Վեոլիա Ջուր» ընկերությունում բողոքարկել է որոշումը՝ ներկայացնելով հիմնավորումներ։ «Ջրաչափը տեղադրվել էր 16 տարի առաջ, և բնական մաշվածությունը վնասման հնարավոր պատճառներից մեկն է։ Նույնիսկ ձեր աշխատակցի կողմից ջրաչափը ապամոնտաժելու ժամանակ դրա պլաստիկ հատվածն ամբողջովին փշրվեց, ինչը վկայում է բնական մաշվածության մասին։ Սարքի վնասված լինելու մասին ես հայտնել եմ անմիջապես, ինչը վկայում է իմ բարեխիղճ վարվելակերպի մասին։ Եթե ես որևէ դիտավորություն ունենայի, ապա չէի դիմի ընկերությանը և չէի տեղեկացնի խնդրի մասին»,- բողոք-դիմումում գրել է Էրիկ Վարդանյանը։

«Վեոլիա Ջուրը»-ը հետևյալ կերպ է արձագանքել Էրիկի բողոքին. «Համաձայն 11.12.2024թ. կազմված և անկախ չափագիտական մարմնի՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կողմից հաստատված Խմելու ջրի առևտրային հաշվառքի սարքի ջրաչափի/փորձագիտական հետազոտության արդյունքների վերաբերյալ N352588 եզրակացության՝ հ.06066 գործարանային համարով ջրաչափի համարման սարքի միացման օղակը կոտրված է, ջրաչափը ներկայացվել է կազմատված։ Նշված խախտումները համարվում են առևտրային հաշվառքի սարքի խախտումներ արտաքին միջամտությամբ, որոնք կարող են հանգեցնել առևտրային հաշվառքի սարքով փաստացի մատուցված ծառայության քանակից պակաս գրանցման, ուստի դրանց հիման վրա պետք է կատարվի պարտքի վերահաշվարկ՝ համաձայն ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016թ. թիվ 378-Ն որոշմամբ հաստատված Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 106-րդ կետի»։  

«Վեոլիա Ջուրը» անդրադարձել է նաեւ Էրիկ Վարդանյանի այն պնդմանը, թե ջրաչափի վնասման պատճառը կարող է լինել բնական մաշվածությունը։ Ընկերությունը նշել է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն գործում է 2017թ. հունվարի 1-ից եւ չի հանդիսանում ջրամատակարար նախորդ կազմակերպության իրավահաջորդը։ Իսկ մինչեւ 2016 թ. դեկտեմբերի 31-ը տեղադրված՝ բաժանորդի սեփականություն հանդիսացող առևտրային հաշվառքի սարքը (ջրաչափը) պահպանում է իր կարգավիճակը՝ մինչև դրա փոխարինումը։  

Միաժամանակ տեղեկացրել են, որ խախտումները միշտ չէ, որ հնարավոր է ակնադիտարկմամբ տեղում նկատել, ուստի դրանք արձանագրվում են բացառապես անկախ փորձագետի լաբորատոր փորձաքննության ժամանակ։

«Վեոլիա Ջուր» ընկերության պատասխանը ստանալուց հետո Էրիկ Վարդանյանը կրկին դիմում է գրել՝ պնդելով բնական մաշվածության հանգամանքը եւ այն, որ իրեց ահազանգից երկու ամիս անց են «Վեոլիա Ջուր»-ի աշխատակիցները եկել ջրաչափը փոխելու: Սակայն «Վեոլիա Ջուր»-ը իր դիրքորոշում չի փոխել։ «Անհամաձայնության դեպքում վեճը ենթակա է լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով»,- գրել է ընկերությունը։

Լուսինե Թարախչյանն անարդար է համարում «Վեոլիա Ջուր» ընկերության որոշումը։ Նշում է՝ որպես բարեխիղճ բաժանորդ ժամանակին հայտնել են ջրաչափի վնասված լինելու մասին, փոխարենը ընկերությունը տուգանել է։ Նրանք խնդիրը բարձրաձայնում են՝ հույսով, որ այն կարող է լուծվել արտադատական կարգով։

Գլխավոր լուսանկարը տրամադրել է Լուսինե Թարախչյանը։

Մեկնաբանություններ (1)

Edgar
բայց այդ նույն Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը պատշաճ կերպով չի ստուգում ջրաչափերը և ջրաչափերը ավելի շատ ջուր են հաշվում քան բաժանորդները օգտագործում են . . . դրա համար էլ ջրի մեկ խորանարդ մետրի արժեքը չի բարձրանում բայց բոլորս էլ շատ ենք վճարում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter