
Կխստանա պատիժը՝ մեքենայի մասերի գողության դեպքում
Այսօր Կառավարության նիստում Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել էր «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ։ Ըստ հիմնավորման՝ տրանսպորտային միջոցների գողությունն աճել է և ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Նախարարությունում կարծում են, որ դա պայմանավորված է ոչ միայն մեքենաների քանակի ավելացմամբ, այլև գողության այդ տեսակի մեղմ պատժով։
Ըստ «ՀՀ Քրեական օրենսգրքի»՝ այժմ տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար անձը կարող է պատժվել տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, հանրային աշխատանքներով, ազատության սահմանափակմամբ ազատազրկմամբ և այլն։ Ըստ նախարարության հիմնավորման՝ դատարանները, հաճախ հաշվի առնելով հանցանքի ոչ մեծ ծանրության լինելու հանգամանքը, կալանավորումը որպես խափանման միջոց հազվադեպ են կիրառում և լինում են դեպքեր, երբ հանցանք կատարած անձը, ունենալով մեղադրյալի կարգավիճակ և գտնվելով ազատության մեջ, շարունակում է կատարել գողություններ։
Նախագիծը նախատեսում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն։
Պատժաչափերը կմնան նույնը, բայց ըստ հիմնավորման՝ դատական պրակտիկայում առավել մեծ հնարավորություններ կստեղծվեն առավել խիստ կիրառել դրանք և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառել, որպեսզի կանխվեն նոր հանցագործությունները։
Կարդացեք նաև՝
Մեկնաբանել