HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

«Թույլ չենք տա մեզ և մեր սերունդներին զրկել հայրենիք վերադառնալու իրավունքից». հանրահավաք արցախցիների իրավունքների պաշտպանության հարցով

Այսօր՝ մարտի 29-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցավ արցախցիների իրավունքների պաշտպանության հարցով հանրահավաք։

Հանրահավաքի սկզբում հայտարարվեց, որ արցախյան և հայաստանյան մի խումբ կազմակերպություններ միավորվել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդում` արցախցիների խախտված իրավունքները պաշտպանելու համար։

Հավաքվածների հիմնական պահանջներից մեկը Կառավարության կողմից տրամադրվող 40 000+10 000 դրամ սոցիալական աջակցությունը չդադարեցնելն էր։ 

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին՝ արցախցիների տեղահանությունից հետո, Հայաստանի կառավարությունը որոշեց սկզբում միանվագ 100 000, ապա ամսական 40 000+10 000 դրամ սոցիալական աջակցություն տրամադրել արցախցիներին։ Արցախցիները շարունակում են ստանալ աջակցությունը, սակայն ապրիլի 1-ից նրանց մի մասը կզրկվի դրանից։

Հանրահավաքի կազմակերպիչները շեշտում էին, որ այս աջակցության ծրագրի դադարեցումը կարող է հանգեցնել արտագաղթի նոր, ավելի մեծ ալիքի։ Իսկ արտագաղթելու դեպքում անհնար կլինի նաև ձևավորել արցախցիների՝ իրենց տուն վերադարձի իրավունքի միասնական պահանջը։

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա խոսեց արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Ստեփանյանը նշեց, որ արցախցիների իրավունքները ոչ մի տեղ չեն կարող ավելի լավ պաշտպանված լինել, քան սեփական հայրենիքում։

«Ես գիտեմ, որ այստեղ հավաքված մարդիկ ամեն օր քնում և արթնանում են սեփական տուն և օջախ վերադառնալու հույսով և հավատով։ Սիրելի՛ հայրենակիցներ, սոցիալական հոգսի տակ կքած՝ մի՛ թողեք ձեր մեջ մարի Արցախ վերադառնալու մղումն ու հույսը։

Անիրատեսության դասեր տվողներին հստակ պատասխանեք, որ թույլ չենք տա մեզ ստիպել հրաժարվել ինքներս մեզանից, մեր գոյության իմաստից։ Թույլ չենք տա մեզ և մեր սերունդներին զրկել հայրենիք վերադառնալու իրավունքից, թույլ չենք տա ուրանալ հազարավոր սուրբ նահատակների արյունը։ Եթե ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո մենք լքել ենք մեր հայրենիքը, չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք այնտեղ վերադառնալու մեր իրավունքից։ Վերադարձի իրավունքը ինչ-որ անկատար երազանք չէ, հեքիաթային մի պատում չէ, այլ իրավունք է, իրավունք, որ ամրագրված է, և որը պետք է պաշտպանել ու առաջ մղել»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ը իր ելույթում անդրադարձավ նաև Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների ընդունած բանաձևին։ Այս բանաձևի նպատակը Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի ապահովումն է իրենց պատմական հայրենիք։

«Խիստ կարևոր է, որ միջազգային ատյաններում շարունակվի Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատների քննարկումը։ Ուստի մենք պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չհրաժարվեն այդ գանգատներից և Մինսկի խմբի ձևաչափից, այլապես Արցախի ժողովուրդը բախվելու է իրավունքների լրջագույն և զանգվածային նոր խախտումների։ Այս տեսանկյունից որպես ամփոփում մեր գլխավոր ուղերձը և՛ Հայաստանի Հանրապետության իշխանություններին, և՛ միջազգային բոլոր դերակատարներին, որ ոչ ոք իրավունք չունի Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնել՝ առանց մեր կարծիքը հաշվի առնելու։ Մենք պետք է լինենք մեր ճակատագրի տերը։ Մեր ձայնը պետք է լսված լինի և կարևորագույնը լինի այդ որոշումների կայացման հարցում»,- ելույթն ամփոփեց Ստեփանյանը։

Հանրահավաքի ավարտին ներկայացվեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մշակված պահանջագիրը՝ ուղղված ՀՀ կառավարությանը և միջազգային հանրությանը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ՀՀ կառավարությունից պահանջում է իրականացնել իրավական, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր քայլերը՝ ապահովելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող և այնտեղ անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքը, շարունակել բնակվարձի աջակցության ծրագիրը, իրականացնել զբաղվածության արդյունավետ ծրագրեր։ Խորհուրդը նաև պահանջում է զերծ մնալ հայ ժողովրդի ներսում և հատկապես արցախցիների հանդեպ վարվող ատելության քարոզից և անխտիր պատժել նման բոլոր դրսևորումների հեղինակներին։

Այս պահանջագիրը հանրահավաքից հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը պետք է փոխանցի ՀՀ կառավարությանը։

Լուսանկարը և տեսանյութը՝ Անյա Սարկիսովայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter