
Գյումրիում մեկնարկեցին ավագանու արտահերթ ընտրությունները
Այսօր՝ մարտի 30-ին, Գյումրի և Փարաքար համայնքներում ընթանում են ավագանու արտահերթ ընտրություններ։ Քվեարկությունը սկսվել է առավոտյան ժամը 08:00-ին և ավարտվելու է 20:00-ին։
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։ Ավագանու 33 տեղի համար պայքարում է 371 թեկնածու։
Գյումրիում ընտրության իրավունք ունի 111236 մարդ։ Գործում է 82 ընտրատեղամաս։
Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 38 լրատվամիջոցի 277 ներկայացուցիչ։ ՏԻՄ ընտրությունների ընթացքին կհետևի 347 դիտորդ 5 դիտորդական առաքելությունից։
Երկշաբաթյա բուռն ընտրարշավից հետո երեկ՝ մարտի 29-ին, լռության օր էր։ Համաձայն «Ընտրական օրենսգրքի» 19-րդ հոդվածի՝ քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է:
«Հետքն» ամբողջ օրվա ընթացքում հետևելու է ընտրություններին Գյումրիում և Փարաքարում՝ ներկայացնելով ընտրությունների ընթացքի վերաբերյալ թարմացվող տվյալներ։
Մեկնաբանել