
Փարաքարում ավագանու արտահերթ ընտրություններ են
Այսօր՝ 2025թ. մարտի 30-ին, համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ են Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի խոշորացված համայնքներում: Քվեարկությունը տևելու է 12 ժամ: Ընտրատեղամասերը բացվում են ժամը 08:00-ին և փակվում ժամը 20:00-ին:
Փարաքար համայնքի ղեկավարումը ստանձնելու համար հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ բաղկացած «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից:
Փարաքար համայնքն ընդգրկում է գյուղական 9 բնակավայր՝ Փարաքար, Այգեկ, Արևաշատ, Բաղրամյան, Թաիրով, Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ և Պտղունք: Գործում է 16 ընտրատեղամաս: Համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 20 967 մարդ է:
Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 38 լրատվամիջոցի 277 լրագրող:
Հավատարմագրվել է նաև տեղական դիտորդական 5 կազմակերպություն՝ «Հայաքվե», «Ականատես դիտորդական առաքելություն», «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք, «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ: Հավատարմագրված տեղական դիտորդների ընդհանուր թիվը 347 է:
Լուսանկարը՝ «Հետքի» արխիվից
Մեկնաբանել