
«Արցախի հայությունը Ղարաբաղում 5 հազար տարվա պատմություն ունի»․ գիտնականն առաջարկում է փաստերն օգտագործել բանակցություններում
Արցախի Ազոխի քարանձավի մասին գրքի հրատարակումը 2015 թվականին մեկ տարով հետաձգվել էր ադրբեջանցիների դիվանագիտական նամակի ու տեղեկատվական գրոհի պատճառով։ Ադրբեջանն Ինտերպոլի միջոցով փորձել էր ձերբակալել գրքի 4 խմբագիրներին։ Նրանցից մեկը կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լեւոն Եպիսկոպոսյանն է։ Նրա ու եվրոպացի գիտնականների նկատմամբ Ադրբեջանը քրեական գործ էր հարուցել։
Մեր զրույցի սկզբում պրոֆեսոր Եպիսկոպոսյանը մոտենում է աշխատասենյակի գրադարանին, վերցնում «Ազոխի քարանձավն ու տրանսկովկասյան միջանցքը» (Azokh Cave and the Transcaucasian Corridor) գիրքն ու դնում սեղանին: Հենց այս աշխատությունն է դարձել ադրբեջանցիների «աչքի փուշ»։ Գիրքն Արցախի Ազոխի քարանձավում ավելի քան 10 տարի տեւած հնէաբանական պեղումների եւ գենետիկական հետազոտությունների մասին հոդվածների միատեղում է՝ գրված հայ եւ արտասահմանցի հեղինակների կողմից:
Լեւոն Եպիսկոպոսյանն ասում է՝ գրքում տեղ գտած ձեւակերպումը, որ Ազոխը գտնվում է վիճելի տարածքում, նյարդայնացրել էր ադրբեջանցիներին։ Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանը նամակ էր գրել հրատարակչատանը, որի գլխամասը Ժնեւում է: «Հետքի» զրուցակիցը պատմում է, որ նամակը լավ պատրաստված էր, բայց այնտեղ բավականին կեղծիքներ կային: Նամակը փաստացի մեկ տարով ուշացրեց գրքի հրատարակումը:
Գիտնականը նկատում է, որ ադրբեջանցիները կարդում են այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ: Հիշում է, որ իրենք՝ գիտնականները, վեճի մեջ էին մտել ադրբեջանցիների հետ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանցի պատգամավորներից մեկը հայտարարել էր, թե Ազոխում պեղումներ են անում ու իբր իրենց պատկանող մշակութային եւ հոգեւոր հարստության գտածոները արտասահման են տանում: Եպիսկոպոսյանն ասում է՝ դահլիճում նաեւ հայ պատգամավորներ են եղել, որոնք, սակայն, լռել են:
Այդուհանդերձ, գիտնականները պնդել են, որ գիրքը զուտ գիտական աշխատանք է ու որեւէ կապ չունի քաղաքականության հետ, ավելին՝ գրքի նյութը վերաբերում է 100, 200 հազար տարվա շերտերին: 2016 թ. գիրքը հրատարակվել էր: Այնուհետ Ադրբեջանը փորձել էր Ինտերպոլի միջոցով ձերբակալել գրքի 4 խմբագիրներին:
«Իրենց պետական մեքենան սկսեց աշխատել, իսկ մեզ մոտ չկա նման պետական մեքենա: Մեզ մոտ նույնիսկ հակառակն է լինում. ասում էին, թե մեր աշխատանքները (ոչ թե պեղումները, այլ գենետիկական հետազոտությունները) վնաս են հասցնում: Մեր նախկին արտգործնախարարներից մեկն ասում էր, թե մենք մեր գործերով խանգարում ենք, մեզ մեղադրեց ֆաշիզմի մեջ»,- պատմում է «Հետքի» զրուցակիցը:
Ազոխում ուսումնասիրման նյութն այնքան շատ էր, որ մի քանի սերունդ կարող էր աշխատել
1995-1996 թթ. Լեւոն Եպիսկոպոսյանը Արցախի պետական համալսարանի ռեկտորն էր: 1996 թ. առաջին անգամ մասնակցել էր Արցախում իրականացվող պեղումներին։ Դա Ասկերանի շրջանում մի սրբավայրի կամ զոհաբերության վայրի պեղում էր, որին մասնակցում էին աշխատակիցներ Երեւանի պետական համալսարանից, ինչպես նաեւ հայտնի հնագետ Համլետ Պետրոսյանը:
Լեւոն Եպիսկոպոսյանը հնագիտական պեղումների վերաբերյալ Արցախի այն ժամանակվա ղեկավարության վերաբերմունքը բնութագրող մի դրվագ է հիշում: Ասում է՝ ԱՄՆ-ից մի խումբ լրագրողներ էին եկել, որոնք լուսաբանել էին պեղումներն ու ցույց տվել, որ պատերազմից հետո մարդիկ արդեն գիտությամբ են զբաղվում, չնայած մինչ այդ Համլետ Պետրոսյանը պեղումներ արդեն իրականացրել էր Արցախում: «Ցավալին ինչն էր՝ երբ ազատվում էի ռեկտորի աշխատանքից, պեղումների գումարը պահանջեցին վերադարձնել, իբր կառավարության որոշում չկար, ինչը պետք էլ չէր, քանի որ գումարը տրվում էր համալսարանին, եւ համալսարանը պետք է տնօրիներ այն: Որպես ռեկտոր՝ իրավունք եմ ունեցել այդ որոշումը կայացնելու: Այն ժամանակ նույնիսկ չինովնիկներից մեկն ասաց՝ ճիշտ կլիներ, որ այդ գումարը ուրիշ նպատակով օգտագործեիք, ջուր փնտրեիք եւ այլն, այսինքն՝ այնտեղ գիտության մասին միայն գիտնականներն էին մտածում, ղեկավարությունն էլ չէր մտածում»,- նշում է գիտնականը:
Ազոխի քարանձավը գտնվում է Հադրութի շրջանի Ազոխ եւ Դրախտիկ գյուղերի միջեւ։ Այն առանձնահատուկ նշանակություն ունի Հայկական լեռնաշխարհում նախնադարյան մարդկանց տեղաշարժերի ուսումնասիրման համար։
2000 թվականից շուրջ երկու տարի նախապատրաստական աշխատանքներն էին տարվում, քանի որ երկար տարիներ Ազոխի քարանձավը չէր ուսումնասիրվել, եւ նույնիսկ չէր բացառվում, որ դրա շրջակայքը կարող է ականապատված լինել: Կանոնավոր պեղումներն սկսվել են 2002 թ.: Տեղում աշխատում էր միջազգային փորձառու թիմ՝ Իսպանիայից, Անգլիայից, Իռլանդիայից լավագույն մասնագետները, մասնագետներ կային նաեւ ԱՄՆ-ից:
«Քարանձավը եզակի է իր հարստությամբ: Պատկերացրեք՝ վերին շերտն ունի 100 հազար տարվա, ամենացածր շերտը՝ 400 հազար տարվա վաղեմություն: Եվ նստվածքների հաստությունը 13 մետր է»,- նկատում է մեր զրուցակիցն ու ավելացնում, որ Ազոխում ուսումնասիրման նյութն այնքան շատ էր, որ մի քանի սերունդ կարող էր աշխատել:
«Շատ էինք ուզում ուսանողներ ներգրավել Արցախից: Գալիս էին, բայց 10 օր էին մնում կամ գալիս էին աշխատելու ու հետագայում չէին շարունակում»,- նկատում է Եպիսկոպոսյանը։
«Համարյա 20 տարի աշխատեցի այնտեղ: Եվ ցավոք, այդ 20 տարվա ընթացքում գրեթե ոչ մի մասնագետ չպատրաստվեց: Խնդրել էինք ե՛ւ Արցախի պետական համալսարանին, ե՛ւ իշխանությանը՝ ի դեմս նախարարի, բայց չէին գալիս: Այդ մթնոլորտը չկար, գիտության հանդեպ ծարավն ու ձգտումը չկար: Սովորաբար Հայաստանից էին գնում աշխատելու: Այդ մեծ պարտությունը, որ կրեցինք, նաեւ այդ մանրուքներից է գալիս»,- ասում է գիտնականը:
Ազոխում գիտության անվան տակ Ամարասի ոսկին էին փնտրում
Ազոխի քարանձավը բացահայտվել է խորհրդային տարիներին՝ 1950-1960-ականներին: Լեւոն Եպիսկոպոսյանն ասում է, որ ժամանակին խոսում էին, թե այդտեղ պեղումներն սկսել են ոչ թե գիտական նպատակներով, այլ հայկական ոսկի փնտրելու համար։ Ըստ գիտնականի՝ Ազոխի քարանձավի մասին միֆերը քիչ չեն: Դրանցից մեկն այն է, թե իբր թաթար-մոնղոլական արշավանքների ժամանակ Ամարասի վանքի ամբողջ հարստությունը, գանձերը հայերը թաղել են Ազոխի քարանձավում։ Եպիսկոպոսյանն ասում է՝ եթե մտնեիք քարանձավի ներսի հատվածները, կարելի էր տեսնել փոսեր, որոնք «պեղումների» ժամանակ կիրառված սարքերի հետեւանք են: Ըստ մեր զրուցակցի՝ այդ ժամանակ, բարեբախտաբար, մի հնագետ է եղել քարանձավում աշխատող խմբում, որն էլ հասկացել է, որ Ազոխում գիտության տեսանկյունից մեծ հարստություն կա:
Պեղումներ Քարին Տակի քարանձավում
Հայ գիտնականը նկատում է, որ խորհրդային տարիներին ադրբեջանցիները մեծ շտապողականությամբ են աշխատել «պեղումների» ընթացքում՝ օգտագործելով վակուումային մուրճեր, պայթուցիկ նյութեր, ինչի մասին, ըստ «Հետքի» զրուցակցի, վկայում են լուսանկարները: Ադրբեջանցիներն իրենց հերթին դա վերագրում են հայերին: Ըստ Եպիսկոպոսյանի՝ 1960-ականներին՝ «պեղումների» ժամանակ, խորհրդային միլիցիայի աշխատողների շարք էին կանգնեցրել, որ նրանք Ազոխի հայ բնակչությանը չթողնեն մոտենալ քարանձավին: Այդ մասին գիտնականին պատմել էին գյուղի մեծահասակները: Այնինչ իրականում միլիցիայի պատնեշի հետեւում կատարվող «պեղումների» նպատակը ոչ թե բուն գիտությունն էր, այլ Ամարասի ենթադրյալ հարստությունը: Եպիսկոպոսյանը դրանք անվանում է ոչ թե պեղում, այլ որոնում:
Արցախի հայությունը Ղարաբաղում ունի 5 հազար տարվա պատմություն
Լ. Եպիսկոպոսյանն ասում է, որ Ազոխի քարանձավում 2000-ականներին սկսված պեղումներին զուգահեռ իրենք իրականացնում էին գենետիկական մի ծրագիր, որի նպատակը Հայկական բարձրավանդակի գենետիկական քարտեզ կազմելն էր: Ըստ այդմ՝ հավաքում էին ԴՆԹ-ի նմուշներ այն հայերից, որոնք բոլորը նույն տեղից են սերում: Քարտեզը ներկայացնում է Հայկական բարձրավանդակը՝ առանձնացված 25-30 շրջաններով: Ներառված են Արցախը, Ուտիքը, Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանը, ներառված են նաեւ Հայաստանից դուրս հայ համայնքներ, օրինակ՝ Համշենի, Նոր Ջուղայի, Ռոստովի հայերը:
«Մենք տպեցինք մի աշխատանք, որտեղ ապացուցեցինք, որ Արցախի հայությունը բնիկ է, երկար-երկար դարեր ապրել է այդտեղ: Երբեմն գրում են, թե Ղարաբաղի հայությունը 2000 կամ 1000 տարվա պատմություն ունի: Ոչ, Արցախի հայությունը Ղարաբաղում ունի 5000 տարվա պատմություն: Երբ հայերենն անջատվել է հնդեվրոպական ծառից, այդ ժամանակ արդեն ապրել ենք այդ տարածքում»,- ընդգծում է կենսաբանական գիտությունների դոկտորն ու հավելում, որ այդ մասին բազմիցս խոսել են, բայց այժմ հույս չունեն, որ գիտականորեն ստացված արդյունքները կներառվեն դպրոցական դասագրքերում:
Պեղումներ Քարին Տակի քարանձավում
Ամերիկյան հեղինակավոր հանդեսում՝ The American Journal of Human Genetics-ում (AJHG), հոդված են հրապարակել շատ կարեւոր արդյունքի մասին: Ըստ այդմ՝ հայերը մեր տարածաշրջանում եկվորներ չեն, ինչի մասին տարատեսակ պնդումներ են արվում թե՛ որոշ հայագիտական, թե՛ հատկապես հակահայկական շրջանակներում: Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչը շեշտում է՝ հայագիտության մեջ տարածված այն վարկածը, թե իբր հայերը բալկանյան ծագում ունեն, հիմնովին հերքվել է: Եպիսկոպոսյանն ասում է՝ պատկերացնու՞մ ենք, թե ինչ կլիներ, եթե նման մի արդյունք արձանագրվեր արեւելյան հարեւանների մոտ: Պատասխանը հստակ է՝ առանց վարանելու միանգամից կներառեին դասագրքերում: Իսկ մեզանում խնդիրն այն է, որ չկա պետական ծրագիր՝ գիտական կարեւորագույն արդյունքները քարոզելու համար:
«Մեր իսկությունը, որը պարզ է, չենք ուզում ցույց տալ»
Լեւոն Եպիսկոպոսյանն ասում է՝ լեռնային ժողովուրդը սովորաբար կայուն է: Ինչո՞ւ, որովհետեւ երբ տարբեր զավթիչներ են մտել, նրանք բարձրացել են սարերը: Սյունիքում էլ է այդպես եղել: Եթե գյուղը հովտում է, տեղացիները կասեն, որ վերեւում էլ փլատակներ կան:
Լեռնային ժողովուրդը կարողացել է պահպանել իր գենետիկական, էթնիկական ինքնությունը, մաքրությունը: Սա փաստել է նաեւ Եպիսկոպոսյանի հետազոտական աշխատանքը: Արցախի տարբեր վայրերից 200 հոգուց նմուշ էին վերցրել, արդյունքը ցույց էր տվել, որ բոլորի տատերն ու պապերը Ղարաբաղից են եղել, Սյունիքում էլ 300 հոգուց էին նմուշ վերցրել, պատկերը փոքր-ինչ տարբեր էր՝ արմատներով տեղացի է եղել 85 տոկոսը:
«Ընդհանուր առմամբ 6 հազար տարվա կայունություն եւ շարունակականություն ունենք: Դա գրել ենք բարձր կարգի հոդվածում: Վատն այն է, որ այս տվյալները չեն օգտագործվում բանակցությունների ժամանակ: Նույն մեր հարեւանն ամեն ինչ վերագրում է իրեն: Խանքենդին, որ Խանաշեն է եղել ժամանակին, վերցրել թարգմանել են, Գետաշենը Չայքենդ են թարգմանել եւ այսպես շարունակ: Իսկ մեր իսկությունը, որը պարզ է, չենք ուզում ցույց տալ, եւ երբեմն ոմանք նաեւ համարում են, թե մենք իրենց խանգարում ենք: Մենք էսպիսի մոտեցմամբ (ոչ թե հակաքարոզչությամբ, այլ քարոզչության բացակայության պայմաններում), իհարկե, ապագայում ոչ մի հաղթանակ չենք ունենա»,- ասում է պրոֆեսոր Եպիսկոպոսյանը:
Մեր կենսաբանական նախնիներն Արցախում ապրել են 10 հազար տարի առաջ
«Հետքի» զրուցակիցը պատմում է, որ երբ 2000-ականներին պեղումների համար ընտրեցին Ազոխի քարանձավը, կասկած չունեին, որ աշխատանքը շատ արդյունավետ է լինելու:
2012 թ. հոդված են հրատարակել, որտեղ ապացուցել են, որ Արցախի գենոֆոնդը (խոսքը հայերի մասին չէ), այսինքն՝ մեր կենսաբանական նախնիներն այնտեղ ապրել են մոտ 10 հազար տարի առաջ: Լեւոն Եպիսկոպոսյանն ասում է՝ եթե ավելի խորը պեղեին, գուցե ավելի վաղ շերտեր գտնեին:
Պեղումներ Քարին Տակի քարանձավում
«Հայերի նախնիներն այնտեղ ապրել են, եւ կարծում եմ, որ նրանք նաեւ խոսել են հայերեն, քանի որ չունենք գենետիկական տարբերություններ: Հայության տարբեր հատվածներն իրար նման են: Եթե նրանք երկար ժամանակ մեկուսացած լինեին, գենետիկորեն կտարբերվեին: Այսինքն՝ դա վկայում է մեր ընդհանուր նախնիների մասին»,- նշում է գիտնականը:
Քարին Տակի քարանձավը ժամանակակից մարդու քարանձավ է
Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչն ասում է, որ հնագիտական վայրերում գենետիկական հետազոտության նպատակը ոսկորներում առկա օրգանական նյութ գտնելն ու ուսումնասիրելն է: Ընդ որում՝ եթե նպաստավոր պայմաններ լինեն, օրգանական նյութը ոսկորներում կարող է պահպանվել նույնիսկ մի միլիոն տարի: Օրինակ՝ արեւի ուղիղ ճառագայթների տակ օրգանական նյութը կամ ԴՆԹ-ն չորանում է ու մի քանի հարյուր տարի անց պիտանիությունը կորցնում է, իսկ եթե վայրը խոնավ է, ապա օրգանական նյութը կարող է երկար պահպանվել:
Այդպես է եղել, մասնավորապես, Շուշիի Քարին Տակ գյուղի քարանձավում, որտեղից 40-45 հազար տարվա օրգանական նյութ են հանել: Գիտնականը նշում է, որ ի տարբերություն Ազոխի՝ Քարին Տակի քարանձավը փակ էր, ջրի հոսք չկար: Այնինչ Ազոխի քարանձավի առաստաղը տարբեր գործոնների ազդեցությամբ փլվել էր, ու տեղումների ժամանակ ջուրը ներսում հոսում էր: Իսկ ջուրը ԴՆԹ-ի առաջին քայքայիչն է:
Պեղումներ Քարին Տակի քարանձավում
Լեւոն Եպիսկոպոսյանը պատմում է, որ 2011 թ. մի նոր սերունդ եկավ գիտություն, որն ավելի կիրթ էր եւ ուզում էր օգնել գիտության զարգացմանը: Սկսեցին որոնել Ազոխից բացի այլ քարանձավներ, որպեսզի նաեւ գիտականորեն հաստատվեր, որ միայն Ազոխը չի եղել մարդու ապրելավայր: Մեկշաբաթյա ծանր աշխատանքից հետո մի քանի նոր քարանձավներ էին հայտնաբերել, որտեղ պիտի աշխատեին:
Գիտնականն ասում է, որ Ազոխի քարանձավը ժամանակակից մարդու ապրելու վայր չէ, քանի որ ժամանակակից մարդը (Homo sapiens) մեր տարածք մտել է մոտ 50-60 հազար տարի առաջ, այսինքն՝ Ազոխում նեանդերթալյան (Homo neanderthalensis), հայդելբերգյան (Homo heidelbergensis) մարդն է ապրել: «Իսկ մեզ նաեւ հետաքրքրում էր, թե ժամանակակից մարդն ինչպես է զարգացել եւ ապրել: Դրա համար փորձեցինք ԴՆԹ-ի պահպանվածության մակարդակը Քարին Տակում, տեսանք, որ շատ լավ էր պահպանվել: Որոշեցինք Քարին Տակում աշխատել»,- նկատում է կենսաբանը:
Պեղումներ Քարին Տակի քարանձավում
Եթե օրգանական նյութը լրիվ դուրս է մղվում, ապա սպիտակուց չի լինում, հետեւաբար ԴՆԹ էլ չկա: Հետազոտական աշխատանքը կատարվում է այդ օրգանական նյութի հիման վրա:
Պրոֆեսոր Եպիսկոպոսյանն ասում է, որ Քարին Տակի քարանձավում օրգանական նյութը շատ լավ էր պահպանված: Դա պայմանավորված էր նաեւ քարանձավի կլիմայով, որը կայուն էր: Այնտեղ ձմռանը +8, իսկ ամռանը՝ +12 աստիճան է լինում, ինչը նշանակում է, որ նպաստավոր պայմաններ են եղել ԴՆԹ-ի պահպանման համար:
Բացի դրանից՝ այդ քարանձավում բացարձակ մթություն էր, ինչը եւս կարեւոր է: Քարանձավում հայտնաբերված մարդու ատամից կարողացել էին ԴՆԹ անջատել: Պարզվել էր, որ ատամը մոտ 8 հազար տարվա է, այսինքն՝ պատկանում է ժամանակակից մարդու: Ընդ որում՝ դրա գենետիկական կառուցվածքը չէր տարբերվում ժամանակակից հայերից: Այս մասին պատմող հոդվածը լույս է տեսել 2017 թ. միջազգային հեղինակավոր հանդեսում: Դրանում հիմնավորվել էր նաեւ, որ հայերի մայրական գենոֆոնդը, այսինքն՝ այն, ինչ ժառանգվում է կանանց միջոցով, առնվազն 8 հազար տարվա անընդհատություն ունի:
Պեղումներ Քարին Տակի քարանձավում
Ազոխից հայտնաբերված նյութի 99 տոկոսը մնացել է Ազոխում, իսկ Քարին Տակի նյութը բերել են Հայաստան: 2024 թ. միջազգային հանդեսում նոր հոդված են տպագրել Քարին Տակի քարանձավում կատարած հետազոտությունների մասին: Լեւոն Եպիսկոպոսյանն ասում է՝ մտածում էին, որ Ադրբեջանը կարող է խոչընդոտել հոդվածի հրապարակմանը, սակայն այն լույս է տեսել: Այս հոդվածը եւս մեկ անգամ վկայում է Քարին Տակի քարանձավի հարուստ կենսաբազմազանության եւ կարեւորության մասին։
Քարին Տակի քարանձավի պեղումների լուսանկարները տրամադրել է Լեւոն Եպիսկոպոսյանը
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել