
Խուռհատի գործով դատարանը հրապարակեց զինծառայողի վիրավորման և պարտականությունների մասին ԳՇ պատասխանը
Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի շուրջ 3 տարի տևած գործը մոտենում է ավարտին։ Այս գործը հայտնի է նաև «Խուռհատ սարի» գործ անվամբ, քանի որ դեպքերը տեղի են ունեցել հենց այդ սարի վրա։
Դատարանն այս տարիների ընթացքում հարցաքաննել է 14 տուժողի և տուժողի 15 իրավահաջորդի, 40 վկայի, լսել է նաև ամբաստանյալ Իշխան Վահանյանին, որն իրեն մեղավոր չի համարում։
Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը մեղադրվում է ուսումնական գումարտակի նորակոչիկներին մարտի դաշտում միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։
Ըստ վկայությունների՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդը հարձակվել է, Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։
Գումարտակի մեծ մասը նահանջել է և, չիմանալով հակառակորդի տեղակայման մասին, գնացել դեպի Հադրութ, որի հետևանքով զինծառայողների մի մասը զոհվել կամ գերեվարվել է։
Դատավոր Ջոն Հայրապետյանը նախորդ դատական նիստի ժամանակ հայտնել էր, որ Գլխավոր շտաբ հարցումներ է ուղարկել։ Այսօր նա ընթերցեց ստացած պատասխանը, որի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ խաղաղ և պատերազմական ժամանակաշրջանի գործունեությունը կանոնակարգող կանոնադրություններով, կանոնագրքերով, հրամաններով, կարգադրություններով, հրահանգներով սահմանված չէ զինծառայողի ստացած վնասվածքի և մարտական գործողությունը շարունակելու համատեղելիության կարգը:
«ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրք» ՀՀ օրենքի հոդված 20-ի համաձայն՝ մարտական գործողությունների ընթացքում նույնիսկ իր զորամասից, ստորաբաժանումից կտրված և լրիվ շրջափակման մեջ լինելիս զինծառայողը պարտավոր է դիմադրություն ցույց տալ հակառակորդին, խուսափել գերեվարվելուց, նա պարտավոր է մարտում մինչև վերջ կատարել իր զինվորական պարտքը:
«Համաձայն 2015թ. հոկտեմբերի 12-ի ԳՇ պետի դիրեկտիվի՝ գումարտակների հրամանատարներին տրվում է բժշկական ապահովման կարգադրություն, որի մեջ նշվում են, ըստ էության, հակառակորդի գործողության վերաբերյալ համառոտ տեղեկություններ»,- հայտնեց դատավոր Ջոն Հայրապետյանը։
Ըստ Գլխավոր շտաբի տրամադրած պատասխանի՝ առաջին օգնությունը ցուցաբերվում է անմիջապես մարտադաշտում՝ խոցման օջախում, ինքնաօգնության և փոխօգնության մեթոդով կամ բժշկական ստորաբաժանումների անձնակազմով։
«Գումարտակի բժշկական կետում ցուցաբերվում է նախաբժշկական օգնություն։ Վիրավորներին ժամանակին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար պետք է նրանց ավագ պետի բժշկական ստորաբաժանումը տարհանել վիրավորման, հիվանդանալու պահից ամենաուշը 4-5 ժամ հետո։ Վիրավորների և հիվանդների տարհանումը, որպես կանոն, կատարվում է հաստիքային և տրված սանիտարական փոխադրամիջոցներով, ինչպես նաև՝ ընդհանուր նշանակության տրանսպորտով։ Անհրաժեշտության դեպքում վիրավորների, հիվանդների տարհանման համար հրամանատարի կարգադրությամբ հատկացվում է ստորաբաժանումների անձնակազմից։ Գումարտակից, վաշտից վիրավորներին, հիվանդներին տարհանելը կազմակերպելու համար պատասխանատու է վերադաս պետը։
Դատավոր Ջոն Հայրապետյանը հայտնեց՝ պատասխանը կտրամադրվի կողմերին։ Բացի այս պատասխանից միայն նախագահող դատավորին է տրամադրվել նաև մարտական կանոնադրության 2-րդ մասը։
Ամբաստանյալ Իշխան Վահանյանն իր ցուցմունքներում հայտնել է, որ երկու անգամ է վիրավորվել. առաջինը՝ սեպտեմբերի 29-ին հրամանատարական դիտակետում, երկրորդ անգամ՝ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարի վրա։ Երկու դեպքում էլ, ըստ Վահանյանի, բեկորային վիրավորում է ստացել։
Իշխան Վահանյանն իր ցուցմունքներից մեկում հայտնել է, որ ինքն ամենավերջին վիրավորն է եղել, որը դուրս է եկել։ Ըստ նրա՝ հեռանալուց առաջ պատշաճ կերպով հրամանատարությանը փոխանցել է վիրավորման մասին, բացի այդ հրամանատարությունն ու կապի միջոցը փոխանցել է վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին։ Սակայն, ըստ տասնյակ ցուցմունքների՝ Խուռհատ սարի վրա հոկտեմբերի 10-ին հրետակոծություն չի եղել, և Վահանյանն ինքն իր ոտքով է իջել սարից։
Ըստ Վահանյանի՝ երբ ինքը վիրավոր է եղել, Մոնթե անունով զինծառայողի հետ է իջել սարից։ Սակայն, Մոնթեն դատարանում ցուցմունք է տվել, ըստ որի՝ Վահանյանն իրենց հետ չի եղել, և վիրավորման, դուրս գալու, շտապօգնության մեքենա կանչելու, հոսպիտալ տեղափոխվելու մասին ամբողջը ներկայացնում է իր պատմածը, որը ինքն ասել է հոսպիտալում։
Վահանյանի կարծիքով՝ իր նախկին զինծվորը նման ցուցմունք է տվել, քանի որ ճնշումներ են գործադրել։
Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 21-ին։
Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը
Մեկնաբանել