HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում պատասխանել է իրեն ուղղված հարցերին

Ապրիլի 4-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։ Նիստին շարունակվել է հայ գերիների հարցաքննությունը։

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:

Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ ​​մեղադրանքը պաշտպանող դատախազները հարցեր են ուղղել Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նա պատմել է, որ արցախյան առաջին պատերազմում իր մասնակցությունը սկսվել է Շուշիի առանձին գումարտակին միանալով, որը կոչվել է նաև Դաշնակցության գումարտակ։

Դավիթ Մանուկյանն ասել է, որ հետագայում եղել է Շուշիի գումարտակի դասակի հրամանատար, դիվիզիոնի հրամանատար, շտաբի պետ։

Պատասխանելով դատախազ Վուսալ Աբդուլլաևի հարցերին՝ նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը նրան ուղարկել է սովորելու Ռուսաստանի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա և ծառայել է Արցախում։

Նա պատմել է, որ Արցախում ծառայող մի շարք սպաների ռազմական պատրաստության են ուղարկել որոշ երկրներ․ «Զինվորական անձնակազմը վերապատրաստման է ուղարկվել Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա և Հունաստան։ Դա արվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։ Մինչ զինվորականները սովորում էին օտար երկրներում, նրանց աշխատավարձերը վճարում էր ՀՀ պաշտպանության նախարարությունը»,- ասել է Դավիթ Մանուկյանը։

Նա նշել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով ստացել է գեներալ-մայորի կոչում և ընդգծել. «Այդ կոչումն ինձ շնորհել է նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում 2020 թվականի հունվարի 28-ին՝ Հայաստանի զինված ուժերի օրը»։ Դավիթ Մանուկյանն ասել է, որ այնուհետև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ: Նա ասել է, որ այդ պաշտոնում եղել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ և հրահանգներ է ստացել Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանից։

Դավիթ Մանուկյանը հայտարարել է, որ Արցախում գտնվող շտաբի ստորին հարկում պահեստային հրամանատարական կետ է եղել, որի նպատակն է եղել այն, որ հրամանատարական կետի ոչնչացման դեպքում դա ժամանակավորապես ստանձներ շտաբի պարտականությունները։ Նա նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո կրճատումներ են կատարվել Արցախի բանակում, սակայն չի հստակեցրել, թե ինչու։

Դավիթ Մանուկյանն ասել է, որ Արցախի պաշտպանության նախարարը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կողմից՝ նշելով, որ Արցախի նախագահը պաշտպանության նախարար նշանակելու լիազորություն չի ունեցել։ Նա ասել է նաև, որ Հայաստանը բարձր զինվորական կոչումներ է շնորհել Արցախի բանակում ծառայող սպաներին։ Դավիթ Մանուկյանը հայտնել է, որ Արցախը հեռահար բալիստիկ հրթիռներ չի ունեցել։

Նա նշել է նաև, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ինքը տեղյակ չի եղել առաջնագծից հեռու Ադրբեջանի տարածքների ենթադրյալ հրթիռակոծությունների մասին։ Դ.Մանուկյանի խոսքով՝ Արցախում զորավարժությունների հետ կապված ցուցումներ ու ծրագրեր եղել են Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբից։

Դավիթ Մանուկյանը խոսել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին։ Նա նշել է, որ Ռուբեն Վարդանյանը գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ իր մեքենայով Արցախից հեռանալու ժամանակ։ «Հինգ հոգով էինք, զրուցում էինք, Վարդանյանն էլ էր, հարցրի, թե ի՞նչ ես անելու, ուսերը թոթվեց, հարցրեց՝ մեքենայի մեջ տեղ կա՞, ասացի, որ հարևանուհին էլ է ուզում գալ մեզ հետ, զանգեցի կնոջս ու հարցրի՝ հաստա՞տ է, որ հարևանը գալիս է։ Նա ասաց, որ իր որդին մեքենա է գտել: Ռուբեն Վարդանյանին ասացի, որ մեքենայի մեջ տեղ կա։ Հետո մեզ բերման ենթարկեցին Լաչինի անցակետում»,- հավելել է նա։

Այնուհետեւ ուսումնասիրվել են գործում առկա փաստաթղթերը։ Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է ապրիլի 7-ին, որի ընթացքում կշարունակեն հարցեր ուղղել հայ գերիներին։

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալները 15-ն են` Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և ևս 8 գերիներ՝ Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան։ 

15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 ( խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն)), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական ​​կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվում է առանձին վարույթով:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին և Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։

Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter