HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմում որդուն կորցրած բազմազավակ մայրը մի ցանկություն ունի՝ պատերազմ չլինի

Մարինեն սեղանին դրված կարտոֆիլի կեսն արդեն մաքրել է: Մատները հողոտվել են: 4 կգ կարտոֆիլը պետք է մաքրի, տապակի, որ երեխաները դասերից գան, միասին նստեն ճաշելու:

Մարինե Գրիգորյանն Արցախից է: Ծնվել, մեծացել է Ստեփանակերտում: 8 երեխաների մայր է: Որպես բազմազավակ ընտանիք՝ Արցախի կառավարությունից բնակարան էին նվեր ստացել: 2023 թ. սեպտեմբերին իրենց «Ֆորդ» մեքենայով անցել են Արցախից բռնագաղթի ճանապարհը: Ստեփանակերտում թողել է ամենաթանկը՝ որդու՝ 19-ամյա Ալեքս Պողոսյանի շիրիմը: Վերջինս 44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր: Զոհվել է պատերազմի երկրորդ օրը գլխի շրջանում ստացած ծանր վիրավորումից:

-5 ժամ ա տեմ կացալ,- ասում է Ալեքսի եղբայրը՝ Վիտալիկը:

-Վիտո, մին վիդեոն պեր նըհաշ տոր,- Մարինեն շրջվում է վառարանի մոտ նստած որդուն՝ Վիտալիկին, ու խնդրում Ալեքսի զոհվելու մասին պատմող տեսանյութը մեզ ցույց տալ:

Վիտալիկն արագ գտնում է այն:

Դիտելուց հետո բոլորս լռում ենք: Մարինեի աչքերը լցվում են, ու թվում է՝ պատերազմի փոշուց է դա: Նա կարտոֆիլի կեղեւն արագ մանրացնում է՝ կարծես, այդ պահին չգիտակցելով, թե ինչ է անում: 

Երբ խնդրում եմ երեխաների անունները թվարկել, չի կարողանում խոսել: Արագ դուրս է գալիս բացօթյա պատշգամբ ու նորից ներս մտնում: Քիչ հետո ներողություն է խնդրում ու շարունակում զրույցը:

Մարինեի ավագ դուստրը՝ 26-ամյա Ասպրամը, հարեւան սենյակում է: Նա առաջին խմբի հաշմանդամություն ունի: Ծնվելուց հետո ծնողներն իմացել են ախտորոշումը՝ մանկական ուղեղային կաթված: Ասպրամը հիմնականում լեգոներով ու տիկնիկներով է խաղում:

Տան նախասրահի բազմոցին գանգուր մազերով պառկածը Ռուսլանն է: Նա 12 տարեկան է: Ծնվելուց 6 ամիս հետո երեխան վատացել էր, հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ էլ իմացել էին ախտորոշումը՝ էպիլեպսիկ մանկական ուղեղային կաթված: Մայրն ասում է, որ Ռուսլանն ու Ռենան զույգ են: Սկզբում տղան է ծնվել, որի մարմինը կապտած է եղել: Ավելի ուշ բժիշկներից մեկը Մարինեին ասել է, որ եթե երեխային ժամանակին թթվածին տային, վիճակն այդքան չէր սրվի:

Մայրը բարձրացնում է վերմակը, որտեղ ընդամենը 7 կիլոգրամ քաշով Ռուսլանն է: Երեխան չի տեսնում, չի խոսում: Նրան չեն տեղաշարժում, քանի որ, Մարինեի ասելով, ոսկորները շատ փխրուն են: Նշանակված դեղը գնում են, որդին ամեն ամիս խմում է: «Ռուսլանն իմ սիրտն է: Ինչքան կապրի, կապրի»,- սա ասելուց հետո Մարինեի աչքերը դարձյալ թացանում են, ձայնը նվաղում է:

Արցախից բռնի տեղահանվելուց հետո, երբ դեռ ապրելու մշտական տեղ չունեին, նրան առաջարկել էին Ասպրամին ու Ռուսլանին ժամանակավորապես հիվանդանոց տեղափոխել, բայց Մարինեն հրաժարվել է: «Ես չեմ կարող գլուխս դնեմ բարձին, հանգիստ քնեմ: Իմ երեխան ինչքան կապրի, կապրի, բայց ինձ մոտ կլինի»,- ասում է նա:

Նկատում է՝ երբեմն իրեն ասում են, թե իր պես ծնող չեն տեսել, բայց ինքն իր ծնողական պարտականությունն է անում:

Մեր զրույցի պահին Մարինեի ամուսինը տնից դուրս եկավ: Նա դեռ աշխատանք չունի:

2023 թ. նոյեմբերից ընտանիքն ապրում է Արարատի մարզի Արարատ գյուղում վարձակալած տանը: Ամսական 100 հազար դրամ վարձ են տալիս:

Այս պահին ընտանիքը ստանում է զոհված որդու՝ Ալեքսի համար տրվող ամսական 100 հազար դրամը, Ասպրամի եւ Ռուսլանի հաշմանդամության համար հատկացվող 38-հազարական դրամներն ու արցախցիներին տրվող 50-հազարականները:

Արցախում բազմազավակ ընտանիքը 85 հազար դրամ ընտանեկան նպաստ էր ստանում: Այդ գումարը գաղթից հետո չեն ստանում: Մարինեն ասում է՝ պատճառն այն է, որ մեքենա ունեն:

Սեղանին դրված կարտոֆիլի մի մասը դեռ մնացել է չմաքրված: Շուտով տուն են գալու երեք դպրոցականներն ու երկու ավագ դուստրերը, որոնք դիմահարդարում են սովորում:

-Ո՞նց եք հասցնում,- հարցնում եմ Մարինեին:

-Աստված ինձ ուժ է տալիս:

Իր ներսի ցավը 49-ամյա այս կինն անտեսանելի է դարձնում բոլորի, թվում է, թե նույնիսկ իր համար: Ասում է՝ առողջական խնդիրներ չունի, հետո նշում է, որ լեղապարկում քար ունի, վիրահատություն է անհրաժեշտ, բայց Ռուսլանին չի կարող մենակ թողնել, գնալ: Նախադասությունն ավարտելուց հետո դարձյալ ժպտում է:

Սենյակում ու բակում նրա բույսերն են: Նկատում է, որ ծաղիկներն իր հոբբին են, դրանցից ջերմություն է ստանում:

Երբ բակ ենք իջնում, Մարինեն ցույց է տալիս նաեւ աղավնիները, որոնց շատ է սիրում: Վախենում է, թե կթռչեն, կհեռանան, դրա համար էլ թռչնանոցի դուռը փակ է պահում:

Երբ խոսում ենք դժվարություններից, ասում է՝ դժգոհել չի ուզում, միայն մի ցանկություն ունի՝ պատերազմ չլինի:

Լուսանկարները՝ Գայանե Հովսեփյանի

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter