HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Բաքվի դատարանում Դավիթ Բաբայանը հայտնել է, որ հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու հեռանկար չի տեսնում

Ապրիլի 7-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։ Նիստին շարունակվել է հայ գերիների հարցաքննությունը։

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:

Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ դատախազները հարցեր են ուղղել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Նա նշել է, որ տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Արցախում՝ այդ թվում՝ նախագահի խորհրդական, արտաքին գործերի նախարար։ Եվ լինելով Արցախի ԱԳ նախարարը՝ որպես ՀՀ քաղաքացի այցեր է կատարել արտերկիր և հայկական անձնագիր է օգտագործել արտասահմանյան ուղևորությունների համար, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղյակ է եղել այդ ուղևորությունների մասին։

Հարց է հնչել, թե Արցախի Հանրապետությունն արտասահմանում ներկայացուցչություններ ունի՞, Դավիթ Բաբայանը պատասխանել է. «Մենք ներկայացուցչություններ ունեինք այն երկրներում, որտեղ մեծ հայկական սփյուռք կա»։

Ըստ ադրբջանական «Ազերթաջ» լրատվական գործակալության՝ Դավիթ Բաբայանը դեմ է արտահայտվել հայ բնակչության ինտեգրմանը ադրբեջանցիներին։ Դատարանում հնչել է Դավիթ Բաբայանի նախկինում տված հարցազրույցից հատված, որտեղ վերջինս նշել է, որ դեմ է Արցախի հայ բնակչության ինտեգրմանը ադրբեջանցիներին և անհնար է համարում հայերի և ադրբեջանցիների համատեղ կյանքը։

Պատասխանելով այս հարցազրույցում իր հայտարարությունների վերաբերյալ պետական ​​դատախազի հարցերին՝ ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ Դ. Բաբայանը կրևկին ասել է, որ հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու հեռանկար չի տեսնում՝ անհնարին համարելով ինտեգրումը։ Նա նաև ընդգծել, է որ ինտեգրմանը դեմ են արտահայտվել նաև Արցախի մյուս պաշտոնյաները, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը և այլք։

Դավիթ Բաբայանն ասել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ճանաչում է 2007-2008թթ.-ից, հետագայում նրանց միջև ձևավորվել են գործնական հարաբերություններ, և Վարդանյանին բնութագրել է որպես հայկական սփյուռքի առանցքային ներկայացուցիչներից մեկը։

Նա ասել է նաև, որ Արցախի պետական կառույցների կայքերը գրանցված են եղել Հայաստանի դոմենային գոտում:

Այնուհետեւ պետական ​​մեղադրող Տարանա Մամեդովան հարցեր է ուղղել հայ գերիներից Մադաթ Բաբայանին։ Վերջինս ասել է, որ 1990-ականներին ծառայել է Աղդամի շրջանում։ Ըստ ադրբեջանական «Ազերթաջ» լրատվականի՝ նաև Մադաթ Բաբայանը իբրև հայտնել է, թե գերեվարվելու պահին զենք է ունեցել։ Հարցաքննել են նաև գերիներից Գարիկ Մարտիրոսյանին։ Նա պատմել է, որ 1993թ.-ին միացել է հայկական բանակին, մասնակցել է Ասկերանի շրջանի մարտերին, մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին։

Դատական ​​հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 10-ին, որի ժամանակ կշարունակվի հայ գերիների հարցաքննությունը։

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալները 15-ն են` Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և ևս 8 գերիներ՝ Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան։ 

15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 ( խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն)), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական ​​կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվում է առանձին վարույթով:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին և Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։

Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter